Ձկնորսները այլ ճանապարհներով մտնում են լիճ, իրականացնում են որս և տարբեր ճանապարհներով ձուկը հասցնում են Երևան. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խոսեցին Սևանա լճում որսի արգելքի նպատակների, վերահսկողության ընթացքի և իրականացվող միջոցառումների մասին:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով
Սևանա լճում 2016 թվականի դեկտեմբերի 1-25-ը և 2017 թվականի հունվարի 6-25-ը արգելվել
է ձկան և խեցգետնի որսը՝ պայմանավորված ձվադրման շրջանի հետ: Չնայած դրան,
Սևանա լճում ձկնորսությունը չի դադարել. «Բնականաբար, Սևանա լիճը մեծ է իր տարածքով
և ձկնորսների որոշ մաս կա, որոնց գիտակցությանը չի հասնում և իրենք չեն լսում մեր խորհուրդները,
խնդրանքները, այլ ճանապարհներով մտնում են լիճ, իրականացնում են որս և տարբեր ճանապարհներով
ձուկը հասցնում են Երևան»,- ասաց Իգոր Սարգսյանը:
14 օրվա ընթացքում արդեն հարուցվել
է 4 քրեական գործ՝ 7 անձի նկատմամբ: Դեպքերն ավելի շատ կարող էին լինել, սակայն, երբ
ձկնորսները հասկանում են, որ կբռնվեն, թողնում են որսն ու փախչում, նրանք իհարկե չեն
պատժվում, բայց ձուկն այլևս հետ վերադարձնել լիճ անհնար է ու վնասը նույնն է»,- ասաց
Իգոր Սարգսյանը: