Իրանի նախագահի այցը կարևոր է, սակայն ուշացած. Տեսանյութ

Բանախոսի
դիտարկմամբ՝ այնուամենայնիվ պետք է փաստել, որ այս 25 տարիներին Հայաստան-Իրան հարաբերությունները բավական դինամիկ զարգացում են ունեցել, թե տնտեսական, թե քաղաքական, թե գիտամշակութային
ոլորտներում, որտեղ մեծ ներդրում են ունեցել Իրանում ՀՀ դեսպանները:
Նա հույս հայտնեց, որ նախագահների հանդիպման
ժամանակ, կբարձրացվեն և կքննարկվեն որոշ հարցեր,
որոնք լուծում պետք է ստանան. «Առաջին հերթին երրորդ բարձրաոլտ էլեկտրահաղորդման գծերի աշխատանքի սկիզբը կցուցադրվի,
որը շատ կարևոր գործ է: Հաջորդը Արաքս
գետի վրա կառուցվող Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծն է՝ դեռ 2013 թվականին հիմնարկեքն արվել է, փասթաթղթային դաշտը իրականացված է՝
և Իրանի Մեջլիսը, և ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել են, որ այս գործընթացը պետք է իրականացվի,
սակայն մինչ օրս շինարարություն չի կատարվել: Իրանական կողմի հավաստմամբ՝ միայն ֆինանսական խնդիրների պատճառով է, որ շինարարությունը չի սկսվել: Կարծում եմ՝ այս հարցը նախագահների մակարդակով կդրվի քննարկման: Մյուս կարևոր հարցը Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների մեծացումն է: Ապրանքները դժվարությամբ են մտնում Իրան, քանի որ վերջինս իր շուկայի հանդեպ հովանավորչական քաղաքականություն է վարում: Իրանը պետք է բացվի աշխարհի առաջ և թույլ տա, որ հարևան երկրներն առևտրաշրջանառություն իրականացնեն: Այնպես չի, որ Իրանը թույլ չի տալիս հայկական ապրանքը մտցնել սեփական շուկա, բայց հարկերն այնքան շատ են, որ ապրանքը դադարում է մրցունակ լինելուց», ասաց Գոհար Իսկանդարյանը:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանն
ու Արցախի խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը Գոհար Իսկանդարյանը նկատեց. «Կասկածում եմ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին վաղը կտեսնենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հայոց ցեղասպանության ժամանակ Իրանը թուրքական զորքին թույլ չի տվել հայ գաղթականներին կոտորել իր տարածքում: Երբ հարց ենք բարձրացնում, թե ինչու Իրանը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, վերջինս փաստում է՝ մենք ձեզ օգնել ենք, բայց չենք ուզում, որ դա լուրջ խնդիր դառնա Թուրքիայի և մեր միջև: Իրանն ամեն կերպ օգնել է հայությանը և կօգնի, բայց պետք չէ կարծել, որ իր պետական շահը կստորադասի գաղափարներին: Ինչ վերաբերվում է Արցախի հարցին՝ կրկին լսում ենք, որ Իրանը պատրաստ է միջնորդական առաքելությամբ հանդես գալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Եթե Իրանին դա թույլ տանք, հաջորդը Թուրքիան է լինելու, ինչը մեզ ձեռնտու չէ: Ինչ վերաբերվում է նրան, որ Իրանը հայտարարում է, թե
պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ բավական է Իրանը հայտարարի, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է իր համար, հաջորդ օրը Իրանի քրդերը, ազերիները ոտքի կկանգնեն՝ կրկին պետական շահի խնդիր է»: