Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի
Հայաստանի կառավարությունը պետք է ուշի ուշով հետեւի Իրանում կորոնավիրուստի տարածման հետ կապված իրավիճակին եւ օպերատիվ կերպով համապատասխան քայլեր իրականացնի։
Նման կարծիք է հայտնել իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով հարեւան Իրանում կորոնավիրուսի խնդրին։
Իրանագետը շեշտեց, որ Իրանի իշխանությունները արդեն պաշտոնապես հայտարարել են կորոնավիրուսի տարածման մասին։ Գոհար Իսկանդարյանի խոսքով, սակայն, տարածում ասելով նկատի ունենք ոչ թե հիվանդացության դեպքերը, այլ այն փաստը, որ դրանք հայտնաբերվել են նաեւ Իրանի տարբեր քաղաքներում՝ Գիլյանում, Թեհրանում, Ղոմում։
Գոհար Իսկանդարյանը տեղեկացրեց, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսից մահացության 5 դեպքի մասին, ինչը փաստում է, որ խնդիրն այնտեղ առկա է։
«Իրանը Հայաստանի սահմանակից երկիր է եւ բավական շարժ կա՝ թե հայ զբոսաշրջիկներն են մեկնում Իրան, թե իրանցի զբոսաշրջիկներն են ժամանում Հայաստան, բայց այդ ալիքը մեծանում է հատկապես մարտի 21-ից՝ Նովրուզի շրջանում»,-շեշտում է Գոհար Իսկանդարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իրանցի զբոսաշրջիկները միայն Հայաստան չեն գալիս, նրանք այցելում են տարածաշրջանի բոլոր երկրներ, իսկ սա, Գոհար Իսկանդարյանի խոսքով մտահոգիչ է այն առումով, որ հիվանդության մասշտաբային տարածման ռիսկեր են առաջանում։
«Նույն քաղաքացին գալիս է Հայաստան, 2 օր մնում է մեր երկրում, այնուհետեւ մեկնում է Վրաստան։ Սա վիրուսի տարածման եւ տարածաշրջանային լուրջ խնդիրների առաջացման համար հնարավորություն կստեղծի։ Իհարկե, Իրանի իշխանությունները փորձում են կանխարգելող միջոցառումներ իրականացնել եւ ԱՀԿ-ն էլ աջակցում է նրանց, սակայն կարծես թե իրավիճակը բարդանում է, որովհետեւ հիվանդությունը մի քանի քաղաքներում է տարածվել»։
Կորոնավիրուսի առանձնահատկությունն այն է, որ տարածվում է հենց ինկուբացիոն շրջանում, երբ հիվանդության ախտանիշերը մարդու մոտ դեռ առկա չեն։
Այս տեսանկյունից, Գոհար Իսկանդարյանը կարեւորում է սահմանային հսկողության միջոցառումների իրականացումը։
Ւրանում Հայաստանի դեսպանությունը փորձում է տեղեկություններ հավաքել ԻԻՀ-ում Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ՝ հորդորելով ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանատան հետ։ Այդ տեղեկատվությունը, իրանագետի խոսքով, պետք է վերլուծվի եւ որոշակի միջոցառումներից հետո այդ մարդկանց մուտքը ՀՀ թույլատրվի։
«Ունենք տեղեկատվություն, որ սահմանին՝ Մեղրիի անցակետում ուժեղացված է Իրանից Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ հսկողությունը, բայց կարծում եմ, որ այս ամենը պետք է հավելյալ միջոցառումներով համադրել։ Մենք գիտենք, որ Իրանի մեկ այլ հարեւան՝ Իրաքը 3 օրով առանց վիզայի արտոնագրի մուտքն ու ելքը արգելափակել է եւ այդ օրերին Իրանի քաղաքացիները պետք է վիզային ռեժիմով երկիր մտնեին, ինչը հավելյալ ստուգումներ է ենթադրում։ Կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն եւս պետք է դիմի նման միջոցառման, առավել եւս, որ այստեղ խոսքը առհասարակ չի գնում երկկողմ հարաբերությունների վատացման մասին, սա բացառապես կանխարգելիչ քայլ կարող է լինել, ինչը Իրանում շատ լավ կհասկանան»,-ասում է Գոհար Իսկանդարյանը։
Իրանագետն այս պահին առհասարակ հայ –իրանական սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում, բայց նշում է, որ եթե հիվանդությունը այն աստիճան մասսայական տարածում գտնի, որ նման անհրաժեշտություն առաջանա, այդ խնդիրն էլ պետք է դիտարկել։
«Պետք է ոչ թե միանգամից փակել ու հասկանալ՝ իրավիճակը գնում է դեպի դրան, այլ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, բայց ուզում եմ շեշտել, եթե անգամ հասնենք այդ խնդրին, ՀՀ իշխանությունները պետք է աշխատեն Իրանի իշխանությունների հետ՝ նշելով, որ սա զուտ հիվանդությունը լոկալիզացնելու եւ հիվանդության տարածումը կանխելու միտումներ ունի եւ որեւէ կապ չունի հայ-իրանական հարաբերությունների հետ»,-շեշտում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել։ Մահացել է վարակվածներից ևս մեկը։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իրանում 28-ի է հասել, մահվան դեպքերը 5-ն են։
Չինաստանից հետո Իրանը պաշտոնապես զբաղեցնում է երկրորդ տեղը կորոնավիրուսից մահացածների թվով: