50 միլիոն դրամ`զոհված զինծառայողների ընտանիքներին. Տեսանյութ

Ասուլիսի ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տ. Եսայի քահանա Արթենյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը, որը այս տարի կմեկնարկի հունիսի
17-ին: «Բոլորիս ուշադրության կենտրոնում այսօր մեր զինվորներն են: Արդեն երրորդ տարին է իրականացվում է այս ծրագիրը,
որի շրջանակում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի հավաքվել է 50 մլն դրամ»,-նշեց Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանն էլ նշեց, որ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիր մեկնարկել է 2014 թվականին, երկու տարիների ընթացքում 662 ընտանիքի բաշխվել է 100 մլն դրամ, այս տարի 50 մլն դրամ կբաշխվի 100 ընտանիքի: «Արդեն երրորդ տարին է, որ Արարատյան հայրապետական թեմն իրականացնում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի միջոցով փորձում ենք աջակցել իրենց առողջությունը և կյանքը հայրենիքին նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին: Աջակցություն ենք ցուցաբերել զինծառայողների ընտանիքներին, որոնք միաժամանակ ունեն երկու և ավել զինծառայողներ, զոհված զինծառայողների ընտանիքներին և 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի զինվորական հաշմանդամներին: Այս տարվա ծրագրի շրջանակներում նույնպես 50 միլիոն դրամ է նախատեսվում բաշխվել 2015 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ը հակառակորդի հետ շփման գծում գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-19-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ պաշտպանության գոտում մարտական գործողությունների և հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Օգնությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով»:
Նա ընդգծեց,
որ ի տարբերություն մյուս տարիների ծրագրերի՝ այս տարի ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում:
Մանրամասները՝ տեսանյութում