Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

07 մար 2017 12:30

Փաստաբանական պալատն անբուժելի հիվանդ է, փաստաբանները մտադիր են նոր միություն ստեղծել(տեսանյութ)

Հայացք մամուլի ակումբում փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը և Տիգրան Աթանեսյանը խոսեցին փաստաբանների պալատում նոր զարգացումների, փաստաբանների նկատմամբ հետապնդումներ մասին:
Փաստաբանների պալատին այլընտրանք է պետք, այլ կառույց պետք է ստեղծվի, որը պետք է լինի անվերահսկելի ահազանգեցին փաստաբանները: «Երբ մեկ միություն ունի, որը նաև վերահսկելի է, օրերից մեկ օր խորհուրդը կարող է որոշել, որ բոլոր այն փաստաբանները, որոնք խոսում են դատական համակարգում խնդիրների մասին, որ այդ փաստաբանները պետք է զրկվեն արտոնագրից: Երկրորդ կառույց եթե լինի, դա կլինի հակակշիռ, պետք է լինի մեկ այլ կառույց, որը չի վերահսկվում»,-ասաց Լուսինե Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ փաստաբանների պալատի խորհրդում այնպիսի մարդիկ են ընդգրկվել, որոնք կիսում են պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեսակետը, որը չի հանդուրժում այլ կարծիք բացի սեփականից, իսկ չկիսողների նկատմամբ հետապնդումներ են սկսվել.«Հետապնդումները հանգեցրեցին նրան, որ իրավապահ մարմինները թեեւ գիտեին, որ ուժեղ փաստաբանական պալատ գոյություն ունի եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, համապատասխան կառույցները իրենք սկսեցին ոտնահարել փաստաբանների իրավունքները: ՔԿՀ-ներում, որտեղ փաստաբանները չէին կարողանում առանձնատեսակցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետ, որովհետեւ համատարած խուզարկություններ սկսվեցին փաստաբանների նկատմամբ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ավելացրեց. «Ընտրվել է իշխանական ցուցակ ամբողջությամբ, ում մեջ փաստաբանների մեջ, երբ նրանք պետք է լինեն անկախ եւ մտածող մարդիկ: Շատ սխալ է, երբ իշխանական ցուցակի ամենաքիչ քվեն ստացողը ստացել է ավելի շատ՝ 150 ձայնով ավել, քան Ռուբեն Սահակյանը: Այդ 12 հոգին թող ինձանից չնեղանան, բայց բոլորը իրար հետ վերցրած եւ անգամ երկու բազմապատկես, փաստաբանության մեջ չեն հասնի Ռուբեն Սահակյանին»: Ռուբեն Սահակյանը Փաստաբանների պալատի նախկին նախագահն է, որ իր թեկնածությունը դրել էր խորհրդի ընտրության ժամանակ: Տիգրան Աթանեսյանի խոսքերով՝ միակ իշխանությունը, որ ունի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբանների նկատմամբ հարուցվող անհիմն կարգապահական վարույթներն են եւ արտոնագրից զրկելը: Առաջիկայում պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, սակայն Տիգրան Աթանեսյանը չի պատրաստվում իր թեկնածությունը դնել: Հարցին, թե ինչո՞ւ քանդել կամ մեկ այլ պալատ ստեղծել, այլ չվերացնել այս կառույցում առկա թերությունները, բրգաձեւ կառավարության մեթոդը, Տիգրան Աթանեսյանն ասաց. «Ոչ թե քանդել այս կառույցը, որն ի դեպ, արդեն քանդված է, այլ ստեղծել մեկ այլ միություն եւս: Այս հարցում, սակայն օրենքի խնդիր կա: Փաստաբանությունը Հայաստանում զարթոնք ապրեց, երբ կար 3 միություն: Իմ համոզմամբ՝ պետք ամեն ինչ անենք, որ հասնենք 1998-ի ռեֆորմին, այսինքն` ունենալ տարբեր միություններ»: Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ պետք փորձել, դիմել ՍԴ, ԱԺ, փորձել բացատրել, որ սա ճանապարհ չէ, որ փաստաբանական համայնքը զարգանա: Նույն հարցի վերաբերյալ Լուսինե Սահակյանն ասաց, որ այս ընթացքում իրենք փորձել են ամեն ինչ անել, որ տարիների ընթացքում որոշակի ձեռքբերումներով կառույցը կայանա։ Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ նոր պալատի կամ կառույցի ստեղծումն ինքնանպատակ չէ. «Ուժեղ պալատ ունենալն անհրաժեշտ է հասարակության համար, դա անհրաժեշտ է, որ լինի մի կառույց, որը կհակադրվի պետական կառույցներին, որովհետև եթե այդ կառույցը ուժեղ չլինի, այլ ներկա պալատի նման վերահսկելի լինի, ապա մենք առաջ չենք գնա: Իրավիճակը փոխելու այլընտրանքը նոր կառույցի ստեղծումն է»: Հարցին, թե ե՞րբ են նախատեսում օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ հանդես գալ եւ ստեղծել նոր կառույց, Տիգրան Աթանեսյանն ասաց, որ առաջիկայում քայլերի մասին կտեղեկացնեն:

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր