Վարդավառի տոն՝ ինչպես էին այն նշում հնում և այսօր

Տեր Շմավոնը նշեց,
որ Վարդավառը՝ Պայծառակերպության տոնը Քրիստոսի՝ Աստծո որդին լինելը բացահայտելու խորհուրդն ունի.
«Երբ Տեր Հիսուս Քրիստոսը առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն՝ աղոթելու, աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է և լույս է իջնում իր վրա: Վարդավառ անունը կապված է վարդ ծաղիկի հետ: Վարդը, քանի դեռ չի բացվել, չգիտենք թե ինչ գույն ունի և Քրիստոս կարծես մինչ այդ թաքնված էր, այսինքն` բոլորը տեսնում էին նրա գործերը, հրաշքները, սակայն այդ ամենը բացատրված չէր, իսկ այդ ժամանակ նա ցույց տվեց, որ ինքն է Աստծո որդին ՝բացահայտելով իր աստվածությունը»,-ասաց նա:
«Վարդավառը երրորդ տաղավար տոնն է, և յուրաքանչյուր տաղավար տոնին նախորդում է պահոց շրջան՝ մեկ շաբաթյա պահք,
որը կոչված է մարդկանց զգաստացնելու: Պահքը միտում ունի մաքրագործելու»,-ասաց Տեր Շմավոնը նշելով, որ Վարդավառի հաջորդ օրը նույնպես համարվում է մեռելոց:
Լիլիթ Սիմոնյանն էլ ասաց, որ Վարդավառ անունը կապված է վարդերի ծաղկման շրջանի հետ. «Դատելով Սահակ պարթևի կանոններից՝ հնում տոնը նշվում էր ուխտագնացությամբ, այսինքն` վանքի տոն էր և այդ ավանդույթը մինչ օրս չի փոխվել: Վարդավառին
ընդունված է վարդերով և այլ ծաղիկներով զարդարել վանքերի՝ այդ թվում չգործող վանքերի
սեղանները: Մեկը մյուսին ջրելու ավանդույթի պահով, կասկածներ կան այն հարցում, որ միշտ այդպես է եղել, քանի որ մինչև 19 րդ դարը այդ մասին տեղեկություններ չկան: Դատել, թե հեթանոսության շրջանում ինչ տոնակատարություն է կատարվել չենք կարող»,-նկատեց բանախոսը: