Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

01 հուլ 2016 18:02

Շատ տոներ նախաքրիստոնական ակունքներ ունեն

Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 3-ին: Հուլիսի 1-ին Հայացք մամուլի ակումբում Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, Արարատյան Հայրապետական Թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը և ԱՀԹ Արարատ երիտասարդական միության անդամ Տաթև Զախարյանն անդրադարձան Քրիստոսի պայծառակերպության տոնի՝ Վարդավառի Ժողովրդական ծեսերին ու ավանդույթներին: 

 

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը խոսելով Վարդավառի տոնի մասին նշեց,- «Տոնի հիմքում ընկած է Սուրբ Գրքից մի հատված: Հիսուսը վերցնում է իր 3 առաքյալներին և բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու, այդտեղ Հիսուսն իր աշակերտներին երևում է աստվածային փառքով: Այստեղից էլ տոնի անունը`«Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն»: «Պայծառակերպություն» բառով շեշտվում է Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը: Իրար վրա ջուր ցողելը գալիս է Նոյ նահապետից, և կարծես մաքրագործման հատկություն ունի ջուրը: Ինչ վերաբերում է նրան, թե այս ավանդույթը հեթանոսական է, թե ոչ, ապա նշեմ, որ հեթանոս բառը էթնոս բառն է, ինչը նշանակում է ազգ»,-ասաց նա:


Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ ասաց, որ Վարդավառի տոնը հայ ժողովրդի համար միշտ կարևոր դերակատարություն է ունեցել և այն համախմբում է համայնքի անդամներին:  
«Մենք գիտենք, որ բավական տոներ նախաքրիստոնական ակունքներ ունեն, ինչպես նաև Վարդավառը։ Այս տոնում մարդու և բնության կապի դրսևորումները տեսնում ենք՝ կարևոր է ծիսական պահը, եկեղեցի գնալը, ուխտագնացության մասնակցելը: Անցյալում մարդիկ այս օրը սարեր էն գնում, տոնական խմորեղեն էին պատրաստում, ծաղիկներից պսակներ սարքում»,- ասաց նա և նկատեց, որ վերջին շրջանում տոնի իմաստը մի փոքր փոխվել է և մարդիկ հեռացել են տոնը ճիշտ նշելու ձևից: «Հնուց մեզ հասած ժողովրդական գիտելիքները պետք է կարողանանք օգտագործել: Մենք պետք է շարունակենք կիրառել մեր գեղեցիկ ծեսերն ու ավանդույթները»,-նկատեց ազգագրագետը: 

Ի դեպ  Սվետլանա Պողոսյանն ասուլիսին դատարկաձեռն չէր եկել: Նա բոլոր մասնակիցներին նվիրեց Հայոց ազգագրության թանգարանի փորձառու աշխատակիցների կողմից պատրաստած ճակատակալ պսակները՝ հույս հայտնելով, որ ավանդական, ժողովրդական խաղերն ու սովորույթները կկիրառվեն նաև տոնակատարությունների ժամանակ:

Արարատ երիտասարդական միության անդամ Տաթև Զախարյանն էլ նշեց, որ մենք ազգային եկեղեցի ենք և մեր կապը ակունքների հետ պետք է սերտ լինի,-«Կապը  մեր ակունքների հետ պետք է կարողանանք պահել: Այդ նպատակով հուլիսի 2-ին ժամը վեցին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից երգ ու պարով շարժվելու ենք քաղաքապետարանին հարակից մանկական այգի, հենց այնտեղ էլ տեղի են ունենալու բուն միջոցառւմները: Վարդավառր նախորդ օրը նման միջոցառում կազմակերպելով փորձում ենք վերականգնել ազգային ավանդույթներն ու սովորությունները»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր