Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի ամանորյա անակնկալը
-Բեմ -կուլիսներ, արտիստ - հանդիսատես կապը ըստ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի:
-Արտիստի ու հանդիսատեսի կապը ստեղծվում է հենց տվյալ անձի ներկայացրած արվեստից։ Պետք է այնպես նվագես, որպեսզի հոգիներ ջերմացնես, հուզես, ընկղմես քո նվագի մեջ, ու ամենակարևորը օտար ազգի հանդիսատեսին լսելի ու հասկանալի դարձնես։ Ելույթդ ստացված է, երբ հանդիսատեսը բուռն ծափերով, ջերմագին հայացքներով քեզ է ողջունում։
Մինչև բեմ դուրս գալը պետք է վաստակես, որովհետև դա ամեն մեկինը չէ, ինչպես հիմա է, պետք է նվաճես հանդիսատեսին ներկայանալու իրավունքը։
-Դուք վառ անհատական կերպար եք, առանձնանում եք ձեր ոճով ու ձեռագրով, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:
-Երբեք հատուկ ինչ-որ քայլ չեմ անում, ինչքան էլ մտածեմ, փորձեմ չի ստացվի։ Երաժիշտ լինելու համար քիչ է միայն նվագելը, քիչ է միայն տիրապետել տեխնիկային։ Իսկական երաժշտի մոտ հոգու ու մտածելակերպի, զգացմունքների ու էմոցիաների, կրթության ու տարիների փորձի, ապրած կյանքի, ցանկությունների ու աշխարհհայացքի միահյուսումը տաղանդի հետ ձևավորումն է կատարյալը։ Ու հենց այդ ժամանակ է, որ հնչեցրած նոտաները կենդանանում ու երաժշտական պատկերներ են դառնում։ Ու հենց այդ ժամանակ է ձևավորվում անհատական կերպար, ոճ ու ձեռագիր։
-Արվեստը սիրելո՞վ են սիրում արտիստին, թե՞ արտիստին սիրելով են սիրում արվեստը:
Երկու տարբերակն էլ գործում է։ Պետք է ուղակի համատեղություն․ շատ կարևոր է մարդու մեջ ձևավորել գեղագիտական ճաշակ ու բարություն, զգայական իմպուլսները պետք է արթուն պահել, որպեսզի ընկալելի լինի արվեստն ու մշակույթը։
-Մարիաննա տոներն են մոտենում, ամանորյա ի՞նչ անակնկալ ու բարեմաղթանք ունեք:
-Չեմ ուզում փակագծերը բացել, միայն կասեմ ամանորյա անակնկալը կոնցերտի պրեմիերա է «Մանկան ամանորյա երազը» կոմպոզիտոր՝ Երվանդ Երկանյան, գործիքավորել է Սեդրակ Երկանյանը։ Սիրով հրավիրում եմ դեկտեմբերի 21-ին ժամը 19։00 ին կամերային երաժշտության տուն «Տաղարան»-ի տոնական համերգին։
Մաղթանքս՝ խաղաղ ու բարեկեցիկ տարի, թող բոլորիս ընտանիքներում տիրի սերն ու ջերմությունը։
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը