Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

06 հուն 2018 20:39

Հազարավոր կադրերով, բայց մեկ ակնթարթում վերապրեցի ողջ մանկությունս. Հարցազրույց Շիրակ Թորոսյանի հետ

Հազարավոր կադրերով, բայց մեկ ակնթարթում վերապրեցի ողջ մանկությունս. Հարցազրույց Շիրակ Թորոսյանի հետHayacq.com-ի ամանորյա հարցազրույցը ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ:
-Խոսենք 2017 թվականի ձեռքերումներից։
-Արտաքին քաղաքականության ոլորտում մտահոգիչ կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ արցախյան հակամարտությունը, որի հետ կապված որոշակի դրական տեղաշարժ նկատվեց։ Հայկական կողմի վճռական պնդումների և միջազգային հանրության ճնշումների ներքո՝ Ադրբեջանն ստիպված եղավ հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները և արդյունքում շփման գծում իրավիճակն անհամեմատ կայունացավ։
Նշանակալի ձեռքբերում էր Եվրամիության հետ խորը և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը, որով արձանագրվեց և՛, և՛-ի քաղաքականության հաջողությունն ու արդյունավետությունը։
Հաջողություն եմ համարում նաև Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որը նոր հեռանկարներ է բացում այլընտրանքային տարանցիկ ճանապարհների փնտրտուքի գործում։
Ներքին քաղաքականության ձեռքբերումներից կառանձնացնեի պաշտպանական և անվտանգային համակարգերի զարգացումն ու կատարելագործումը, ոլորտի բարեփոխումները՝  հատկապես  «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ 
Տպավորիչ էր նաև տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը։ Նշանակալի ձեռքբերում էր բարեփոխումների շարունակական իրականացումը, այդ թվում նաև ներպետական օրենսդրությունը բարեփոխված սահմանադրությանը ներդաշնակեցնելը: 
Անձնական ձեռքբերումներից կնշեի գիտական մենագրությանս հրատարակումը («Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920թթ») և երեք երեխաներիս երկար սպասված կնունքի արարողության իրականացումը։
-Իսկ որո՞նք են 2018-ի անելիքները։
-2018 թվականին պետք է շարունակենք բարեփոխումները՝ խորհրդարանական կառավարման համակարգին ներդաշնակ օրենսդրություն և միջավայր ապահովելու համար։ Պետք է լրացնենք բացթողումները, շտկենք թերությունները, խուսափենք սխալներից, ամրապնդենք երկրի անվտանգությունը և ապահովենք շոշափելի տնտեսական աճ։ Պետք է հասնենք մտքի հեղափոխության և ազգովի գիտակցենք, որ Հայաստանը ոչ միայն հայրենիք է, որի մասին երազում ենք կամ այցելում որպես զբոսաշրջիկ, այլ, որ ավելի կարևոր է՝  պետություն, որտեղ պետք է ապրել և արարել։
-Կառավարման նոր մոդելի պարագայում Ազգային Ժողովը պետք է ընտրի հանրապետության նախագահին և վարչապետին։ Ունե՞ք Ձեր ցանկալի նախագահն ու վարչապետը։
-Քանի որ նոր սահմանադրությամբ իրական իշխանության կրողը վարչապետն է լինելու, հետևաբար ավելի կարևոր է, թե ով կլինի նա։ Խոշոր հաշվով դա խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի քվոտան է։ Սակայն ներկա փուլում կառավարման արդյունավետությունն ապահովելու համար վարչապետը պետք է վայելի ՀՀԿ-ի բացարձակ աջակցությունը, ունենա վստահության մեծ պաշար, քաղաքական և պետական կառավարման պատկառելի փորձ, տիրապետի արցախյան հակամարտության բանակցային գործընթացի բոլոր նրբություններին, ունենա երկրի անվտանգության և զարգացման ծանր ու պատասխանատու բեռը կրելու անհրաժեշտ կարողություն և քաղաքական կամք։                  
-2007 թվականից ԱԺ պատգամավոր եք, ինչը համատեղում եք գիտամանկավարժական գործունեության հետ՝ հանդիսանալով ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, միևնույն ժամանակ «Ջավախք» հայրենակցական միության նախագահն եք։ Այս ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը ինչպե՞ս է համատեղվում ընտանիքի հետ։ Դժգոհություններ չե՞ն լինում։ 
-Ես շնորհակալ եմ ընտանիքիցս։ Ծնողներս, կինս և երեխաներս ըմբռնումով են մոտենում իմ զբաղվածությանը։ Ես էլ իմ հերթին աշխատում եմ ճիշտ բաշխել ժամանակս՝ հարազատներիս հետ առավելագույնս շփվելու համար։ 
-Իսկ ընկերական շրջապատից բողոքներ լինու՞մ են։
-Ընկերական միջավայրում ինձ շատ լավ եմ զգում։ Մարդկային հարաբերությունների այս տեսակը շատ բարձր եմ գնահատում։ Հիմնականում հասցնում եմ շփվել ընկերներիս հետ և աշխատում եմ դժգոհություններ չհարուցել։
-Նախորդ տարի Hayacq.com-ի հետ հարցազրույցում «Ամանորյա երազանքներ պահու՞մ եք, հավատու՞մ եք հրաշքների» հարցին ի պատասխան նշել էիք, որ Ձեր ամենամեծ երազանքը հայրենի Ջավախք այցելելու հնարավորությունն է, քանի որ շուրջ ութ տարի զրկված էիք դրանից։ 2017-ին մի քանի անգամ եղել եք Ջավախքում․ կխոսե՞ք զգացողությունների մասին։
-Այո, 2017-ին իմ երանելի երազանքը կատարվեց, ես կարողացա այցելել հայրենի Ջավախք, մասնակցել Տերյանի, Ջիվանու և Հավասու տոներին, լինել հարազատ Գանձայում, շփվել հարազատներիս և համագյուղացիներիս հետ և որդուս հետ ձուկ որսալ գեղատեսիլ Սաղամո լճում։ Զգացողություններս աննկարագրելի էին․ կարթաթելի ծայրին ջրից նոր դուրս քաշած փայլփլուն ձկնիկի թփրտոցը (տեղում հայտնի կաչխան ձուկը), ալիքների շառաչը, մեղուների և բոռերի միալար բզզոցը, ծղրիդների չընդհատվող ճռինչը, դիմացի սարալանջին արածող հոտի պահապան հովվաշների վայրահաչը, թեթև քամու շնգոցը, անտառի (Հայկազին անտառը) սվվոցը, բազմերանգ ծաղիկների արբեցնող բույրը, զմրուխտ կանաչի անսահման համայնապատկերը, պարզկա կապույտ երկինքը, Ջավախքին հատուկ պայծառ այրող արևը, ութ տարեկան որդուս կյանքում առաջին ձուկը բռնելու ինքնատիպ ոգևորությունը․․․ Հրճվանքս անչափելի էր։ Հազարավոր կադրերով, բայց մեկ ակնթարթում վերապրեցի ողջ մանկությունս։ Ես երջանիկ էի, չափազանց երջանիկ։ 
Մեծ հաշվով իմ Վրաստան մուտքի արգելքը ամբողջապես հանված չէ, սակայն որոշակի առաջընթաց կա այս հարցում, քանի որ առանձին համաձայնություններով կարող եմ հատել հայ-վրացական սահմանը։ Սա մի կողմից երկկողմ արդյունավետ շփումների ձեռքբերումներից է, մյուս կողմից՝ Վրաստանում քաղաքական մտածողության որոշակի փոփոխության արդյունք։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ Ջավախք այցելելու հնարավորություն են ընձեռում։ Կուզենայի, որ ընդհանրապես վերանար այդ չարաբաստիկ «սև ցուցակը», քանի որ այն անհարիր է հայ-վրացական ներկայիս հարաբերությունների մակարդակին։ Իսկ բոլոր չար մարդկանց, ովքեր «նպաստել են» իմ Վրաստան մուտքի արգելքին, անկեղծորեն կանաչ լույս եմ ցանկանում աշխարհի բոլոր ուղղություններով, հատկապես դեպի հայրենի եզերք, եթե իհարկե նրանք ունեն կամ երբևիցե ունեցել են հայրենիքի և հայրական տան զգացողություն։
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար։
-Ամանորի խորհուրդը տարին ամփոփելու, արված գործերը գնահատելու, չարված գործերի պատճառները բացահայտելու, հաջորդ տարվա անելիքները պլանավորելու մեջ է։ Մյուս կողմից սիրված տոն է իր սովորույթներով, ավանդույթներով և Սուրբծննդյան խորհրդով, որը պետք է վայելել ընտանիքի, հարազատների և ընկերների միջավայրում։
-Ձեր ամանորյա մաղթանքը։
-Սեր և բարեկեցություն մեր ընտանիքներին, ուժ ու կորով մեր բանակին, արժանապատիվ խաղաղություն մեր երկրին, երջանկություն մեր ժողովրդին, հզորություն մեր պետությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր