ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

06 հուն 2020 18:41

Ուզում եմ, որ մեր հայրենիքի և պետության սահմանները քայլ առ քայլ, աստիճանաբար նույնանան

Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Շիրակ Թորոսյանի համար:
 
-2019-ը մեծ  ծավալի բազմակողմանի աշխատանքի, ձեռքբերումների, հույսերի և ակնկալիքների որոշակի հատվածի իրականացումների տարի էր:
 
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
 
-Բավականաչափ արդյունավետ աշխատանքը խորհրդարանի, արտաքին հարաբերությունների (մասնավորապես հայ-վրացական հարաբերությունների), «Ջավախք» հայրենակցական միության և ԵՊՀ դասախոսական աշխատանքի շրջանակներում: Ընտանիքումս էլ ամեն ինչ խաղաղ է և բնականոն հունի մեջ:
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
 
-Բոլոր մահկանացուներս էլ սխալական ենք, կատարյալ միայն Աստված է: Բացթողում չեն ունենում միայն չաշխատող, ծույլ մարդիկ իսկ նրանց կյանքն էլ ամբողջովին բացթողում է:
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
 
-Ավագ դուստրս պետք է մագիստրատուրա ընդունվի, կրտսեր դուստրս՝ բուհ: Ցանկանում եմ նրանց բարեհաջող քննաշրջան: 
Հանրային կյանքում ակնկալում եմ պետական բյուջեի զգալիորեն ավելացած միջոցների արդյունավետ օգտագործում՝ հանուն մեր պետության և քաղաքացիների բարօրության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար պաշտպանություն, ինչպես նաև արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրական հիմքի ստեղծում:
 Այս ամենի ուղղությամբ նշնակալի գործ է արվել 2019թ-ին:
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
 
-Ամանորը ժամանակի հարահոս ընթացքի մեջ մի կետ է, որը ազդարարում է միաժամանակ ավարտ և սկիզբ: Այն մի ուրույն հնարավորություն է՝ վերլուծելու նախընթաց ժամանակահատվածը, վերհանելու բացթողումները, անհրաժեշտության դեպքում՝ վերաիմաստավորելու կյանքը և նոր ծրագրերով ու սպասումներով առաջ նայելու: 
Իհարկե նաև հրաշալի տոն է՝ իր հայկական ազգային ու ավանդական դրսևորումներով:
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Ամանորը միշտ դիմավորում եմ Հայաստանում՝ ընտանիքիս և հարազատներիս հետ:
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
 
Ամանանորյա նախընտրածս ուտեստը մայրիկիս պատրաստած բացառիկ համեղ տոլման է: Այն այնքան հայտնի է, որ անգամ Վրաստանի խորհրադարանի իմ պատգամավոր ընկերներն են պարբերաբար այցելում մեզ՝ տոլմա ճաշակելու:
 
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:
 
-Սիրում եմ պատրաստել հիմնականում ուտեստներ՝ մսամթերքից և ձկնեղենից: Ճիշտ է հաճախ չի ստացվում,  միայն երբեմն հանգստյան օրերին կամ արձակուրդներին, որով  կնոջս և երեխաներիս  մեծ ուրախություն եմ պատճառում:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
 
-Շամպայն, նվերներ, բարեմաղթանքներ, խնջույք… սովորաբար ի վիճակի չեմ լինում վերջին հատվածը հիշելու:
 
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց դեպք Ամանորի հետ կապված:
 
-2004 թվականին Ամանորը անցկացնում էինք Ջավախքում՝ Գանձայի մեր հայրական տանը: Եղբորս հետ որոշեցինք տոնածառի համար անտառից եղևնի բերել: 
Անտառապահը նկատել էր և լի էր վճռականությամբ՝ տուգանելու մեզ: Այն ժամանակ ես դեռ պատգամավոր չէի, սակայն ակտիվ էի հասարակական-քաղաքական կյանքում և պարբերաբար երևում էի հեուստատեսությամբ: Պահակը, տեսնելով ինձ, ասաց.
- Ծո՛, դու ինի տելեվիզորին տղան չե՞ս, հանգիստ քնե մա՛նչ ջան, ես քեզի չեմ տուգանե: 
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
 
-Ուզում եմ, որ մեր հայրենիքի և պետության սահմանները քայլ առ քայլ, աստիճանաբար նույնանան: 
Երազանքները կատարվում են, երբ շատ ես հավատում և ամեն ինչ անում ես դրանց իրականացման համար: Կարծես թե արևմուտքում և արևելքում քոչվորները շատ ծվարեցին մեր հայրենի հողերի վրա:
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
 
-Թերևս շատ բան չէի փոխի: Միայն ուզում եմ, որ այսուհետ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բոլորս ավելի շատ սիրենք հայոց պետականությունը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները: 
Բավակա՛ն է սիրենք միայն  հայրենիքը: Այդ սերը անպտուղ դուրս եկավ, այդ սերը մեզ տարանջատեց արևելահայի և արևմտահայի, հայաստանցու և սփյուռքահայի, ղարաբաղցու և իջևանցու, երևանցու և ախալքալաքցու: «Հզոր պետություն, միասնական ազգ, ամբողջական հայրենիք». ահա այս կարգախոսը կորդեգրեի:
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:

-Նախևառաջ խաղաղություն, նախևառաջ սահմանին կանգնած զինվորի և սպայի համար, հետո՝ մնացածը:
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր