«Բոմժերի» անուններով ֆիրմա գրանցելը հանրահայտ երևույթ է.Ալեքսանդր Սիրունյան
![](https://hayacq.com/uploads/posts/2024-03/1711439825_aleqsandr-sirunyan.jpg)
Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել»:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ պետի հայտարարությանը, ուշագրավ դեպքեր հիշեց իր պրակտիկայից: «Երբ դեռ դատախազությունում էի աշխատում, այդ երևույթը դեռ այն ժամանակ եմ նկատել: Այն, ինչ ասում է ԱԱԾ նորանշանակ պետը, շատ ճիշտ է ասում: Չեմ կարող ասել՝ թիվը 350 է, թե, օրինակ, 380, բայց «բոմժերի» անուններով ֆիրմա գրանցելը հանրահայտ երևույթ է: Գիտեք՝ ես քանի՞ նման «բոմժ» եմ տեսել դատախազ եղած ժամանակ: Մեր վարչությունը զբաղվում էր պատիժների նկատմամբ հսկողություն իրականացնելով, այսինքն՝ մենք արդեն ստանում էինք դատավճիռը, որը կատարվում է, և դրա նկատմամբ հսկողություն էինք իրականացնում: Մենք այն ժամանակ հանդիպեցինք բազմաթիվ աբսուրդ վճիռների. Օրինակ, Էսինչ Էսինչյանին, որն աշխատել է այսինչ ֆիրմայի տնօրեն, դիցուք՝ դատել հարկերից խուսափելու համար, նշանակել պատիժ, օրինակ, 3 տա րի և իրենից բռնագանձել 1 միլիարդ դրամ թաքնված հարկեր: Գնում ես գաղութ, տեսնում ես՝ Էսինչը դասական «բոմժ» է՝ դրածո մարդ: Ու ասեմ նաև, որ չի էլ պատմում, թե իրականում ում ֆիրման է»,–ասաց փաստաբանը: Ալեքսանդր Սիրունյանն այլ օրինակներ ևս բերեց. «Վասյա Հովհաննիսյան էր կամ Վանյա Հովհաննիսյան: Էջմիածնից էր: Անունը հստակ չեմ հիշում, բայց իբրև թե մի ֆիրմայի տնօրեն, իրեն դատել էին 7 միլիարդ դրամ հարկերից խուսափելու համար:
Որ մի քանի հատ նման դեպքեր հանդիպեցինք, ստիպված մենք ամփոփում արեցինք, տեսանք, որ սա, մեղմ ասած, կրկնվող երևույթ է: Դատարաններից հանեցինք հարկերից խուսափելու գործերով բոլոր դատավճիռները: Ու ի՞նչ պարզեցինք: Պարզեցինք, որ այդ դրածո «բիզնեսմենների» մոտ 80 տոկոսը բնակվում է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Լավ եմ հիշում՝ այդ քաղաքում Չարենցի փողոց կա, դատապարտվածների գերակշռող մասն այդ փողոցի բնակիչներն էին: Անգամ գտել էինք, որ նույն շենքի նույն հարկի տարբեր բնակարաններից տարբեր գործերով մարդիկ էին դատվել: Այսինքն՝ ամբողջ փողոցն, այսպես ասած, այդ գործի վրա էր նստած: Իրենց էլ որ հանդիպում ես, տեսնում ես, որ մարդը բիզնեսի հետ կապ չունի, կոնկրետ դրածո «բոմժ» է»: Փաստաբանը շեշտեց՝ իր աշխատանքը, որպես դատախազ, հսկելն էր, թե ինչպես են այդ մարդիկ կրում իրենց պատիժը. «Մեր խնդիրը դա էր: Ուղղակի խոսքի մեջ էինք ասում՝ հարգելի դատապարտյալ, նայում եմ քեզ, ախր դու չես, բայց բերանը «փակ» էր, իսկ հարց տալն իմ ֆունկցիաների մեջ չէր: Ուղղակի պետք է գործը քննող քննիչն իր ուղեղին զոռ տար, ասեր, որ, օրինակ, «բոմժ Վալոդը» հաստատ 7 միլիարդի ներկրում չէր կարող անել, հետո էլ՝ մաքսային տեսուչին պետք է հարց տային, ասեին՝ լավ, Վալո՞դն է, թե՞ Պողոսն է իրական տերը: Բայց՝ ոչ: «Գալչկայի» համար պետք էր ասել, թե տեսեք՝ բացահայտեցինք, սա՝ միլիարդ 200 միլիոնի հանցանքը, սա էլ՝ դատապարտյալը: Այդտեղ արդարադատություն չկա: Դա արդարադատություն չէ, կապիկություն է»: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ԱԱԾ պետի հայտարարածը, ըստ էության, վերաբերում է հիմնականում ներկրման գծով հարկերին: Իսկ թե ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր այսուհետ բացառել վերոնշյալը, Ալեքսանդր Սիրունյանը նշեց. «Պետք է «մաքրել» մաքսային ծառայությունը:
Նույն իմ նշած 7 միլիարդի օրինակը եղել էր սպիրտի ներկրման գծով՝ սպիրտի թեմա էր: Հիմա դիտարկում. ուզում է բոմժ լինի, ուզում է հենց իրական տերը լինի, բայց սահմանում 7 միլիարդի ապրանք է տեղափոխվում ու ոչ ոք չի ասում՝ ա՛յ ընկեր, առաջին միլիարդդ հասկացանք, երկրորդը հասկացանք, բա հարկերը ե՞րբ ես տալու, տղա՛ ջան: Սրա մասին է խոսքը, որի բացառման կարևոր ուղղությունը մաքսային ծառայությունը «մաքրելն» է»:
Փաստաբանի խոսքով՝ այսօր արդեն կա նման երևույթները բացառելու քաղաքական կամքը. «Վարչապետը ասում է՝ քաղաքական կամքը կա, աշխատե՛ք: Իսկ ԱԱԾ պետը հաստատ միամիտ մարդ չէ, որ նման բան հենց այնպես ասի: Ե՛վ պրոֆեսիոնալ է, և՛ լուրջ մարդ է: Եթե նա նման հայտարարություն է անում՝ ուրեմն՝ պետք է հավատալ, այլ կերպ լինել չի կարող»:
«Փաստ»