Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

25 մայիս 2018 12:10

Մարզպետների նշանակումը ուշանում է. դուրս կգա հեղափոխությունը Երևանից

Մարզպետների նշանակումը ուշանում է. դուրս կգա հեղափոխությունը ԵրևանիցԲոլորը անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումները ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները:

ՀՀԿ-ի կառավարման 20 տարիների ընթացքում իշխանությունը մարզերը բաժանել է մի քանի ֆեոդալների միջև, ովքեր դրանք վերածել են իրենց անձնական կալվածքների: Յուրաքանչյուր մարզ ունեցել է իր մի քանի տերերը, ովքեր ոչ միայն իրենցով են արել պետական կառավարման համակարգը, այլ վերահսկողություն են հաստատել ամբողջ տնտեսական հասարակական համակարգերի վրա: Բոլորը գիտեն, որ, օրինակ, Վայոց ձորի մարզը հանձնված էր Ջերմուկ ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի տնօրինությանը և նա էր որոշում, թե ով պետք է ընտրվի գյուղապետ, ով պետք է լինի ոստիկանապետը, իսկ ով մարզի դատախազը: Բոլորը առանց բացառության պետք է ենթարկվեին նրան։ Սյունիքում Գորիսի հատվածը վերահսկում էր Սուրիկ Խաչատրյանը, Կապանում Մաքսիմ Հակոբյանն ու իր որդին էին, հիմա արդեն մարզը հանձնվել է նոր մարզպետի՝Վահե Հակոբյանի տնօրինմանը, Կոտայքի մարզը Գագիկ Ծառուկյանինն էր, միայն թե Հրազդանում և Չարենցավանում որոշակի ազդեցություն ունեին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը և նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որի որդին՝ Հակոբ Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետն է: Արարատի մարզը բաժանված է Հովիկ Աբրահամյանի և Արայիկ Գրիգորյանի միջև, Արմավիրի մարզի Էջմիածնի հատվածը Մանվել Գրիգորյանի տիրապետության տակ է, իսկ Արմավիրում մեծ է ԱԺ պատգամավոր գործարար Նահապետ Գևորգյանի ազդեցությունը: Լոռու մարզը բաժանված է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջև, Տավուշում մեծ է մարզպետ Հովիկ Աբովյանի ազդեցությունը: Նման ազդեցության գոտիների է բաժանված նաև Երևանը:
Նոր իշխանությունը, որը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շատ լավ հասկանում է, որ չի կարող հաջողության հույս ունենալ, եթե մարզերն ու քաղաքները և նրանց բնակիչները շարունակում են մնալ ֆեոդալական կախվածության մեջ: Հնարավոր չէ ազատ և արդար ընտրությունների անցկացում, եթե չկան ազատ քաղաքացիներ: Հեղափոխությունը փոխեց մարդկանց, բայց դա կարող է շատ կարճատև էֆեկտ ունենալ, որովհետև մարդը տեսնում է, որ իր տերերը օժտված են նույնպիսի իրավունքներով և հնարավորություններով, ինչպես հեղափոխությունից առաջ: Իհարկե կարելի է գործող մարզպետին ազատել աշխատանքից, և նրա փոխարեն նշանակել նոր մարդու, բայց այդ նորը պետք է լինի մեկը, ով կարողանալու է մարզը ազատել ֆեոդալական կախվածությունից, իր գործունեությամբ ցույց տա, որ երկրում նոր հարաբերություններ են և երկիրը ֆեոդալիզմից անցում է կատարել մի համակարգի, որտեղ գոյություն չունի մարդկանց կախվածությունը իրենց տիրոջից, բոլորը ազատ և հավասար քաղաքացիներ են: Այլապես, մարզպետը կարող է վեց ամիս կամ մեկ տարի շարունակ իր ծառայողական մեքենայով գալ մարզպետարան, առավոտյան ժամը 09։00-ից մինչև երեկոյան 18։00-ը նստել իր աշխատասենյակում, ինչ-որ կարգադրություններ տալ, աշխատանքի իմիտացիա ստեղծել, բայց իրականում ոչ մի ազդեցություն չունենալ այդ մարզում ընթացող պրոցեսների վրա: Վտանգ կա, որ նոր մարզպետը ոչ միայն չկարողանա հակադրվել հին համակարգին, այլ ինտեգրվի դրան:
Հիմա նոր իշխանությունը այնպիսի մարդկանց փնտրտուքների մեջ է, ովքեր իսկապես կարող են քանդել հին համակարգը, կարող են անել այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը կենտրոնական իշխանության դեմ պայքարում: Բայց արդյոք հնարավոր է յուրաքանչյուր մարզում գնել գոնե մեկ հեղափոխական առաջնորդի, մանավանդ որ նոր իշխանությունը, կարծես թե, կրկնելու է այն սխալները, ինչ ՀՀԿ-ական իշխանությունը 90-ականների սկզբին, երբ առաջնորդվում էր «մերը լինի, թեկուզ պոլի փեդ լինի» սկզբունքով:
Արդեն տեղեկություններ կան, որ վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Արարատի մարզպետ նշանակել Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանին: Սարգսյանը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, և հեղինակություն է իր գյուղում, բայց արդյոք Գարիկ Սարգսյանը կարող է իրավիճակ փոխել Արարատի մարզում: Շատ կասկածելի է, եթե չասենք՝ անիրականանալի: Հանրապետություն կուսակցությունը Արարատի մարզպետի պաշտոնում առաջարկում էր Ռազմիկ Թևոնյանի թեկնածությունը, բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մարզպետը պետք է լինի «Քաղաքացիական պայմանագրից»: Գարիկ Սարգսյանի և Ռազմիկ Թևոնյանի տարբերությունը պարզ լինելու համար ասենք, որ, օրինակ, 2017թ. խորհրդարանական ընտրություններում Ռազմիկ Թևոնյանը ստացել էր 4221, իսկ Գարիկ Սարգսյանը՝ 383 ձայն: Նրանք երկուսն էլ «Ելք» դաշինքի թիվ 5 ընտրատարածքի ցուցակում էին:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղեկություններ կային, որ Լոռու մարզպետ կարող է նշանակվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: Մարուքյանը Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն է, և նա պետք է լիներ Վանաձորի քաղաքապետը, քանի որ «Լուսավոր Հայաստանը» իր դաշնակիցներ ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հետ մեծամասնություն էր քաղաքի ավագանիում, բայց ՀՀԿ-ն գողացավ իշխանությունը կոալիցիայից, ապօրինաբար քաղաքապետ նշանակելով Մամիկոն Ասլանյանին: Թվում է՝ շատ տրամաբանական կլիներ, եթե Մարուքյանը նշանակվեր Լոռու մարզպետ, մանավանդ որ նա հաղթել էր մարզկենտրոնի քաղաքապետի ընտրություններում և օժտված է լեգիտիմությամբ: Բայց այս դեպքում ևս Նիկոլ Փաշինյանը ուզում է մարզպետի պաշտոնում տեսնել սեփական թեկնածուին, և այս պահին գոնե անհայտ է, թե ով է Փաշինյանի թեկնածուն:
Դժվար է օրինակ պատկերացնել, թե նոր իշխանությունը ում պետք է նշանակի Արմավիրի մարզպետ, որը կկարողանա Էջմիածինը ազատել Մանվել Գրիգորյանի ավելի քան 25 տարվա տիրապետությունից: Որովհետև էջմիածինցիների համար որևէ նշանակություն չունի՝ փոխվել է վարչապետը, թե ոչ, եթե Մանվել Գրիգորյանն ու նրա որդին՝ Կարեն Գրիգորյանը շարունակելու են Էջմիածնում իրենց պահել որպես այդ քաղաքի սեփականատերեր, իսկ քաղաքացիներին վերաբերվել որպես իրենց վասալներ: Սա գրեթե նույն չափով վերաբերվում է Հայաստանի մյուս մարզերին և քաղաքներին: Այնպես որ սպասենք մարզպետների նշանակմանը, հասկանալու համար, թե արդյոք նոր իշխանությունը մտադիր է զարգացնել հեղափոխությունը, թե բավարարվելու է ձեռք բերածով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր