Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

03 հուլ 2018 10:58

«Առավոտ». Ադրբեջանը քարոզում է ռուսների միջոցով

«Առավոտ». Ադրբեջանը քարոզում է ռուսների միջոցով«Առավոտ» թերթը գրում է. «Ադրբեջանը երեկ սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց, ըստ պաշտոնական տեղեկատվության, մասնակցում են 20 հազար զինծառայող եւ մեծ թվով զինտեխնիկա:
Որոշ փորձագետների կարծիքով՝ բացի քաղաքական եւ քարոզչական նպատակներից, այդ զորավարժությունները «օրինական առիթ են»՝ զորքը եւ զինտեխնիկան Արցախի սահմաններին մոտեցնելու:
Նույն փորձագետները պնդում են, որ եթե Ադրբեջանը հարձակում սկսի, ապա այս անգամ այն կարող է տեղի ունենալ Արցախի հարավային սահմանից, որտեղ ավելի քիչ է խաղաղ բնակչությունը, եւ հետեւաբար ավելի քիչ խնդիրներ կարող են լինել միջազգային հանրության հետ:
Այդ ամենը, իհարկե, ենթադրություններ են: Բայց այդ համատեքստում է պետք դիտել ռուսաստանցի մի շարք պատգամավորների, հրապարակախոսների եւ հասարակական գործիչների այցելությունը Լելե-Թեփե՝ Արցախի հարավային սահմանին մոտ գտնվող այն բարձունքը, որը մենք կորցրել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
Իհարկե, այդ գործիչների հայտարարությունները չի կարելի դիտել որպես Կրեմլի պաշտոնական տեսակետ, բայց պատկերացրեք, որ հայաստանցի գործիչները (թեկուզ ընդդիմադիր) մեկնեն Ճապոնիա եւ հայտարարեն, որ Կուրիլյան չորս կղզիները պետք է վերադարձվեն այդ երկրին, ինչպե՞ս այդ հայտարարությունը կընկալվեր Ռուսաստանում:
Եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը, բնականաբար, ղարաբաղյան բանակցությունների ընթացքի մասին չի կարող տեղեկատվություն ունենալ, եւ երբ նա ասում է, թե հեղափոխությունից առաջ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել հինգ շրջաններ, այդ «տեղեկատվությանը» պետք է մոտենալ խիստ վերապահումներով:
Դա, ըստ էության, ոչ թե տեղեկատվություն է, այլ ադրբեջանական քարոզչություն, որը ռուսաստանցի գործիչն իրականացնում է, ըստ երեւույթին, ոչ անշահախնդիր կերպով: Այլ հարց է, որ պետք է լրջորեն մտածել, թե ինչու է Ադրբեջանն ակտիվացրել այդ քարոզչությունը եւ ինչու է այդ քարոզչության համար ներգրավում ռուսներին:
Ի դեպ, քարոզչության մասին: «Նախորդ ռեժիմի» ժամանակ Հայաստանում կային կառույցներ, որոնք զբաղվում էին քարոզչությամբ: Ինչ մնում է ներքին քարոզչությանը, ապա այդ կառույցներն իրենց գործը, իմ կարծիքով, անում էին շատ վատ: Իրենց արգելքներով, սահմանափակումներով, ճնշումներով եւ այլ կացնային մեթոդներով նրանք որեւէ համակրանք չառաջացրին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հանդեպ, ճիշտ հակառակը: Բայց այդ կառույցներում կային ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին արտաքին քարոզչությամբ, եւ այստեղ կուտակվել է բավականին շատ դրական փորձ: Այնպես որ, պետք չէ թացը չորի հետ խառնել եւ հրաժարվել մասնագետների ծառայությունից: Նրանք կարող են շատ շուտով պետք գալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր