Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

03 հուլ 2018 18:30

Հայաստանի պատասխան հարվածը Ադրբեջանին

Ադրբեջանը ռուսաստանցի մի շարք փորձագետների «էքսկուրսիա» է տարել Լելե Թեփե, որտեղ նրանք լուսանկարվել են, արել հակահայկական հայտարարություններ: Ադրբեջանի նախաձեռնությունն ընդհանուր տրամաբանության մեջ լիովին պարզ է:
Բաքուն մեկ խնդիր չէ, որ փորձում է լուծել այդօրինակ նախաձեռնություններով: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Բաքվի այդ քայլերը հետեւանքն են այն բանի, որ Ադրբեջանը չի կարողանում լուծել իր համար գլխավոր խնդիրը՝ պատերազմի հավանություն ստանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ու Իրանից: Այստեղ խնդիրները ավելի բազմաշերտ են եւ կախված չեն միայն Հայաստանի դիմադրունակությունից կամ ռազմական հավասարակշռությունից:
Բանն այն է, որ ստատուս-քվոյի որեւէ փոփոխություն դա փոփոխություն չէ լոկ Հայաստանի՝ ներառյալ Արցախը, եւ Ադրբեջանի շրջանակում: Ստատուս-քվոյի փոփոխությունը՝ Ադրբեջանի այսպես ասած «հաղթանակի» տեսքով, միջազգային օրակարգից փաստացի հանում է մի հարց, որն արդեն երկու տասնամյակից ավելի խոշոր աշխարհքաղաքական դերակատարների համար միջազգային կարեւոր ֆորմատներից մեկի առիթ է, որի շրջանակում արդեն վաղուց լոկ Արցախի հարց չէ, որ քննարկվում է: Բաքուն էլ անկասկած գիտակցում է, որ այստեղ է գլխավոր խնդիրը՝ նրան ոչ ոք չի տա միջազգային օրակարգ փակելու կամ փոխելու իրավունք:
Բաքուն լավագույն դեպքում կարող է ակնկալել «Լելե Թեփեների իրավունք», թեեւ այս դեպքում  էլ իհարկե բարդ է ասել, թե արդյոք նա չի սպառել այդ «իրավունքը» երկու տարի առաջ ապրիլին: Այստեղ արդեն առաջնային պլան է դուրս գալիս Հայաստանի դիմադրունակությունը, քանի որ դրա բացակայության դեպքում Ադրբեջանը ժամանակի ընթացքում կկարողանա նորոգել իր «լելեթեփեների իրավունքը»: Եթե Հայաստանը «թույլ տա», միջնորդներն էլ նրան դա թույլ կտան՝ թե ժամանակ առ ժամանակ «գոլորշի բաց թողնելու» նպատակով, թե հնարավոր է արդեն միջազգային օրակարգում ուժային կենտրոնների միջեւ հարաբերությունների բերումով, ու նաեւ Հայաստանին տկարության համար պատժելու նպատակով:
Գոլորշի բաց թողնելու տարբերակը ժամանակ առ ժամանակ իրական կարող է դառնալ նաեւ գործընթացի քաղաքական փակուղու համատեքստում: Համանախագահները տեսան, որ երկու տասնամյակը մեծ ժամանակ է: Հաջորդ անգամ այդքան չեն սպասի: Իհարկե դժվար է ասել, թե ինչքան կկրճատվի երկու տասնամյակը՝ «գոլորշի բաց թողնելու» համար, կկրճատվի կիսո՞վ չափ՝ այսինքն հաջորդը կլինի տասը տարի անց, թե՞ ավելի շատ կկրճատվի, ասենք քառորդի չափ՝ հինգ տարի, կամ ավելի քիչ: Սա իհարկե առերեւույթ է միայն թվաբանություն, սակայն գործնականում դրա տակ խորքային գործընթացներ են, եւ Ադրբեջանը ներկայում նաեւ փորձում է հենց սպառազինության մրցավազքի եւ մթնոլորտի հոգեբանական թեժացման տեմպ հաղորդել այդ ժամանակը կրճատելու համար:
Այդ տեսանկյունից, Հայաստանի խնդիրը Ադրբեջանի թելադրած տնտեսական մրցավազքում հետ չմնալն է՝ որովհետեւ սպառազինության մրցավազքը դա տնտեսական մրցավազքն է, եւ դրանով ժամանակը հնարավորինս երկարաձգելը: Հայաստանն այդ առումով ընտրության առաջ է՝ այդ խնդիրը դիտարկել ռազմավարակա՞ն, թե՞ միջանկյալ: Այսինքն, աշխատել ժամանակը «անվերջ» երկարաձգելու ուղղությամբ, թե՞ ժամանակ շահել ռազմավարական իմաստով գործընթացի քաղաքական տրամաբանությունը փոխելու համար, որպեսզի այլեւս Ադրբեջանը մտածի հետ չմնալու մասին:
Առավել եւս, որ Բաքուն այդ մասին արդեն մտածում է, հաշվի առնելով Հայաստանի ներքին վերափոխումները, որոնք էապես բարձրացրել են Հայաստանի ու Արցախի ներուժը: Ավելին, հենց դրա համար է Ադրբեջանը նոր թափ հաղորդել սպառազինության մրցավազքին, դրանով փորձելով հակադրվել քաղաքական տրամաբանությանը եւ փոխհատուցել այդ ու քաղաքակրթական հարթության վրա կորուստները, իրավիճակն առնվազն պահելով «ռազմական դիվանագիտության» տրամաբանության շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին քայլերով ու հայտարարություններով ցույց տվեց, որ Հայաստանի նոր իշխանությունը մտադիր է փոխել գործընթացի քաղաքական տրամաբանությունը եւ առավել ընդգծված քաղաքականություն վարել Արցախի սուբյեկտության մասով: Հայաստանի այդ մոտեցումը համանախագահ երկրները չեն մերժել, չեն քննադատել: Դա էլ զարմանալի չէ, ի վերջո Վիեննայի օրակարգով հենց համանախագահներն են առաջարկում Արցախի դե ֆակտո սուբյեկտության որոշակի իրավականացում: Ադրբեջանը մերժում է այդ օրակարգը, նաեւ հենց դրա համար:
Համանախագահներն իրենք չեն ավելացնի ճնշումը Բաքվի վրա, մի շարք տարաբնույթ պատճառներով: Այդ իրավիճակը պետք է ստեղծի Հայաստանը, օգտագործելով իր ներկայիս կապիտալը եւ առավել կոնցեպտուալ մոտեցումներ առաջ մղելով Արցախի սուբյեկտության մասով:
Ադրբեջանի ռազմատենչության ալիքի աշխուժացումը ավելի շատ խոսում է Բաքվի մտահոգությունների եւ տագնապի, քան ինքնավստահ հզորության մասին, ինչպես փորձում է ներկայացնել այդ երկրի ղեկավարությունը:
Այդ իմաստով հատկանշական է հուլիսի 2-3-ի գիշերը Բաքվի եւ ադրբեջանական մի շարք քաղաքների հոսանքազրկումը, որ տեղի է ունեցել Մինգեչաուրի ՀԷԿ-ի վթարի պատճառով: Ադրբեջանի մայրաքաղաքն ու խոշոր քաղաքները մի քանի ժամ զրկված են եղել հոսանքից: Հետո պաշտոնական պարզաբանում է եղել, որ շոգի պատճառով բնակչությունը շատ է հոսանք ծախսում, եւ ՀԷԿ-ը չի դիմացել:
Գուցե, բայց Բաքվում թերեւս կարող են պատկերացնել, որ, եթե ՀԷԿ-ը չի դիմացել ու մայրաքաղաքն ու խոշոր քաղաքները մի քանի ժամ հոսանքազրկվել են շոգից, ինչ կարող է պատահել իրենց հետ հնարավոր ռազմական արկածախնդրության դեպքում, որին Հայաստանի պատասխանն անկասկած բազմապատիկ ավելի թեժ կլինի, քան եղանակային շոգը:
Աղբյուր՝lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր