Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

13 հուլ 2018 18:30

Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հորդորել էր մինչեւ վերջ «աթոռին կպած» մնալ. Ինչո՞ւ Մարգարյանը հրաժարական տվեց

Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին ի վերջո հրաժարական տվեց: ՀՀԿ-ական էլիտայի մի մասի համար սա անակնկալ է եղել: Շատերը նախապես չեն իմացել նրա հրաժարականի մասին, քանի որ նրանց վերջին տեղեկությունները նրա պաշտոնավարման մասին եղել են այն, որ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հորդորել է մինչեւ վերջ «աթոռին կպած» մնալ:
Երեկ ԱԺ-ում, հոգով եւ սրտով դեռ ՀՀԿ-ական համարվող մի քանի պատգամավոր «Հայկական ժամանակ»-ի հետ մասնավոր զրույցում փոխանցեցին, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու ցանկություն ունեցել է դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել, սակայն նրան այդ քայլին գնալ չի թողել Սերժ Սարգսյանը: Դրանից հետո մինչեւ այն խոսակցությունների ժամանակահատվածը, թե՝ Մարգարյանը դիմում է գրել եւ պատրաստվում է հրապարակել, թեժ քննարկումներ են եղել նրա ու ՀՀԿ-ականների միջեւ՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալ-չհեռանալու շուրջ: Քննարկումները եղել են Սերժ Սարգսյանի հորդորով:
Պատճառն այն է, որ Տարոն Մարգարյանը Երեւանում լուրջ ձեւավորված թիմ ուներ, որով կարողացել է այս տարիների ընթացքում ընտրությունների ժամանակ քաղաքացիների քվներն ուղղորդել ՀՀԿ: Կուսակցությունում հույս են ունեցել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացնելուց հետո միայն նոր կառավարությունը կզբաղվի Երեւանի քաղաքապետի պաշտոնով: Այս փաստը ՀՀԿ-ի համար ինչ-որ չափով հույս է եղել, որ կկարողանան ընտրություններում հաղթահարել գոնե 10-15 տոկոսի շեմը:
Հանրապետական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչն էր պատճառը, որ Տարոն Մարգարյանը շտապ ցանկանում էր հրաժարական տալ եւ հեռանալ: Մեր զրուցակիցները նշեցին՝ պատճառը եղել է ԱԱԾ վերջին բացահայտումները, որոնք կապված են եղել «Երեւան» հիմնադրամի յուրացումների հետ: Այսինքն, Տարոն Մարգարյանը ցանկացել է իրերը հավաքել եւ օր առաջ հեռանալ, որպեսզի հանրության աչքի առաջ չլինի եւ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվի: Սակայն, ստացվում է՝ սեփական կուսակցությունը նրան «փուռը» տվեց:
Մեկ այլ աղբյուրից էլ տեղեկություն ստացանք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումը մեկ շաբաթից ավել «սպասողական վիճակում» է եղել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն չի շտապել հաստատել: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ, եթե անհրաժեշտություն լինի, նա կհորդորի եւ Տարոն Մարգարյան հրաժարական կտա:
Հանրապետական պատգամավորներից մեկը, մեր այն հարցին՝ ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելո՞ւ է, պատասխանեց. «Հանրապետական կուսակցություն էլ կա՞ որ, այն արդեն փլուզվել է»:
Հանրապետականի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի շուրջ դեռ պարզ չէ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այս հարցով քննարկում դեռեւս չեն ունեցել:
«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- ասաց նա:
Հարցին` ի՞նչը կարող է խոչընդոտել, որ չառաջադրեք, Բաղդասարյանը պատասխանեց.
«Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք կամ չենք առաջադրում, չենք քննարկել»:
Հարցին էլ` իմաստ ունի՞, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, երբ հանրության համակրանքը ՔՊ-ի կողմն է, նա արձագանքեց. «Քաղաքացիական պայմանագիրը ավագանիում մեծամասնություն ունի՞»:
ՀՀԿ-ականներից մեկը, որը միջանցքում լսել էր լրագրողներին տված Բաղդասարյանի այն պատասխանը, թե՝ ՔՊ-ն մեծամասնություն չունի ԱԺ-ում, օրվա ավարտին մեր զրույցում փոխանցեց, որ թեկնածու չեն առաջադրելու: Պատճառների մասին էլ նշեց՝ ի՞նչ տարբերություն, եթե ՀՀԿ-ական է լինելու քաղաքապետը, ապա Տարոն Մարգարյանը կմնար:
ՏԻՄ օրենքի համաձայն՝ Երեւանի ավագանին իր անդամներից որեւէ մեկին քաղաքապետ կարող է ընտրել 73 օրվա ընթացքում: Սակայն տեղեկություններ կան, որ Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի կարգավիճակում կարող է մնալ մինչեւ հոկտեմբեր: Այդ ժամանակահատվածում էլ տեղի կունենան նոր ընտրությունները: Այսինքն, բան չի հասնելու նրան, որ ավագանին փորձի իր կազմից որեւէ մեկին նոր քաղաքապետ ընտրի: Մեր այս տեղեկութունն՝ ըստ էության, հաստատեց նաեւ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
«Ճիշտ տրամաբանությունն այն է, որ նոր ընտրություններ տեղի ունենան, որովհետեւ Երեւանում մենք կունենանաք մի իրավիճակ, ինչն ունենք Ազգային ժողովում: Այն է, որ ԱԺ-ում մեծամասնությունն ընդդիմություն է՝ ՀՀԿ-ն եւ այն անհատ պատգամավորները, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից: Նույն իրավիճակն էլ պահել քաղաքապետարանում, կարծում եմ, որ սխալ է: Ճիշտ կլինի, որ նոր ընտրություններ լինեն, կարծում եմ, որ իրադարձություններն այդպես էլ կզարգանան: Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կունենա այն թեկնածուին, որը մեծամասնության քվեն կստանա»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Արդեն պարզ է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւս բաժին է հասնելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՔՊ կուսակցության նեղ շրջանակում քննարկում է եղել, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Արարատ Միրզոյանը, որը հիմա առաջին փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում:
Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հարցին՝ կուսակցության ներսում քննարկվե՞լ է առաջիկայում իր քաղաքապետ դառնալու հարցը, բացասական պատասխան տվեց:
Բանն այն է, որ այս պաշտոնը 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված չի եղել: Սակայն Սերժ Սարգսյանն այս պաշտոնը «սղացրեց» Կարեն Կարապետյանի սիրտը չկոտրելու համար: Ու քանի որ այդ պաշտոնն արդեն կար, դրա համար այն զբաղեցրեց Միրզոյանը: Շուտով այս պաշտոնը այլեւս չի լինի, քանի որ սուպերվարչապետական համակարգի «լուծարումից» հետո վարչապետն այլեւս առաջին տեղակալ չի ունենա:
Այնուհանդերձ, նշենք, որ առաջին փոխվարչապետը, որպես այդպիսին, որեւէ գործառույթ չի իրականացնում: Նախկին փոխվարչապետերից Վաչե Գաբրիելյանը ՀԺ-ին դեռ ամիսներ առաջ ասել էր, որ նրա պարտականությունը վարչապետի բացակայության ընթացքում վերջինիս փոխարինելն է: Սակայն, գործնականում տեսնում ենք, որ Միրզոյանին այդ պարտականությունը չի վստահվում: Մասնավորապես, կառավարության նիստը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 12-ին՝ հինգշաբթի օրը, տեղափոխվեց, քանի որ վարչապետն այդ օրը լինելու է Բրյուսելում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր