«Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Ռուբլին թանկացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 15-ի համար    

04 օգոս 2018 14:29

Սեյրան Օհանյանի ու Մանվել Գրիգորյանի բանակցությունը. ինչ է կատարվել

Սեյրան Օհանյանի ու Մանվել Գրիգորյանի բանակցությունը. ինչ է կատարվելՆախօրեին բավական աղմուկ էր հանել մի տեղեկություն, կապված Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք ներկայացնելու հետ: Տեղեկությունը հետո ջնջվեց լրահոսից, առավել եւս տեղիք տալով դավադրապաշտական կասկածների, հատկապես Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցի ֆոնին:
Նախապես ազդարարվել էր, որ նա հայտարարելու է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք ներկայացնելու մասին: Սասուն Խաչատրյանն ասաց, որ դա Արմեն Գեւորգյանն է, բայց ոչ անմիջապես Մարտի 1-ի գործով: Ու քանի որ ավելի վաղ տարածվել էր Սեյրան Օհանյանի մասին տեղեկությունները, տարածվեցին նաեւ կասկածներ, որ Օհանյանի մեղադրանքը այսպես ասած հանվել է ինչ-ինչ պատճառներից ելնելով:

Անտրամաբանական կլինի, եթե Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործում չանցնի առնվազն որպես վկա: Նա այդ ժամանակ եղել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը: Միաժամանակ անտրամաբանական կլինի, եթե որպես վկա չանցնի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ու թերեւս նաեւ Մանվել Գրիգորյանը՝ որն իհարկե այլ գործով մեղադրյալ է, ու Գագիկ Մելքոնյանը:
Բանն այն է, որ փետրվարի շուրջօրյա հանրահավաքների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը, ովքեր այն ժամանակ պաշտպանության փոխնախարարներ էին, գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ բանակցում են բանակը ժողովրդի դեմ չհանելու համար:
Հենց դրանից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակին առաջարկեց վանկարկել Մանվել-Մանվել եւ Գագիկ-Գագիկ:
Ի՞նչ են բանակցել Սեյրան Օհանյանն ու Մանվել Գրիգորյանը: Ինչո՞վ է ավարտվել այդ բանակցությունը: Ռոբերտ Քոչարյանը նախապես տեղեկացված եղե՞լ է Սեյրան Օհանյանի եւ Մանվելի բանակցությունից, թե՞ այդ մասին տեղեկացել է հետո: Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց հետո, հավաքելով բանակի հրամկազմը, Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին ազատեց պաշտոններից, իսկ Սեյրան Օհանյանին՝ ոչ: Օհանյանին ո՞վ էր լիազորել այդ բանակցությանը: Իսկ Սերժ Սարգսյանը տեղյա՞կ էր Սեյրան Օհանյանի ու Մանվել Գրիգորյանի բանակցությունից, որի մասին հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ արդյոք դա չի եղել պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը չի ազատել Սեյրան Օհանյանին: Թե՞ ընդհանրապես չի եղել այդպիսի բանակցություն, կամ բանակցությունը եղել է բոլորովին այլ թեմայով, քան այն, ինչ հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մարտի 1-ից 40 օր հետո ստանձնելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին նշանակեց պաշտպանության նախարար, մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր: Դրանից հետո Սեյրան Օհանյանը մերժեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու Սարգսյանի առաջարկն ու դարձավ ընդդիմություն, խորհրդարանի ընտրությանն էլ գլխավորելով ՕՐՕ դաշինքը:
Դաշինքը չհայտնվեց խորհրդարանում: Ընտրությունից մի քանի օր առաջ ձերբակալվեց դաշինքի ոչ պաշտոնական առաջնորդ Սամվել Բաբայանն ու կալանավորվեց: Դա գործնականում կազմալուծեց դաշինքը, որը պաշտոնապես ստացավ մոտ 30 հազար ձայն:
ՕՐՕ դաշինքը գործնականում միակ ուժն էր, որ խոսում էր հետընտրական զարգացումների պատրաստ լինելու մասին: Բայց Բաբայանի ձերբակալությունը թերեւս արգելափակեց այդ հեռանկարը:
Ներկայում դաշինք չկա, առաջնորդներից ակտիվ է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, որը իր Ժառանգության համար փնտրում է նոր խորհրդարանի մուտքի հնարավորություն: Հետաքրքիր է, որ Քոչարյանի գործի առիթով լռություն է պահում դաշինքի մյուս առաջնորդը՝ Վարդան Օսկանյանը, որը նրա հետնախագահական տասնամյակում թերեւս Քոչարյանին ամենահավատարիմ գործիչներից էր, իսկ Մարտի 1-ի կեսօրին՝ իշխանության փաստացի խոսնակը:
Ի դեպ, ոչ պակաս տարօրինակ կլինի, եթե քննությունը հարցեր չունենա նաեւ Վարդան Օսկանյանին: Սերժ Սարգսյանին եղած հարցերի մասին խոսելը թերեւս ընդհանրապես ավելորդ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր