Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 օգոս 2018 14:08

ՀՀ վարչապետի տիկինը պարզաբանում է՝ ինչու է Ռուսաստանում հայտարարել, որ կարևոր չէ՝ ինչպես է ծագել արցախյան հակամարտությունը.տեսանյութ

«Ռուսաստանում արված այդ հայտարարությունից հետո պրոցեսները շարունակվում են, սպասում ենք առաջիկա այցին, ինչպես ելույթում եմ ասել։ Այդ նախաձեռնությունը շարունակական է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Նա պարզաբանեց նաև, թե ինչու է նախաձեռնության մեկնարկի օրը հայտարարել, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել արցախյան հակամարտությունը։
«Իհարկե, շատ կարևոր է, թե ինչից է ծագել արցախյան հակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել, թե որտեղ է դա կարևոր և որտեղ կարևոր չէ։ Այն լսարանում, որի առաջ ես խոսում էի, և այն նպատակը, որի համար խոսում էի, բոլորովին չէր ենթադրում խորանալ և քննարկել հակամարտության  ծագման դետալները, դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է ուղղակի «ո՛չ» ասեն պատերազմին։ Պատերազմին «ո՛չ» ասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել՝ պատերազմի ծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել՝ «ո՛չ պատերազմին», որպեսզի ուսումնասիրություն կատարողները և բանակցություններ վարողները խաղաղ պայմաններում, առանց երկու կողմից էլ զոհերի, նստեն բանակցությունների սեղանին, որպեսզի և՛ ուսումնասիրեն, թե ինչից է ծագել, և՛ գտնեն հանգուցալուծում։ Բայց կարևոր է, որ դա տեղի ունենա խաղաղ պայմաններում, և այդ կոչը հենց դրան էր ուղղված»,- պարզաբանեց Աննա Հակոբյանը։

Այդ օրը ՀՀ վարչապետի տիկինը նաև հետևյալ հայտարարությունն էր արել, որը դարձյալ լայն քննարկման առիթ դարձավ։ «Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմ հայկական և ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանք հայացքներին…»,- ասել էր նա։
Ելույթի վերոնշյալ հատվածի վերաբերյալ Ա. Հակոբյանը պարզաբանեց. «Ասում են, որ մեր զինվորները քաջ են, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ՝ վախն է։ Եթե 18-ամյա երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, ընդ որում՝ անհասկանալի պայմաններում, թե ինչ կտտանքների կենթարկվի, կամ ինչ տեղի կունենա, չի կարող վախ չունենալ։ Ուղղակի հարց է, թե այդ վախին հաջորդող վայրկյաններն ինչ կլինեն՝ փախուստի՞, թե՞ հերոսության վայրկյաններ։ Բայց կրկին իմ ելույթը դրա մասին չէր, այլ նրա մասին, որ չփորձարկենք ո՛չ մեր երեխաների փախուստը, ո՛չ նրանց հերոսությունը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր