Տեսանյութ. Նեղ բիզնես շահերի պաշտպանության արդյունքում Սևանա լճի մակարդակի ավելացման տեմպերը ցածրացել են

Սեյրան Մինասյանը նշեց, որ վերջին
6 տարում Սևանա լճի բացասական բալանս է նկատվել 3 անգամ՝ 2012-ին, 2014-ին, 2017–ին. «Նախորդ տարի բացասական բալանսը կազմել է 4 սանտիմետր։ Նման իրավիճակ կստեղծվի նաև այս տարի,
եթե հաշվի առնենք նախատեսվող 40 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառը։ Ինչպես նախորդ տարի, դա բացատրվում է ոռոգման ջրի պակասով, սակայն իրականում այստեղ բացասական դեր են խաղում ՀԷԿ–երը, որոնց աշխատանքի համար օգտագործվում է ջրամբարների ջուրը։ Օրինակ՝ Մարմարիկի ջրամբարից մարտ ամսին ջուր են բաց թողել,
երբ ոչ մի հողատարածքի ոռոգման մասին խոսք լինել չէր կարող։ Մարտ ամսին այդ ի՞նչ էին ոռոգում Հրազդանում: Այս ամենը կազմակերպված սաբոտաժ է պետական շահերի դեմ՝ ընդհանուր առմամբ և գյուղատնտեսության դեմ՝ մասնավորապես: Արդյունքում տարեցտարի նկատվում է ջրամբարներում ջրի պակաս, նույնիսկ ջրի կուտակման համար բարենպաստ պայմաններում, ասաց Սեյրան Մինասյանը, հավելելով, որ նաև ոռոգման ջրի նման գերծախսը սարսափելի մասշտաբներով է իրականացվում։
Ըստ Սեյրան Մինասյանի Սևանա լճի մակարդակի ավելացման տեմպերը շատ ցածր են և հանդիսանում են նեղ բիզնես շահերի պաշտպանության արդյունք. «Եթե 2002-2012 թթ.–ին Սևանի մակարդակը բարձրացել է 3.5 մետրով, ապա 2012–ից առ այսօր՝ ընդամենը 25 սանտիմետրով։ «Այս գործընթացը իրականացվում է Ջրպետկոմի և Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի (Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա) ձեռքով»,–հայտարարեց նա։
Անդրադառնալով Սևանա լճի ջրահավաք աշխատանքներին Սեյրան Մինասյանը ուշադրության արժանացրեց այն փաստը, որ Արփա—Սևան թունելի անվերջ վերանորոգման աշխատանքների պատճառով լիճ է թափվում ջրի հայտարարված ծավալից քիչ՝ 110-120 մլն խորանարդ մետր 240-250 մլն խորանարդ մետրի փոխարեն. «Չնայած սրան,
օրենքով նախպատեսված 170 մլն խորանարդ մետրը չի վերանայվում։ Ներկա պայմաններում ջրառը չպետք է գերազանցի 80-90 մլն խորանարդ մետրը»,- ասաց մասնագետը։
Ինչ վերաբերվում է այս տարի լճում
մեծ քանակի ջրիմուռներին Սեյրան Մինասյանը ասաց. «Մշտական տատանումների արդյունքում
վատթարացել է ջրի որակն ու սկսել են ճահճացման գործընթացներ, որի մասին է վկայում ջրիմուռների անոմալ ծավալներով ավելացումը»։