Դենը համեմատելի է Քիմ Քարդաշյանի հետ, որի այցը նույնպես մեր երկրին որոշակի օգուտներ բերեց

Զբոսաշրջիկը օրինական ձեւով ժամանել է Հայաստան, ներկայացրել է օրենքով նախատեսված փաստաթղթեր, ստացել է քաղաքացիություն (ինչպես եւ եղբայրը՝ Ադամը, որը նույնպես «պոկերիստ» է), նաեւ օրենքի տառին համապատասխան հաշվառման է կանգնել զինկոմիսարիատում: Նման մարդկանց գալն օգտակար է մեր երկրում այդ զբոսաշրջությունը զարգացնելու առումով՝ թեկուզ այն պատճառով, որ Դեն Բիլզերյանը «ինսթագրամում» 23,5 միլիոն, իսկ «թվիթերում»՝ 1,47 միլիոն հետեւորդ ունի: Ուրեմն, այդ հետեւորդները եւս մեկ անգամ կլսեն Հայաստանի մասին՝ վստահ եմ դրական համատեքստով: Այդ տեսանկյունից Դենը համեմատելի է Քիմ Քարդաշյանի հետ, որի այցը նույնպես մեր երկրին որոշակի օգուտներ բերեց: Նրանց եւ Սերժ Թանկյանի հետ համեմատությունն, ինձ թվում է, տեղին չէ, որովհետեւ ռոք-երաժիշտն արժեքներ է ստեղծում, ոչ թե պարզապես բարձրաշխարհիկ «տուսովկայի» անդամ է: Լավ է, որ Դենը Արցախ է գնացել՝ դա եւս մեկ անգամ Արցախի անունը կհնչեցնի աշխարհում: Ավելի լավ կլինի, եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան «սեւ ցուցակ» մտցնի, քանի որ դա եւս մեկ անգամ ցույց կտա հարեւան երկրի խավարամտությունը: Արցախի Հանրապետություն տարբեր մարդիկ են այցելում: Էդուարդ Լիմոնովը կամ Գերման Ստերլիգովը նույնպես իրենց հայրենիքում ոչ միանշանակ համբավ ունեն, բայց նրանց այցելությունն Արցախ, իմ կարծիքով, օգտակար էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ