Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 նոյ 2018 13:39

Արտառոց երթ Երևանում․ ո՞ւմ է հասցեագրված Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Արտառոց երթ Երևանում․ ո՞ւմ է հասցեագրված Նիկոլ Փաշինյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Նոր նորքի 6-րդ զանգվածից տվեց իր համաերևանյան երթի մեկնարկը՝ չնայած ընդդիմության, հատկապես՝ ՀՀԿ-ի հնչեցրած մեղադրանքներին, որ նա վարչական ռեսուրս է կիրառում։ Տվյալ դեպքում՝ իշխանության քայլերն ու ընդդիմության մեղադրանքներն, այսպես ասած, ստանդարտ են․ Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում ընդդիմությունը իշխանությանը պարբերաբար մեղադրել է վարչական ռեսուրսի կիրառման մեջ, իսկ իշխանությունը համառորեն պնդել է, որ որևէ օրենք չի խախտում։ Հեղափոխությունն այս հարթության մեջ ոչինչ չի փոխել, ինչն, անշուշտ, մտահոգիչ է՝ ավելի շատ քաղաքական, քան՝ իրավական տեսանկյունից։

Իհարկե տհաճ է, որ վարչական ռեսուրսի կիրառման մեղադրանքներ են հնչում այն ուժի կողմից, ով տարիներ շարունակ այդ պրակտիկան կիրառել է, «Ազատության» հետ զրույցում օրեր առաջ ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, միևնույն ժամանակ նշելով՝ այո՛, հաճելի չէ, որ այսօր այդ պրակտիկան ինչ-որ չափով կիրառվում է գործող իշխանությունների կողմից։
Խնդրի իրավական մասն այսքանով սահմանափակենք, մանավանդ, որ փորձագիտական անաչառ գնահատականն արտացոլում է բավականին համապարփակ պատկեր ու ցավոք վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսակցությունները շարունակական բնույթ են ստանալու, որովհետև վարչապետը քարոզարշավի ընթացքում արձակուրդ գնալ չի պատրաստվում։
Սակայն ավելի մտահոգիչ է խնդրի քաղաքական բաղադրիչը։ Հեղափոխության հաղթանակից անգամ յոթ ամիս անց Նիկոլ Փաշինյանի թիմը հասարակությանը փորձում է կոնսոլիդացնել ոչ թե ապագայի տեսլականի, այլ՝ հեղափոխական դեժավյուի հենքով․ այսօրվա երթի քաղաքական նշանակությունն այնքան էլ հասկանալի չէ ու պարզ չէ՝ ում է հասցեագրված այս ուղերձը։ Հայաստանյան այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը, անգամ՝ ՀՀԿ-ն կասկածի տակ չեն դնում Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը, իսկ արտաքին աշխարհի վրա զանգվածային նման ակցիաների ազդեցությունը գերագնահատել՝ թերևս չարժե։
Երթի սկզբում արված լուսանկարները հուշում են, որ հասարակության մոտ հեղափոխական էյֆորիկ տրամադրություններն աստիճանաբար մարում են, համենայն դեպս՝ չկա այն մարդաշատությունն ու հուզականությունն, որն ակնկալվում էր։ Ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ կտանի, սակայն սա ավելի շատ հեղափոխության տրամաբանական ավարտի դրսևորում է, քան՝ հասարակության անվերապահ աջակցություն ժամանակավոր կառավարության գործունեությանը։ Հասարակության դժգոհությունները գնալով ահագնանում են ու հետընտրական Հայաստանում հասարակությունն այլևս հանդես է գալու պահանջատիրոջ դիրքերից, մանավանդ՝ մի քանի ամսվա ընթացքում Փաշինյանի թիմը մի շարք հարցերում ռեստավրացրել է հին համակարգի ոչ այնքան ընդունելի ավանդույթները։ Այսօրվա ցույցի որոշ դրսևորումները դրանց հետևանքներն են, որովհետև՝ անկեղծ ասած, անհասկանալի է, երբ վարչապետը՝ թիկնազորով շրջապատված, զանգվածային երթ է անցկացնում։ Սա իրոք արտառոց վիճակ է ու այնքան էլ պարզ չէ, թե ում է հասցեագրված Փաշինյանի ուժի ցուցադրությունը։
Այսօրվա մեր երթը յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, որը պսակվեց ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ․համաերևանյան երթի մեկնարկին, դիմելով քաղաքացիներին, ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ըստ էության երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է, և կարող են ասել, որ շարժման հարթակը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ըստ նրա՝ խոստացել էին, որ ժողովրդի կամքը կդառնա քաղաքական գործոն, և այդպես էլ եղավ:
Նա հիշեցրել է նաև, որ խոստացել էին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել և կատարել են: «ՀՀ-ում իշխանությունը լիարժեք վերադարձված է քաղաքացուն, ժողովրդին, և առաջիկա ընտրություններում չկա որևէ այլ ուժ, պարզապես գոյություն չունի, բացի ժողովրդից, ով իրավունք ունի և հնարավորություն ունի որոշելու, թե ով լինի պատգամավոր, ով լինի վարչապետ, ով լինի իշխանություն»,-ընդգծել է նա:
Փաշինյանի այս հայտարարությունը հնչել է մի քանի անգամ, այս առումով՝ նորություն չենք լսում, սակայն ուշագրավն այն է, որ հեղափոխական հարթակը չի կատարել իր երեք առանցքային խոստումներից առնվազն մեկը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը նոր ԸՕ-ով, ինչը թույլ չի տալիս վստահաբար պնդել, որ ստեղծված են հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի քաղաքական ու ինստիտուցիոնալ հիմքերը։ Խորհրդարանական այս ընտրարաշավն անցնում է զգալիորեն ապաքաղաքական միջավայրում, ինչը չի բխում հեղափոխության համատեքստից ու շատ ավելի տրամաբանական լիներ, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց փողոց հաներ ոչ թե այսօր, այլ ավելի շուտ, երբ խորհրդարանում հակահեղափոխության ջանքերով տապալվում էին ԸՕ բարեփոխումները։

1in.am



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր