Քոչարյանի փակված էջը․ քրեական խրոնիկայի հերոսը
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «քաղաքական» է որակել Վերաքննիչ դատարանի որոշումը իր կալանավորման մասին:
Նման դեպքերում նույնիսկ անկարելի է այլ գնահատական ակնկալելը, մանավանդ որ Քոչարյանն ու նրա շրջապատը չեն ընդունում երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը։ Մյուս կողմից՝ անկախ համատեքստից, նախկին նախագահի հետ կապված քաղաքական որոշումները չեն կարող չունենալ քաղաքական հետևանքներ։
Սակայն ԱԱԾ ներկայանալուց ու կալանավորվելուց առաջ Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարությունը հուշում է, որ պաշտոնաթող նախագահը համառորեն չի ցանկանում կամ չի ուզում վերադառնալ ադեկվատության հարթություն։ «Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին: Բացի այդ, պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել»,- կարդում ենք նա հայտարարության տեքստում։
Արցախում և Հայաստանում իր հեղինակության մասին խոսող Ռոբերտ Քոչարյանն առնվազն մոլորության մեջ է, որովհետև հեղինակության հիմնական հատկանիշը հանրության աջակցությունն է։ Սա, թերևս, Ռոբերտ Քոչարյանի «աքիլեսյան գարշապարն» է, որովհետև հայկական միջավայրում ոչ միայն չկան նրան աջակցող ձայներ, այլ նույնիսկ խիստ ընդգծված են հակադիր տրամադությունները․ ժողովուրդը պահանջում է երկրորդ նախագահին ենթարկել պատասխանատվության, ընդ որում՝ ոչ միայն Մարտի 1-ի գործի համար։
Իսկ «արտերկիր» ասելով՝ Քոչարյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի բացառապես ու միայն Վլադիմիր Պուտինին, որին համարում է իր ընկերը։ Համենայն դեպս, Քոչարյանին անցած ամիսներին զորակցել է միայն պաշտոնական Մոսկվան, ընդ որում՝ հյուսիսից հնչող հայտարարություններում ոչ այնքան արժևորվել է երկրորդ նախագահի անձը, որքան՝ խաղարկվել է նրա գործոնը՝ Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբեություններ պարզաբանելու նպատակով։
Ռոբերտ Քոչարյանը շարունակ խոսում է իր քաղաքական հեռանկարի մասին, որն իբրև թե անհագստացնում է Հայաստանի գործող իշխանությանը։ Դարձյալ մնում ենք ապշած, որովհետև երկիրը տասը տարի ղեկավարած մարդը պարզունակ պատկերացումներ ունի քաղաքականության մասին։ Քաղաքական հեռանկարը ուրվագծվում է հրապարակային գործընթացներին ակտիվ մասնակցության տեսքով։ Քոչարյանը մի քանի ամիս ազատության մեջ էր ու նույնիսկ չկարողացավ կուսակցություն հիմնադրել, որովհետև, ըստ էության, չունի քաղաքական ասելիք կամ օրակարգ։ Ավելին՝ համոզված ենք, որ Ռոբերտ Քոչարյանի բոլոր հայտարարությունների քաղաքական ասելիքը սահմանափակվելու է նման ստանդարտ, ոչինչ չասող տեքստերով։
Քոչարյանը խոստանում է քաղաքական պայքարը շարունակել բանտից, ինչն առնվազն տարակուսելի է․ եթե մարդն ասելիք չունի ազատության մեջ, հազիվ թե՝ նրան օգնեն ճաղավանդակաները, մանավանդ դրանց պարագայում երկրորդ նախագահը կարող է ավելի շատ շանտաժի մեջ պահել ոչ թե գործող իշխանության, այլ՝ իր համակարգի ներկայացուցիչներին, որոնցից շատերը հավանաբար ընկերակցեն իրենց նախկին շեֆին, եթե վերջինս որոշի անուններ կամ նոր հանգամանքներ բացահայտել։
Քոչարյանի տեքստում «2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչ» հռչակված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նման դատական ակտ չի կայացվել անգամ քրեաօլիագարխիային սպասարկող դատարանի կողմից ու, բնականաբար, Հայաստանի գործող վարչապետը «արյունից մաքրվելու» անհրաժեշտություն չունի։
Երբ նույնիսկ կալանավորվելուց առաջ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, ոչինչ չի ասում, ապա կարող ենք վստահաբար պնդել, որ նրա գործունության քաղաքական էջն ամուր փակված է ու երկրորդ նախագահի անունն այլևս լսելու ենք քրեական խրոնիկայում։ Ու հատկանշական է, որ այդ իրադարձությունը տեղի ունեցավ հեղափոխության վերջնական հաղթանակից երկու օր առաջ։
1in.am