Աննախադեպ իրավիճակ. Հայաստանում սպառվել են հեղուկ գազի պաշարները. որն է պատճառը

Նկատենք, որ տարվա մեջ մի քանի անգամ լինում են դեպքեր, երբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով Ռուսաստանից հեղուկ գազ չի ներմուծվում Հայաստան, սակայն առաջին անգամ է, որ լուրջ խնդիրներ են առաջացել այլընտրանքային ուղիով՝ Իրանից Հայաստան հեղուկ գազ ներմուծելիս։
Հեղուկ գազ ներմուծող «Գազ պրոպան» ընկերության տնօրեն Ժիրայր Յախանեջյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ներմուծման դժվարությունները պայմանավորված են ճանապարհների անանցանելիությամբ։ Նրա խոսքով՝ հեղուկ գազի սպառման աննախադեպ աճ է արձանագրվել, քանի որ Հայաստանում շեշտակի աճել է հեղուկ գազով ավտոմեքենաների պահանջարկը։
Նա նշեց, որ ընկերությունները խուսափում են մեծ քանակությամբ վառելիք ներկրել, քանի որ միջազգային շուկայում, մասնավորապես Ռուսաստանում հեղուկ գազի գնի տատանումները կարող են ազդել Հայաստանյան գների վրա։
Յախանեջյանը հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ ՌԴ–ից և Իրանից ներմուծվող հեղուկ գազը հնարավոր է հասնի լցակայաններ։
Նշենք, որ Հունվարի 14-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: Նշենք, որ 2018 թ. հունիսի 30-ից առայսօր շինարարական աշխատանքներ են իրականացվում նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: