Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 հուն 2019 21:52

Այս իրավիճակում դժվար է չսխալվելը

Ովքեր են կառավարության ձախողման շահառուները: Դրանք այնքան շատ են, որ թվելն անգամ հոգնեցուցիչ կլիներ: Դրանք այն բոլոր քաղաքական ուժերն են, որոնք ներկայացված չեն Ազգային Ժողովում, բոլոր այնպես մտածողներն են, որոնք կարծում էին, որ նախկին իշխանության հեռացման հետ իրենց բոլոր խնդիրներն ավտոմատ լուծվելու են, Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին քայլողներին հընթացս խառնված այն պատեհապաշտներն են, որոնք անվարձահատույց են մնացել: Բոլոր այն մարդիկ, որոք նախկինում օրենք էին շրջանցում եւ հարստանում` դատավորներ, հարկ չվճարողներ, մանր-մունր պաշտոն զբաղեցնող հովանավորյալ անպիտաններ... թվելն անգամ դժվար է: Եւ իհարկե այն պաշտոնյաները, որոնք պարզապես չեն կարող նոր ձեւով աշխատել:
 
Կառավարության հակառակորդը մեր բոլորի վատ սովորույթն է, երբ ամեն մեկիս թվում է, որ ինքն ավելի լավ այս կամ այն պաշտոնը կվարեր կամ ավելի լավ կկառավարեր երկիրը, քան դա Փաշինյանն է անում: Նայեք սոցիալական ցանցերը` ամեն կթվորուհի (սա` փոխաբերաբար, իրական կթվորուհուց ներողությամբ) հիմա խորհուրդ է տալիս նախարարին ու վարչապետին` ինչ անել, ինչպես պետություն կառավարել: Հատկապես ագրեսիվ են սոցիալական ցանցերի օգտատեր տարիքով կանայք, որոնք մինչ այս փառաբանում եւ գովաբանում էին իրենց արեւ ու փրկիչ Նիկոլին, հիմա նույն ագրեսիվությամբ (ճիշտ, թե սխալ են` կարեւոր չէ) հարձակվում են օրենքով նախատեսված տասներեքերորդ աշխատավարձ ստացողների վրա ու նրանց անբարոյական կոչում, կամ` խելք սովորեցնում ուզած պաշտոնյային, Նիկոլին էլ կոչում` դրանց բոլորի հախից գալ:
 
Այս իրավիճակում դժվար է չսխալվելը, քանի որ անընդհատ սեփական երեխայի վրա բղավող ծնողների պարագայում` երեխայի սխալվելու հավանականությունը բազմապատկվում է: Ոնց որ բոլորը սպասեն, որ Աքելան ընկնի: Արածին ու անգամ չարածին են անմիջապես հակադարձում:
 
Օրեցօր ավելի դժվար է դառնում ճիշտ որոշումների ընդունումը` սաստկացող քննադատության ներքո: Այս իրավիճակում վարչապետ Փաշինյանն ավելի շատ ոչ թե «լայվերի» ու իր բաց-թափանցիկ լինելու մասին պետք է մտածի, այլ առանց արձագանքի էմոցիային տրվելու` միայն արդյունք ապահովող որոշումներ կայացնելու: Իհարկե, դա դժվար է, երբ շուրջդ այնքան մարդ կա, որոնք իրենց բուն գործը չեն պատկերացնում կամ ապրում են հնի իներցիայով:
 
Բայց երբ ընտրում ես այդպիսի մարդկանց`փորձված խորհրդարանական լինելով, պիտի որ իմանաս ինչ է սպասվում հետո: Փորձի պակասի մասին որ ասում ենք` հենց դա է. շատ պաշտոնյաներ ու պատգամավորներ անգամ իրենց պահելու ձեւը չգիտեն: Օրինակ` Հայկ Կոնջորյանը լավ վերլուծաբան է, բայց լավ վերլուծաբանի հոգեբանությունը (երբ ինչ խելքիդ փչի` կգրես) պետական մտածողություն ունեցող պառլամենտականի հոգեբանությամբ դեռ չի հասցրել փոխարինել, քանզի առաջին դեպքում պարտավոր է երկրին սպառնացող բոլոր վտանգներն առանց թաքցնելու մատնանշել, երկրորդ դեպքում` հարցերին դիվանագիտորեն, պետության շահի տեսակետից մոտենալ:
 
Հիմա 88 պատգամավորներից շատերը խորհրդարանում դեռ պետք է փոխեն իրենց հոգեվիճակը, անգամ` ավելի վաղ փաստահավաք խմբի ղեկավար եղած Անդրանիկ Քոչարյանը, քանի որ նեղ խմբի շահերը ներկայացնողից տեղափոխվել է պետության շահերը ներկայացնողի դաշտ: Այս խնդիրը անձերի խնդիր լինելուց ամեն պահ կարող է դառնալ պետության խնդիրը: Անգամ վարչապետի դեպքում, օրինակ` Արցախի հարցում ընդդիմադիր գործչի նախկին իր հայացքը այժմ պետք է վերակառուցի պետական գործչի հայացքի: Այլապես` բոլոր այս խնդիրներում անգամ փոքր սխալից օգտվողների պակաս չի լինելու: Ընտրյալ Մակրոնն, օրինակ, կարճ ժամանակում վաստակեց դեղին բաճկոնավորների բողոքը, Հայաստանում նույնպես կարող է այդպես լինել: Մյուս կողմից` ներկայումս ընդդիմության դերի մեջ մտածները, փաստորեն, իրենց փորձառությունն օգտագործելով եւ պետության համար իրենց այնքան էլ պատասխանատու չզգալով, տիրապետելով զանգվածների զգացմունքների հետ խաղալու գործիքներին եւ թեմաներին, իրենց քաղաքական շահն ունենալով` նույնպես որոշ իմաստով ձախողման շահառու են: Այնպես որ` Սիզիփոսի ուրվականը պետք է կառավարությունից հնարավորինս հեռու վանել, որոշ դեպքերում շրջանցել ընդդիմախոսներին, եւ սուսուփուս գործ անել:
 
Կառավարության ձախողման մշտական լիցք ունեցող Արցախի հարցը
 
Դիցուք վերջին` Փաշինյան-Ալիեւ ոչ պաշտոնական հանդիպումը Դավոսում, որի վերաբերյալ ընդդիմախոսները պահանջում են առավել թափանցիկություն, քանի որ դա ողջ հայությանը վերաբերող հարց է ու այնպես չէ, ինչպես Բոլթոնն է պատկերացնում, թե մեծ լեգիտիմություն ունեցող ղեկավարն այդ հարցում կարող է ավելի գործուն պահել իրեն: Հասկանալի է, որ Արցախի հարցի լուծման արագացմամբ շահագրգռված են տարաշրջանում շահեր ունեցող եւ հաղորդակցման անվտանգություն լուծող Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ադրբեջանը, որոնք որոշ տարածքների զիջման դիմաց պատրաստ են հաղորդակցության ուղիներ տրամադրել Հայաստանին: Իհարկե, հայկական կողմը միշտ հերքում է որեւէ տարածքի զիջման հնարավորությունը, Փաշինյանն ասում է` բացառեք դավադրությունների տեսությունը, չնայած` նա ավելի վաղ Արցախի հարցի փոխզիջումային տարբերակի կողմնակից Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից էր: Բայց եւ` Տեր-Պետրոսյանի իշխանազրկման պատճառը ժամանակին փոխզիջումային տեսակետին հարելն էր, սա եւս շատ լավ գիտե Փաշինյանը: Այնպես որ, իրոք, այս հարցում նա պետք է քաղաքական ուժերին եւ հանրությանն իրազեկելով աշխատի, ինչպես Էդմոն Մարուքյանն ու այլք են առաջարկում, այլապես կհայտնվի Տեր-Պետրոսյանի վիճակում:
 
Բա չիմանանք` ինչու է Ադրբեջանում այս պահին կրկին արդիականացել ադրբեջանցի փախստականների` Արցախ վերադառնալու հարցը, իսկ մեր Հանրայինի «Լուրերով» սահմանամերձ գյուղերի բնակիչները հիշում են ադրբեջանցիների հետ հին քիրվայությունը (չեմ կարծում, որ լրագրողն իր նախաձեռնությամբ է նման ռեպորտաժ արել):
 
Կամ ինչու է ռուս փորձագետ Ալեքսեյ Ֆոմենկոն համոզված, թե Փաշինյանը, տարածություն  պահելով Ռուսաստանից, հույս ունի Արցախի ստաուս-քվոյում արեւմուտքի լոյալությունը ստանալ: Ըստ Մոսկվայի համալսարաններից մեկի միջազգային անվտանգության հարցերով այս փորձագետի` Փաշինյանից պահանջվում է կատարել 2016 թվականի պետերբուրգյան համաձայնությունը` Արցախի մի քանի շրջանի ապառազմանականացման մասին, սակայն Փաշինյանը, ինչպես եւ Հայաստանի ամեն ղեկավար, վախենում է կրկնել Տեր-Պետրոսյանի ճակատագիրը:
 
Հետաքրքրական է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումին հաջորդել է մեր վարչապետի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Տպավորություն էր, թե Բոլթոնը զանգել էր իմանար` Փաշինյանն ու Ալիեւը ինչ են խոսել, մանավանդ ժամանակին Բոլթոնը սպասումներ էր հայտնել նոր, լեգիտիմ իշխանությունից հենց ղարաբաղյան բանակցություններում: Փաշինյանը չնայած ասում էր, թե Բոլթոնի հետ զրույցում անդրադարձ չի եղել Արցախի հարցին:
 
Իսկ Ադրբեջանն անընդհատ խոսում է տարածքային ամբողջականությունից, սպառազինվում ինչ խաղաղության պատրաստվելու մասին են խոսում բանակցային ճարտարապետները, էդ ինչ խաղաղություն է, որին պետք է պատրաստվի Հայաստանը, Ադրբեջանը` ոչ: Բացի այդ` այժմ Ադրբեջանի գլուխը խառն է իր ներքին հուզումների պատճառով: Այդ դեպքում` որտեղից, ում կողմից են բուծվում այն տեսակետները, ըստ որոնց արդեն հունիսին Փաշինյանն ու Ալիեւը համաձայնություն կկնքեն, հայկական կողմը ստիպված կլինի որոշ շրջաններ Ադրբեջանին փոխանցել, որից հետո Հայաստանի համար բարենպաստ հաղորդուղիների տրամադրման հարց կլուծվի:
 
Կոնկրետ փաստաթուղթ կա՞ սեղանին, կա՞ առետուր` ինչ-որ փաստաթղթի այս կամ այն կետի վերաբերյալ. սա դժվար է հասկանալ: Ըստ Փաշինյանի` ոչ, այնպես` խոսում են, էլի, պատմությունից, հեռանկարից: Իսկ որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, սա կարծես մոռացվել է: Հանրությո՛ւնն է հիշում` համացանցում Փաշինյան-Ալիեւ հանդիպման լուսանկարը տարբեր մեկնաբանություններ է ստացել, առավել տարածվածը` երկուսի գլխավերեւում Բակո Սահակյանի պատկերի ավելացումով է, մակագրությամբ` «Հանգիստ տեղներդ նստե՛ք»:
 
Ինչի մասին են հուշում Բաքվի ցույցերը
 
Ոչ ոք չի կարող վստահորեն պնդել` այս օրերին Բաքվում ընթացող բազմամարդ ցույցերը իրական ինքնաբուխ բողոք ե՞ն իշխանության դեմ, թե՞ ուղղորդվում են իշխանական շրջանակներից որոշակի նպատակներով: Ասենք` ղարաբաղյան բանակցությունները դանդաղեցնելու պատճառ ունենալու համար: Կամ` ինչ որ միջազգային ճնշումների դիմակայելու համա՞ր են խաղեր սկսել: Կամ էլ միգուցե միջազգային մոդերատորները հիմա էլ Ադրբեջանում են ժողովրդավարություն հաստատո՞ւմ: Քանի որ մարդու հավատը չի գալիս, որ ավտորիտար Ադրբեջանում թույլ են տալիս ու չեն ճնշում որոշ տեղեկություններով մինչեւ մի քանի տասնյակ հազար մասնակիցներով ցույցերը, ու անգամ` ցուցարարների պահանջների ոգով որոշումներ են ընդունում:
 
Մի փոքր ցույցերի նախապատմությունից
Ցույցերը սկսվեցին անցած շաբաթավերջին` ամեն օրվա հետ մասնակիցների նոր ցուցանիշ արձանագրելով: Երեւացող պատճառը երիտասարդ բլոգեր եւ ժուռնալիստ Մեհման Հուսեյնովին նոր մեղադրանքի առաջադրումն է, վերջինս արդեն երկու տարի ազատազրկված է իշխանության կոռումպացվածությունը քննադատելու համար, բնականաբար` քրեական հոդվածով: Նրա ազատ արձակման ժամկետը մոտենում էր, սակայն նրան բանտում ինչ-որ միջադեպի մեջ են ներքաշել եւ բանտի աշխատակցին ծեծելու նոր մեղադրանք առաջադրել: Հետեւեցին այլ լրագրողների հացադուլներ եւ բողոքի հանրահավաքներ: Հանրահավաքները Բաքվի կենտրոնում չէին, այլ ծայրամասում գտնվող մի ստադիոնում, սակայն դա չխանգարեց դրանց զանգվածային դառնալուն: Չգիտենք` իշխանությունը վախեցա՞վ ցույցերից, թե՞ հենց սկզբից դա կար սցենարում` բայց իրավական ճանապարհ գտնվել է, Հուսեյնովին ներում խնդրելու են հակել ու ազատ են արձակելու: Սակայն հետաքրքրական է, որ ցուցարարները դիմել են նոր արտոնված հանրահավաքի համար, որ վաղը, թե մյուս օր է լինելու: Ցուցարարներին միացել են եւ այժմ ցույցերը կազմակերպում են նաեւ երկու-երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր: Այս օրերին ընդլայնվել է նաեւ ցուցարարների պահանջների շարքը` մոտ հարյուր քաղբանտարկյալին ազատ արձակելուց վերաճելով գլոբալ պահանջների, հիմա արդեն խոսք է գնում կոռումպացված պաշտոնյաներից ազատվելու, օֆշորում լվացվող գումարները երկիր վերադարձնելու եւ այլնի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն չեն լուսաբանում ցույցերը` ուզած լրատվամիջոցը բացելով զգում ես պետական քարոզչամեքենայի շունչը: Մի փոքր ավելին կարելի է իմանալ ադրբեջանցիների սոցիալական էջերից, չնայած դրանք անցած հանգստյան օրերին պետությունը խափանել էր:
 
Մեր որոշ քաղաքականներ ողջունում են Ադրբեջանում փոփոխությունները, նրանց կարծիքով դրանք թույլ կտան Արցախի հարցի ավելի բարենպաստ լուծում մեզ համար: Այդպես կարծողները, սակայն, մոռանում են, որ Ադրբեջանի բոլոր քաղաքական ուժերն արմատական են տրամադրված Արցախի հարցում, որ որեւէ ընդդիմություն այլ բան չի կարող ասել, բացի «Ղարաբաղը մերն է» կոչից, այլապես կմերժվի հասարակության կողմից:
 
Մենք ավելի լավ է` լուռ հետեւենք, թե ինչ է կատարվում Բաքվում, աշխատենք հասկանալ` իմիտացիա՞ է սա, ինչ-որ միջազգային մոդերատորի ձեռքի գո՞րծը, թե՞ սովորական ադրբեջանցին, իրոք, այլեւս հոգնել է Ալիեւյան կլանից: Մենք ել պետք է զգուշանանք հին ու բազմիցս խաղարկված քարտից, երբ Ալիեւը իր խարխլված հեղինակությունը փորձում է կարկատել ռազմական հռետորաբանությամբ, սահմանային լարվածությամբ ու էս անգամ էլ միգուցե սահմանային նոր լարվածությունից էլ չխորշի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր