Կառավարությունը շատ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել.Փորձեր կան,Մուշեղ Սաղաթելյանի գործն օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ
Հայաստանի կառավարությունը Եվրոպական դատարանում գտնվող գործերի նկատմամբ մի շատ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել: Այդ գործերը և հետագայում դրանցով կայացված վճիռները փորձ է արվելու օգտագործել քաղաքական նպատակներով: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ալումյանը, իր խոսքերը պարզաբանելու համար, մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը նա հնչեցրեց 2018 թվականի սեպտեմբերի 15-ին, Փարիզում. «Այդ ելույթի 9-րդ րոպե 7-րդ վայրկյանից հետո, Փաշինյանն ասում է՝ «Ուրիշ բան ասեմ, որ մեզ մեղադրում են դատական գործերին միջամտելու մեջ: Մենք սկզբից գաղափար կար, որ մեր պետության հեղինակությունից ելնելով, ՄԻԵԴ-ի բոլոր գործերը, այսպես ասած բան անենք...»: Նկատի ունի, որ այն գործերով, որոնցով դիմումները ճիշտ են և ՀՀ-ն սխալ է եղել, դիմողների հետ Հայաստանում հաշտության գանք, որպեսզի ՄԻԵԴ-ին գործը չհասնի, ինչը տրամաբանական է: Ապա Փաշինյանը շարունակում է՝ «Բայց հիմա մենք այդ ճանապարհով չենք գնալու: Թող գնան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների բոլոր գործերը պարտվեն ՄԻԵԴ-ում, և այդ գործերը ետ գան: Այդ ժամանակ թող նրանք պատասխանեն, թե ինչպես է եղել, որ տասնյակ գործերով ապօրինի դատավճիռներ են կայացվել»»:
Փաստաբան Ալումյանի խոսքերով, սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ի վճիռները փորձ է արվելու օգտագործել քաղաքական օպոնենտների դեմ. «Սա նաև թաքնված հրահանգ է մեր ներկայացուցիչներին՝ ՄԻԵԴ-ում և Արդարադատության նախարարությունում: Այսինքն վարչապետը հրահանգում է այդ անձնաց գնալ և ՄԻԵԴ-ում այդ գործերը պարտվել, որպեսզի ինքը կարողանա ապացուցել, որ նախկինները եղել են օրինախախտ: Սա շատ վտանգավոր տենդենց է, որը նկատվում է Մարտի 1-ի գործերում: Շուտով ՄԻԵԴ-ում քննվելու են Մարտի 1-ի հետ կապված շատ գործեր, եթե մեր կառավարությունը հակափաստարկներ չներկայացնի, Եվրոպական դատարանին այլ բան չի մնա, քան փաստել, որ մարտի 1-ին մարդկանց իրավունքները խախտվել են: Իսկ եթե կառավարությունը հակափաստարակներ ներկայացնի, հնարավոր է այլ սցենար լինի: Հիմա մեր կառավարությունն այնտեղ չի դիմադրելու, հետո ՄԻԵԴ-ի վճիռներն այստեղ օգտագործվելու են քաղաքական նպատականերով: Եվ արդեն փորձեր կան, օրինակ՝ Մուշեղ Սաղաթելյանի գործն օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ»: