«Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Ռուբլին թանկացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 15-ի համար    

03 ապր 2019 12:56

Պուտինն անձամբ է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում կարող է խաղաղության «ճանապարհային քարտեզ» հայտնվել

Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության արևելյան բաժնի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը գործակալության կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին՝ դրա շրջանակում կենտրոնանալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի և դրանց հավանական արդյունքների վրա:

Հեղինակը հիշեցնում է, որ մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումից հետո, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցներ են ունեցել Պուտինի հետ՝ կիսվելով հանդիպման արդյունքների վերաբերյալ իրենց տեսակետներով:

«ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի համատեքստում Վիեննայի հանդիպումից հետո Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունու շրջանակում հեռախոսազրույցների ակտիվացումը չի ընկալվում որպես պատահական երևույթ: Այն ակնհայտ աչքի է զարնում նաև այն պատճառով, որ, ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների ղեկավարների, Ռուսաստանի նախագահն ամենաակտիվն է փորձում նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնմանը: Դա հանգեցնում է այն մտքին, որ կարգավորման գործընթացը, կարծես, Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ նոր փուլ է մտնում՝ չնայած, որ դրա ուրվագիծը դեռևս չի նշմարվում»,-գրում է Տարասովը:

Քաղաքագետը հիշեցնում է, որ հենց Պուտինի անձնական մասնակցության արդյունքում է 2016թ. ապրիլին հնարավոր դարձել դադարեցնել «Քառօրյա պատերազմը», Դուշանբեում Ալիևի և Փաշինյանի միջև շփման գծում լարվածությունը նվազեցնելու շուրջ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Տարասովը նկատում է, որ թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ն այդ ամենի հետ կապ չուներ:

«Բաքվի և Երևանի միջև, ըստ ամենայնի, միջնորդը եղել է ու կա: Ամեն ինչ ցույց է տալիս Ռուսաստանի նախագահի կողմը՝ չնայած, որ այստեղ հանելուկները շատ են: Դավադրության տեսությանը հավատալու ցանկություն չկա, սակայն բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ Ալիևը հենց սկզբից պայմանավորվածությունների գնաց Փաշինյանի հետ, և դա արեց նախքան դեկտեմբերին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը»,-գրում է Տարասովը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ բազմաթիվ ադրբեջանցի փորձագետներ կանխատեսում էին «Փաշինյանի ռեժիմի» անկումը:

Բացի այդ, հոդվածագիրը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հանրապետությունների ձևավորման 100-ամյակի առթիվ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին ուղղված ուղերձները, որում նախազգուշացնում էր «մոտ ապագայում հակամարտության կարգավորման նոր հնարավորությունների ի հայտ գալու մասին»:

«Շատերը վստահ էին, որ Վաշինգտոնը որոշել է ակտիվացնել իր քաղաքականությունը ղարաբաղյան ուղղությամբ, սակայն Մոսկվան սկսեց առաջ անցնել: Ստացվում է, որ Բաքուն և Երևանը Ռուսաստանը դիտարկում են որպես ամենամտերիմ միջնորդ, որը բավականաչափ քաղաքական կամք ունի ստատուս քվոն փոխելու ու խաղաղապահական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար»,-շարունակում է Տարասովը՝ նկատելով, որ Ռուսաստանն այս ներուժը նախկինում էլ ուներ, սակայն չի բացառվում որ դրա ներկայիս ակտիվացումը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ:

Ըստ Տարասովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի հասնելու ցանկություն կա, այդ պատճառով Պուտինը Փաշինյանին և Ալիևին լուռ դրդում է երկխոսության՝ փորձելով փոխզիջման հասնելու նպատակով նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ:

«Թե կոնկրետ ի՞նչ ձևաչափով են դրան հասնելու՝ Մինսկի խմբի միջնորդությա՞մբ, թե՞ Փաշինյան-Ալիև երկխոսության (առանց ԵԱՀԿ ՄԽ-ի) միջոցով, դեռևս սկզբունքային նշանակություն չունի...Իսկ մինչ այդ հստակ տպավորություն է ձևավորվում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում խաղաղության հասնելու համար «ճանապարհային քարտեզ» է ծնվում, որը լավագույնս կբխի հակամարտության երկու կողմերի ազգային շահերից»,-գրում է Տարասովը:

Որպես իր ասածի ապացույց՝ հեղինակը մեջբերում է ամերիկյան The National Interest պարբերականի հոդվածներից մեկը, համաձայն որի ՝ Բաքուն և Երևանը շարունակում են զարգացնել գործընկերային հարաբերությունները Մոսկվայի հետ:

«Բայց նախևառաջ պետք է կարգավորել ԼՂ հակամարտությունը, և դա անել այնպես, որ, ինչպես Պուտինն է ասում, «ո՛չ հաղթող լինի, ո՛չ էլ պարտվող»: Իսկ մինչ այդ ՌԴ նախագահը ցանկանում է հասնել նրան, որ  սկզբի համար Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայի երաշխիքների ներքո իրավական բնույթ ստանան»,-եզրափակել է Տարասովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր