Սադրանքը չի հաջողվել, որովհետեւ տխմար ձեւով են աշխատել
![](https://armtimes.com/static/article/16/55/15/165515.jpg)
Որ քաղաքական ուժերի միջեւ հիմնական ճակատամարտերն ընթանում են հանուն հանրային դրական կարծիքի՝ դա նորմալ է։ Աննորմալն այն է, որ խաղի կանոններ չկան։ Ավելին՝ պայքարն այնքան կատաղի է, որ «ճակատամարտող կողմերը» չեն էլ նկատում, թե ինչպես են միմյանց հարվածելու փոխարեն հարվածում պետությանը։ Միայն մի օրինակ բերենք։
Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց իբր վարչապետ Փաշինյանի ստորագրությամբ մի նամակ, որտեղ նա խոստանում էր մեկ տարվա ընթացքում ինչ-որ տարածքներ հանձնել։ Կեղծիքն, իհարկե, անմիջապես բացահայտվեց (կեղծարարները շատ կոպիտ ու անգրագետ էին աշխատել), շատ արագ բացահայտվեց նաեւ «ադրբեջանական հետքը», ու դա այնքան ակնհայտ էր, որ անգամ իշխանությունների վրա ցեխ շպրտելու առիթ փնտրողներն ընդունեցին դա։ Բայց նաեւ մոտավորապես այսպիսի ձեւակերպումներ եղան՝ «դե իհարկե կեղծիք է, բայց դա չի նշանակում, թե Փաշինյանն այդպիսի մտադրություններ չունի․․․»։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ արեցին, որ ինչպես հրեական հայտնի անեկդոտում է ասվում՝ նստվածքը մնա։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։
Փաստորեն ի՞նչ է տեղի ունեցել։ Ադրբեջանական քարոզչամեքենան (միայնակ կամ այլ երկրի հետ համատեղ) կեղծ լուր է տարածել, որի նպատակը ՀՀ իշխանությունների նկատմամբ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի մեջ անվստահություն սերմանելն ու հասարակությունը պառակտելն է։ Սադրանքը չի հաջողվել, որովհետեւ տխմար ձեւով են աշխատել։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ներսում էլ նախկիններն են ամիսներ շարունակ լրատվամիջոցներով առաջ մղում այն «միտքը», թե վարչապետ Փաշինյանը խոստացել է տարածքային զիջումներ անել ու հենց այդ ճանապարհով էլ գնում է՝ նախապես ասպարեզից հեռացնելով պոտենցիալ խանգարողներին։ Իհարկե՝ բացարձակապես որեւէ հիմք չկա կարծելու, թե Հայաստանի նախկին իշխանություններն ու ադրբեջանական քարոզչամեքենան համաձայնեցված են գործում, բայց փաստը մնում է փաստ, որ քարոզչական թեզերն իրարից գրեթե չեն տարբերվում։
Ու սա պիտի մտահոգի նախկին իշխանություններին ու նրանց քարոզչամիջոցներին։ Նրանք պիտի փորձեն իրենք իրենց համար պարզել՝ ինչպե՞ս է պատահում, որ իրենց «թեզերը» մեկին մեկ համընկնում են դրսից Հայաստանը պառակտելուն ուղղված քարոզչական դիվերսիաներին։ Պատվիրատունե՞րն են նույնը, շահե՞րն են համընկնում, թե՞ պարզապես զուգադիպություն է։ Ու խնդիրը միայն «տարածքային զիջումները» չեն։ Ընդհանրապես՝ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի թշնամիներն էլ են իրենց հույսը կապում վարչապետ Փաշինյանի նկատմամբ հասարակության մեջ անվստահություն սերմանելու հետ, իրենք իրենց որպես քաղաքական ընդդիմություն ներկայացնող նախկիններն էլ։
Սրանք լուրջ հարցադրումներ են, որոնք, սակայն, սովորաբար հասարակության ուշադրությունից դուրս են մնում։ Փոխարենը՝ մնում է քարոզչական կեղծիքների նստվածքը։