18:53 - Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Տեսանյութ         17:20 - Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց      16:57 - «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը. Տեսանյութ    

25 հուլ 2019 13:37

Կաթվածից պացիենտների ողջ մնալու հավանականությունը.15 րոպեն կարող է կյանք փրկել

Եթե կաթվածը սկսեն բուժել ընդամենը 15 րոպե ավելի շուտ, դա կարող է լրջորեն ազդել հիվանդության ելքի վրա եւ մահվանից ու հաշմանդամությունից փրկել պացիենտին։ Այս մասին ասվում է JAMA Network ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Դեւիդ Գեֆենի անվան Բժշկական դպրոցի մասնագետները հետազոտության ընթացքում ցանկացել են պարզել՝ կա՞ արդյոք կապ սուր իշեմիկ կաթվածի ռեպերֆուզիոն թերապան սկսելու ժամանակի եւ արդյունավետ բուժման միջեւ։ Ինչպես պարզվել է, բուժումն ավելի վաղ ու արագ սկսելը կարող է փրկել կյանքը եւ կանխել երկարատեւ հաշմանդամությունը։
Կաթվածի բուժումը սկսվում է շտապօգնության բրիգադի գալուստով՝ հիվանդին հիվանդանոց հասցնելու համար, որտեղ պացիենտը պետք է ստանա անհապաղ օգնություն, բուժման կուրս՝ կրկնակի կաթվածը կանխելու համար եւ պետք է վերականգնվի։ Ռեպերֆուզիոն թերապիան սուր իշեմիկ կաթվածի դեպքում  ենթադրում է դեղերի ներերակային ներարկում, որոնք ցրում են անոթների թրոմբները։

Նոր հետազոտությունում գիտնականները վերլուծել են 6756 մարդու տվյալներ, որոնք ունեցել են իշեմիկ կաթված։ Պացիենտների միջին տարիքը 70 էր, կեսից ավելին կանայք էին։ Հաշվի էր առնվել նաեւ այն ժամանակը, որը պահանջվել էր հոսպիտալացման եւ բուժումն սկսելու համար։ Արդյունքում՝ նրանք հայտնաբերել են, որ յուրաքանչյուր 1000-րդ պացիենտի համար, որոնց բուժումն սկսվել է 15 րոպե ավելի շուտ, մահերի եւ հաշմանդամությունների 15 դեպք պակաս է եղել։ Բացի այդ, այդ 1000 պացիենտից 17-ը կարողացել է հիվանդանոցից դուրս գալ առանց կողմնակի օգնության, իսկ 22-ը կարողացել է ինքնուրույն հոգալ իր հոգսերը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։
Հետազոտության համաձայն՝ հիվանդանոցում հայտնվելու պահի եւ բուժումն սկսելու միջին տեւողությունը կազմում է 1 ժամ 27 րոպե, իսկ ախտանշանների հայտնաբերումից մինչեւ բուժումն սկսելը՝ մոտ 3 ժամ 50 րոպե։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ հիվանդանոցները, որտեղ ամեն տարի ռեպերֆուզիվ թերապիա է անցնում ավելի քան 50 պացիենտ, բուժումն սկսում են միջին չափով արագ, քան նրանք, որտեղ այն կատարում են տարեկան 30 պացիենտի համար։ Բացի այդ, կաթվածի կենտրոններում բուժումը սովորաբար կազմակերպում են ավելի արագ։
Հետաքրքիր է նաեւ, որ, համաձայն հետազոտության, ոչ աշխատանքային ժամերին (այդ թվում տոնական եւ հանգստյան օրերին, ինչպես նաեւ աշխատանքային օրերին մինչեւ առավոտյան ժամը 7-ը եւ երեկոյան ժամը 6-ից հետո) պացիենտները, որպես կանոն, բուժումն ստանում են ուշացումով։ Բուժումն ուշ սկսելու խնդիրը հրատապ է նաեւ այն մարդկանց համար, որոնք ապրում են միայնակ եւ/կամ չեն կարող անմիջապես ճանաչել կաթվածի ախտանշանները։
Կաթվածից պացիենտների ողջ մնալու հավանականությունը մեծացնելու համար հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս ընդլայնել բժիշկների հաստիքները, որոնք հերթապահում են ոչ աշխատանքային ժամերին, որպեսզի գիշերը ժամը 2-ին եկած պացիենտները բուժումն ստանան նույնքան օպերատիվ, որքան եւ ցերեկվա ժամը 2-ի հիվանդները։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ եթե օգնությունը պացիենտներին ցուցաբերվի 15 րոպե ավելի շուտ, ապա կարելի է փրկել հազարավոր կյանքեր։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր