21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

05 մար 2019 15:45

Ախտանշաններ, որոնք նախազգուշացնում են սրտամկանի կաթվածի մասին

Ախտանշաններ, որոնք նախազգուշացնում  են սրտամկանի կաթվածի մասինՍրտամկանի կաթվածը շատ վտանգավոր ու տարածված խնդիր է, որի առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, որոնց թվին են դասվում ծխախոտի չարաշահումը, նստակյաց կենսակերպը, զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ավելորդ քաշը և այլն: Սակայն, բարեբախտաբար, ինչպես և շատ այլ հիվանդություններ, սրտի կաթվածը ևս նախազգուշացնում է վտանգի մասին:
Մասնագետների խոսքով՝ սրտի կաթվածն առավել հաճախ ախտորոշվում է տարեցների մոտ. հիվանդների 80 տոկոսը 65 տարեկանից բարձր մարդիկ են: Սակայն խնդիրն այն է, որ հիվանդությունը սկսել է «երիտասարդանալ» և այժմ ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում 35-40 տարեկան անձանց մոտ, ուստի հարկավոր է շատ ավելի զգույշ լինել:
Բժիշկների խոսքով՝ այս հիվանդության առաջացման հավանականությունը բարձրանում է վերոնշյալ գործոնների առկայության դեպքում: Բացի այդ, շատ ուշադիր պետք է լինեն նաև ընտանեկան անամնեզում սրտանոթային հիվանդություններից տառապող ազգականներ ունեցողները: Նշված անձինք գտնվում են ռիսկային խմբում, ուստի շատ ավելի ուշադիր պետք է լինեն օրգանիզմի տված ազդանշանների նկատմամբ:
Շատերը կարծում են, որ սրտի կաթվածը «լուռ» հիվանդություն է և նախապես որևէ կերպ չի արտահայտվում, մինչդեռ իրականում այս հիվանդությունն ունի մի շարք ախտանշաններ, որոնք կօգնեն ժամանակին նկատել վտանգն ու միջոցներ ձեռնարկել: Դրանց շարքին են դասվում.
·         անբացատրելի հոգնածությունը,
·         հաճախակի գլխապտույտները,
·         անտեղի անհանգստությունը,
·         առատ քրտնարտադրությունը,
·         սրտխառնոցն ու կրծքավանդակի հատվածում տհաճ զգացողությունները,
·         ձեռքի և ուսի ցավը (սովորաբար ձախ կողմում):
Մասնագետներն ընդգծում են, որ սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար ռիսկային գործոններից ազատվելը շատ կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ նաև օրվա ճիշտ ռեժիմը:
Անհրաժեշտ է սովորել քնել ու արթնանալ նույն ժամերին, քանի որ կենսաբանական ռիթմերի կայունությունը թույլ է տալիս սրտամկանին հնարավորինս լավ վերականգնվել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր