20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

10 օգոս 2019 11:00

Տեսանյութ. Գեներալ Սամվել Կարապետյանը պատրաստ է կրկնել իր ցուցմունքները Քոչարյանի գործով դատավարության ընթացքում

Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը այսօր էլ պատրաստ է երկրորդ նախագահ , սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում կրկնել հարցաքննության ժամանակ իր ասածները՝ արդեն դատարանում:
Բրիտանական BBC-ի այն հոդվածից հետո, որտեղ ասվում է՝ «Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը», «Արմլուր» լրատվական կայքը հրապարակել էր «Օգանսկի» մականվամբ հայտնի գեներալի հարցաքննությունը։ «Ազատության» հետ զրույցում գեներալը հաստատեց՝ լրատվական կայքի հրապարակած փաստաթղթի տակ իր ստորագրությունն է։
«Ոչ մի բան չի փոխվել, որ ասենք՝ ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա կամ ինչ-որ բան մոռացած լինեմ․․․ ինչ կա, որ գրած ա, ստորագրած ա՝ էդ ա իրականությունը», - պնդեց Սամվել Կարապետյանը։
Հարցաքննության մեջ գեներալը պատմում է, որ 2008 թվականի փետրվարի 23֊ին գեներալ֊ գնդապետ Մովսես Հակոբյանի հետ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցությանը, որից 2 ժամ հետո տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կազմելու և Երևան ուղարկելու հրաման կա: Ըստ Կարապետյանի, Երևան է եկել մոտ 300 զինծառայող, նրանց թվում նաև դիպուկահարներ, որոնց հրամանատար է նշանակվել ինքը:
«Համահավաք գումարտակում ընդգրկված են եղել սպաներ և ենթասպաներ, բոլորը Երևան են եկել իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, իրենց մարտական զենքերով։ Զորքը եղել է սովորական համազգեստով, բայց Երևան գալուց հետո համազգեստների տարբերանշանները պոկել են», ֊ հարցաքննության մեջ պատմում է Կարապետյանը, ավելացնելով նաև, որ զորքը եղել է Պաշտպանության բանակի մեքենաներով, բայց արդեն Երևանում համարանիշները փոխվել և տեղադրվել են ՀՀ ՊՆ համարանիշներ: ՊԲ հրամանատարից տեղեկացել է, որ համահավաք գումարտակը ենթարկվելու է Երևանի կայազորի պետին, այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին: Հրահանգները Կարապետյանին փոխանցել է օպերատիվ շտաբի հերթապահը, իսկ թե որտեղ է գտնվել այդ շտաբը՝ ինքը տեղյակ չէ, Խաչատուրովի հետ էլ հանդիպել է միայն կառավարության շենքում:
Ինչպես պատմում է Կարապետյանը՝ զորքը մնացել է կառավարության շենքի նկուղում, հսկել է շենքը ներսից։ Հետագայում ևս 400 հոգի է բերվել Արցախից, որոնք մնացել են հավաքակայանում և մինչև 2008 թվականի ապրիլի կեսերը հերթափոխով հսկել են շենքը:
Հարցաքննության ընթացքում քննիչը Կարապետյանին հարցնում է՝ «քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2008 թվականի փետրվար ամսին Դուք ԼՂ֊ից Երևան ժամանած հավաքական զորամիավորումից առանձնացրել եք առավել պատրաստված և հոգեբանորեն կայուն 60 հոգու, որոնց պարզաբանել եք հնարավոր կատարվելիք գործողությունների մասին և ասել եք, որ հարկ եղած դեպքում հրաման է տրվելու կրակ բացել ժողովրդի վրա։ Առանձնացվածից նման պատրաստակամություն են հայտնել 20֊ը, որոնց տեղավորել եք Նախագահականում: Ըստ գործով ձեռք բերված տվյալների 20 հոգանոց խմբի անմիջական ղեկավար է նշանակվել «Հաքիմ» մականունով զինծառայող Արամ Սարգսյանը»։ Ապա քննիչը հնչեցնում է «Կանդազ», «Ցուլ Նվերիկ», «Սպեցնազի Գագո» մականունները, որոնք ըստ քննիչի կազմել են խմբեր, ուղարկվել Երևանի փողոցներ և կրակել ժողովրդի վրա:
Կարապետյանը, ի պատասխան այս հարցի, ասել է, որ դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են։
«Ազատության» հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ պատրաստ է առերեսվել այն անձանց հետ, ովքեր կասեն, որ այդ օրերին իրեն տեսել են Բաղրամյան 26-ում:
«Պարզ ասում եմ՝ հմի Բաղրամյան 26-ում եթե մենք լինեինք, բա էդ աշխատողները մինչև օրս չեն աշխատո՞ւմ։ Բա թող մեկը ցուցմունք տա, որ գեներալ Կարապետյանին Բաղրամյան 26-ում տեսել ա։ Ես չեմ եղել ընդեղ։ Մինչև 2008 թվականը՝ էդ դեպքերը, վաաբշե չեմ եղել Բաղրամյան 26-ում։ Երևի մեկ-երկու անգամ եղել ենք էդ տոնական օրերին, որ պարգևատրել են, էս են արել, էն են արել։ Ես Բաղրամյան 26-ում եղած չկամ», - պնդեց գեներալը։
«Ազատության» հարցին՝ այդ դեպքում քննիչներն ինչի՞ հիման վրա են իրեն նման հարցեր տվել, պատասխանեց․ - «Ինչ-որ մեկի ինչ-որ ցուցմունքի համաձայն․․․ բա էն ա՝ նրանից էլ են, էլի, էդ բացատրությունը վերցրել։ Դրա համար ես ասում եմ՝ ես չկամ, էդպիսի հրաման չկա, էդպիսի մարդիկ չկան։ Թող առերեսում անեն, էդ մարդը կանգնի՝ ասի գեներալ Կարապետյանը էս ա ասել, էս ա ասել, էս ա ասել»։
Հարցաքննության մեջ Կարապետյանը պատմում է, որ զորքին ապահովել է նաև սննդով և կենցաղային պարագաներով: Կարապետյանը չի հաստատում տեղեկությունը, որ այդ հարցերը կարգավորել են Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանը, ասում է՝ սննդի հարցը լուծվել է ԱԱԾ պետական պահպանության վարչության պետ Գրիշա Սարգսյանի միջոցով:
Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը հրապարակած «Արմլուր» լրատվական կայքը ավելի վաղ հրապարակել էր նաև երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը և Հատուկ քննչական ծառայությունը գործ էր հարուցել լրատվականի դեմ նախաքննական գաղտնիք հրապարակելու համար: ՀՔԾ-ն դեռ չի պարզաբանում, թե ինչ է անելու այս հրապարակման դեպքում:
Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը մինչև այս տարվա ապրիլը զբաղեցնում էր Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և պաշտոնից հեռացել է ապրիլի 2֊ին՝ իր զեկուցագրի համաձայն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր