Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

24 սեպ 2019 14:43

Տարիներ շարունակ զինծառայողների արձակուրդայինները սխալ են հաշվարկվել.ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերաքննիչ բողոք է ներկայացրել

2018թ․ դեկտեմբերին yerevan.today լրատվական կայքը հրապարակեց «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդայինը սխալ է հաշվվում» վերնագրով նյութ։ 
 
Դրանում նշվում էր, որ տարիներ շարունակ զինծառայողների արձակուրդայինները սխալ են հաշվարկվել, և խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածը։ 
 
«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով՝ զինծառայողների արձակուրդի տևողությունը 30-45 օր էր՝ ըստ ծառայության տարիների (առանց հստակեցնելու՝ աշխատանքային, թե՝ օրացուցային)։ Որպես արձակուրդային վճար՝ զինծառայողներին փաստացի վճարվում էր նրանց հիմնական աշխատավարձը, որը նրանց ամենամյա արձակուրդային վճարից պակաս էր ստացվում։ Իսկ աշխատանաքային օրենսգրքի համաձայն՝ պետք է արձակուրդային օրերի քանակը բազմապատկվեր միջին օրական աշխատավարձի չափով։
 
2017 թ․-ի դեկտեմբերի 16-ին այս հոդվածը ուժը կորցրած ճանաչվեց․ փոփոխված օրենքում նվազեցվեց արձակուրդային օրերի քանակը և ավելացվեց «օրացուցային օր» ձևակերպումը։ Սակայն ուշադրություն չհրավիրվեց այն հանգամանքին, որ օրենքի փոփոխությունից առաջ զինծառայողները օրենքով նախատեսվածից պակաս արձակուրդային վճար են ստացել։ Եթե հաշվի առնենք, որ այդ գումարը պետական բյուջեում հաշվարկվել և փոխանցվել են հիմնարկներին, սակայն իրական հասցեատերերին չեն հասել, ակնհայտ է դառնում, որ տեղի են ունեցել կոռուպցիոն բնույթի չարաշահումներ։
 
yerevan.today-ի այս հրապարակման հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2019 թ․ մարտին ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։
 
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Լ․ Եղոյանը բացատրություններ է վերցրել ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության պետ Վ․ Ապերյանից ու ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս․ Սիմոնյանից, որոնք պնդել են, որ զինծառայողների արձակուրդայինները հաշվարկելիս կիրառվում են պետական ծառայության տեսակները կարգավորող համապատասխան օրենքները, ոչ թե՝ Աշխատանքային օրենսգիրքը։ Քննիչը ստացած տվյալներով եզրակացրել է, որ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ չկան, հափշտակություն կատարելու հանգամանքներ ևս չի արձանագրել և որոշել է քրեական գործ չհարուցել։
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019 թ․ ապրիլի 19-ին ՀՀ գլխավոր դատախազություն է բողոքարկել քննիչի այս որոշումը։ Բողոքում անդրադարձել է քննիչի դիտարկումներին ու եզրակացություններին։ 
 
Պնդմանը, թե զինծառայողների արձակուրդայինները հաշվարկելիս չպետք է առաջնորդվել Աշխատանքային օրենսգրքով, այլ համապատասխան օրենքներով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հակադարձել է, որ պաշտոնյաների հիշատակած օրենքում պետական պաշտոն զբաղեցնող անձանց ամենամյա արձակուրդի վարձատրությանն առնչվող իրավահարաբերությունները որպես օրենքի կարգավորման առարկա չեն նշվում, հետևաբար՝ պետք է առաջնորդվել Աշխատանքային օրենսգրքով։
 
Վարույթն իրականացնող մարմնի՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ չհայտնաբերելու առնչությամբ բողոքում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ տեղեկություն չկա այն մասին, որ քննիչն առգրավել է այդ փաստաթղթերն ու ստուգել դրանք և միայն այդ գործողությունների հիման վրա կայացրել այդ որոշումը։
 
Ակնհայտ է, որ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել։
 
Բացի դրանից՝ հանցագործության մասին հաղորդումը վերաբերել է պետական ծառայություն իրականացնող անձանց՝ հնարավոր հանցանք գործելուն, իսկ այս դեպքում քննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում պահանջել է վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
 
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը 2019 թ․ մայիսի 2-ին վարույթն իրականացնող մարմնի գործողությունները հիմնավոր է համարել և մերժել է բողոքը։ Ավելին՝ կիրառման ենթակա իրավական ակտի հարցը համարել է քրեակադատավարական տիրույթից դուրս։  Զինվորական կենտրոնական դատախազությունը անհրաժեշտություն չի տեսել նաև փաստաթղթերը զննելու և գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն փոխանցելու։
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս որոշումն էլ բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և կրկին մերժում ստացել։
 
2019 թ․ օգոստոսի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է վերաքննիչ բողոք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր