Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 նոյ 2019 14:21

Ադրբեջանական զորքը ներխուժել է Վրաստան. ելք չկա

Բաց աղբյուրների վրա հիմնված Bellingcat հետաքննական կայքը արբանյակային լուսանկարների ուղեկցությամբ հրապարակել է տեղեկատվություն, ըստ որի Ադրբեջանի սահմանապահ զորքը դիրքեր է զբաղեցրել Վրաստանի տարածքում, առաջ շարժվելով մոտ 200 հեկտար: Ըստ տեղեկության, Ադրբեջանի սահմանապահները՝ որոնց ռազմատեխնիկական հագեցածությունը գործնականում չի տարբերվում ցամաքային զինուժից, դիրքեր են տեղակայել Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանում:


Ադրբեջանը Վրաստանի հարավ-արեւելյան տարածքների հանդեպ հավակնությունը արդեն ամիսներ շարունակ արտահայտում է բաց տեքստով: Դա իհարկե անում են ոչ թե պաշտոնյաները, այլ պատմաբանները՝ Ադրբեջանի ԳԱԱ անդամները: Սակայն, նաեւ մի հատկանշական հանգամանք կա: Օրերս պաշտոնից հեռացել է Ադրբեջանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Ռամիզ Մեհթիեւը, որը հայր Ալիեւի ժամանակից գտնվում էր այդ պաշտոնին: նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո Մեհթիեւը դարձել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Դա վկայում է, որ պատմաբանները պարզապես արտահայտել են պաշտոնական Բաքվի ռազմավարությունը:

Միեւնույն ժամանակ, արդեն պաշտոնապես Վրաստանի հանդեպ դե ֆակտո սպառնալիք հնչեցրել է Անկարան, որտեղ օրերս ընդունել էին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային: Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ Վրաստանը Թուրքիան եղբայրների հետ կապող կամուրջ է եւ իրականացնում է նրանց հետ նախագծեր, որոնք կարեւոր են կայունության համար: Էրդողանը Վրաստանի վարչապետին փաստացի սպառնացել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «խելոք կամրջի» դերը չկատարելու պարագայում Վրաստանը կունենա խնդիրներ: Իհարկե, Էրդողանը չի ասել, որ Վրաստանն այդ իմաստով դիտարկում են ժամանակավոր կամուրջ, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ռազմավարական տեսլականում անկասկած այդ կամրջի երկու ծայրերից շարժվելու են միմյանց ընդառաջ: Ադրբեջանի սահմանապահները Քվեմո Քարթլիից սկսել են դա:
Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները Բաքվում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովում հայտարարում էինբ պանթուրքիստական ապագայի մասին: Նրանք այդ ապագայի արգելք դիտարկում են ոչ միայն Հայաստանը, այլ ոչ պակաս նաեւ Վրաստանը:
Հայաստանի հարցում կա ռազմա-քաղաքական կարծր դիմադրություն, մի շարք գործոններով ուղեկցվող, իսկ Վրաստանի պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը կարծես թե չեն հանդիպում դիմադրության, եւ դրա վկայությունն է այն, որ ադրբեջանցի սահմանապահները Վրաստանի տարածք են խորանում առանց արգելքի եւ պաշտոնական դիմադրության:
Թբիլիսին անշուշտ այդ իմաստով գտնվում է երկու քարի արանքում: Երբ նա դիմադրում է Բաքվին ու Անկարային, ընկնում է Մոսկվային դիմադրելու կարողությունը, եւ հակառակը: Դրա վառ վկայությունն էր ամռանը հակառուսական ալիքի հանկարծակի բռնկումը այն ժամանակ, երբ Ադրբեջանը ագրեսիա էր դրսեւորել Դավիթ Գարեջիի վանական համալիրի նկատմամբ:
Արեւմուտքն այդ հարցում Թբիլիսիին կարծես թե չի ցուցաբերում ուղիղ եւ անմիջական օժանդակություն, ինչը Վարդերի հեղափոխությունից ի վեր ակնկալում է Թբիլիսին ու գործնականում չի ստանում իր ակնկալիքի չափով: Դա հուշում է, որ ռեգիոնալ անվտանգության համակարգի համատեքստում Վրաստանի հարցը բաց է: Արեւմուտքը հրաժարվում է Վրաստանի ամբողջական խնամակալության տարբերակից, համարելով, որ Թբիլիսին ինքը պետք է ձեւավորի իր անվտանգության միջավայրն ու Արեւմուտքին ներկայանա ոչ թե որպես անվտանգության սպառող, այլ մասնակից, ձեւավորող:
Արեւմուտքն այդ հարցում ապահովել է իր համար կարեւորն ու նվազագույնը՝ Վրաստանի հարցում առանց իրեն չի ստացվի ոչինչ: Թբիլիսիին չեն թողնում Ռուսաստանի հետ պայմանավորվելու այլընտրանք: Բայց այստեղ փոխշահավետ աշխատելու գործնականում միակ տարբերակը մնում է Ռուսաստանի հետ հարաբերության խորքային առողջացման գործընթաց սկսած Հայաստանը:
lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր