Վիրուսը տարածվել է նաեւ Արցախում.իշխանությունները կտրականապես չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել Արցախի հարցում

Նրա խոսքով՝ քաղաքական ուժը՝ վարչապետի գլխավորությամբ, որ իշխանության եկավ վստահության բավական բարձր քվեով, անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ոչ մի պատասխանատվություն չվերցնի բանակցային գործընթացում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե հարցը կլուծվի հրապարակում, հետո ձեւափոխեց դա՝ «ժողովուրդը կասի ինչ է ուզում, ես դա կդնեմ բանակցային սեղանին», «եթե ժողովուրդը ինքը չգիտի, թե ինչ է ուզում, ես ի՞նչ փոխանցեմ» եւ այլն։ Հետո հնչեց «ես ոչ մի կերպ չեմ ներկայացնում Արցախը եւ իրավունք չունեմ ներկայացնելու»։ «Գագաթնակետը դարձավ վերջին ելույթը, կարծես Փարիզում, որ կարգավիճակը պետք է որոշեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Հասկացա՞ն արդյոք ԱԳՆ-ում կամ աշխատակազմում, որ սա արդեն ոչ մի կերպ չի ընկալվում»,- նկատել է Կարեն Բեքարյանը։
Վերլուծաբանն ընդգծեց, որ հարկավոր է մեզ համար պարզել. եթե մենք հասկանում ենք, որ ինքնորոշման իրավունքը իրավունք է, որը պետք է հարգեն եւ ընդունեն, այլ մոտեցումներն արգելակում են իրավունքը որպես տարր բանակցային գործընթացում։ «Ստացվում է, որ Ադրբեջանը կարող է համաձայնել կամ չհամաձայնել»,- ավելացրեց Բեքարյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, իշխանությունները ձգտում են մոլորեցնել հասարակությանը, ընտրվում են անհասկանալի թեզեր, եւ ձեւ է արվում, թե պատասխանում են այդ թեզերին, ընթանում է կեղծ օրակարգով մանիպուլացում, ընդ որում՝ ԱԳՆ-ն եւ վարչապետի աշխատակազմը հասարակությանը ներկայացնում են ճշգրտված տեքստեր։ «Իշխանությունները վարում են փակ աչքերի եւ ականջների քաղաքականություն հասարակության հանդեպ։ Բխող բոլոր հետեւանքներով»,- նշել է Կարեն Բեքարյանը՝ առաջարկելով ակումբի գործընկերներին նման քննարկումներ անցկացնել նաեւ Արցախում։ «Տեղում հասկանալ անհանգստությունը եւ որքան հնարավոր է քաքաղաքական հայացքներից անկախ համեմատել ջանքերը։ Թե չէ վիրուսը տարածվել է նաեւ Արցախում։ Նախագահի թեկնածուներից մեկն սկսել է խոսել սեւերի ու սպիտակների մասին»,- ամփոփել է Կարեն Բեքարյանը։