Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 հուն 2020 10:00

Պատրիարքը պնդում է, որ թուրքական թերթի հարցազրույցում օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ինչն անհավանական է

Պոլսո Հայոց նոր պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանը 2019 թ․ դեկտեմբերի 11-ին, իր ընտրվելուց ի վեր թուրքական մամուլին մի շարք հարցազրույցներ տալուց հետո, 2020 թ․ հունվարի 15-ին պատասխանել է իրեն քննադատող հայերին՝ պաշտոնական «Լուսաբանություն» տալով Թուրքիայում հրատարակվող հայկական թերթում։ Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարեւոր է նշել, որ պատրիարքին քննադատողները պարզապես նրանք չէին, ովքեր ապրում են Թուրքիայի սահմաններից դուրս՝ անարդարացիորեն մեղադրվելով ստամբուլահայերի նկատմամբ Թուրքիայի կառավարության կողմից բռնակալական վերաբերմունքի մասին անտեղյակ լինելու մեջ: Բացի Հայաստանի եւ Սփյուռքի հայերի քննադատությունից` պատրիարքը քննադատության ենթարկվեց նաեւ Թուրքիայում ապրող հայերի, ինչպես նաեւ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կողմից։


Թուրքական «Աքշամ» թերթին պատրիարքի տված հարցազրույցն առաջացրեց ամենամեծ հակասությունը, քանի որ նա պոլսահայերին ոչ միայն հեռացրեց սփյուռքահայերից, այլեւ նսեմացրեց Հայոց ցեղասպանության ահռելի ողբերգությունը։ Նորին Ամենապատվությունը դժգոհեց, որ «Աքշամի» հետ հարցազրույցում մի քանի արտահայտություններ, ստանալով առավել բացասական մեկնաբանություններ եւ չափազանցելով հասկացողության սահմանները, վերածվել են իր անունը մրոտելու արշավի։
Պատրիարքն ափսոսանք է հայտնել, որ քառասուն րոպե տեւողությամբ իր հարցազրույցում նրա «ներկայացրած ծավալուն բացատրություններն ու մանրամասնությունները, բնականաբար, տեղ չեն գտել հոդվածում։ Թերթում հայտնված խոսքերը զտված են այն բացատրություններից, որոնք տրված էին ի պատասխան մասնավոր հարցման։ Սույն ոճը եղել է խմբագրի ընտրությունը։ Առանց հարցումները նկատի ունենալու, երբ միայն պատասխաններն են ներկայացվում, տեղ է գտնում իմաստափոխություն, որովհետեւ խոսքերը զետեղված են իրարահաջորդ ձեւով՝ իրար հետեւից։ Այս պարագայում, դրանք վերածվում են անհստակ ասույթների եւ սխալ արտահայտությունների, որոնք իմաստազրկում են փոխանցված գաղափարը»։ 
Այնուհետեւ պատրիարքը հայտարարել է, որ թուրքահայերի մասին հարցմանը ինքը տվել է հետեւյալ պատասխանը. «Թուրքիայի հայերը, ի տարբերություն Սփյուռքի եւ Հայաստանի հայերի, կազմում են մի երրորդ հատված։ Վարչական եւ տնտեսական տեսակետից, հայկական Սփյուռքը մեզ հետ կապ չունի․ մենք ինքնաբավ ենք»։
Երբ Նորին Ամենապատվությանը հարցրել են Թուրքիայի նկատմամբ սփյուռքահայերի անհաշտ վերաբերմունքի եւ նրանց բացասական կեցվածքի պատճառների մասին, նա պնդել է, որ տրված պատասխանը չի պատկանում իրեն, այլ պարզ սոցիոլոգիական ճշգրտում է՝ բոլորին ծանոթ՝ հետեւյալ ձեւով արտահայտված․ «100 տարի առաջ մեծ ողբերգություններով այս հողերից մեկնած մարդիկ, իրենց ապրած հոգեցնցումը փոխանցել են ապագա սերունդներին եւ անդրադարձել են, որ հայոց ինքնության եւ դրա պահպանման համար օգտակար եւ անհրաժեշտ է կառուցել ցեղասպանության գիտակցություն։ Նրանք 100 տարուց ավելի շարունակում են ապրել Թուրքիայից եւ թուրքերից հեռու գոյավիճակի մեջ։ Իսկ մենք՝ Թուրքիայում մնացած հայերս, շարունակել ենք մեր կյանքը կիսել թուրքերի հետ այս հողերի վրա եւ ձեռք բերել միասին ապրելու փորձառություն։ Այս առումով, մենք յուրահատուկ հայեր ենք Հայկական աշխարհում»։
Պատրիարքի «Լուսաբանությունը» շարունակում է․ «Նման գերզգայուն նյութերի շուրջ մարդկանց առաջնահերթությունը եղել է այն, որ միշտ իրենց ուզածն են լսել, եւ ոչ թե այն՝ ինչ Թուրքահայոց պատրիարքներն են ասում եւ ինչպիսի պայմանների ներքո։ Թուրքիայի Հայոց պատրիարքներին վիճակված է լինել երբեք չհալչող երկու խոշոր սառցաբեկորների միջեւ ճզմվող նավի նավապետ։ Այս դրության մեջ, հնարավոր չէ միշտ ներդաշնակություն ապահովել, եւ տեղի են ունենում վրիպումներ, որոնք կողմերից մեկին սխալ են թվում։ Սահակ պատրիարքը եւս, իր նախորդների նման, փորձել է հայկական հարցի շուրջ բոլոր կողմերին գոհացնող կատարյալ պատասխաններ տալ։ Երբեք ընդունելի չէ որեւէ կողմի նկատմամբ մերժողական եւ աննկատ թողնելու կեցվածքը։ Յուրաքանչյուր անհատ պետք է նախ ճիշտ ըմբռնի, թե իրականում ինչեր են արտահայտված արտասանված խոսքերով եւ ապա քննադատել»։  
Սփյուռքում ոմանք կարող են համաձայնել պատրիարքի խոսքերի հետ՝ ընդգծելով այն ծանր պայմանները, որոնցում գտնվում են նա ու հայկական համայնքը։ Ցանկացած հայ, որը ծանոթ է այդ բռնակալական պայմաններին, կարող է ինչ-որ չափով կարեկից լինել պատրիարքի դրությանը։
Մեր նպատակը երբեք չի եղել հորդորել պատրիարքին հակադրվել թուրքական իշխանություններին։ Ի վերջո, նա պատասխանատու է իր համայնքի անվտանգության համար: Պատրիարքից միայն մի խնդրանք ունենք՝ զգույշ լինել իր խոսքերում, չվանել իր հետեւորդներին Թուրքիայում եւ չվիրավորել 1․5 միլիոն հայ նահատակների հիշատակը՝ ներգրավվելով ուղղակի  ժխտողականության մեջ:
Հնարավորության դեպքում պատրիարքը պետք է խուսափի հարցազրույցներ տալուց թուրքական մամուլին: Նա պետք է նշանակի մամուլի խոսնակ, որն ի վիճակի է խուսափել դժվարին եւ զգայուն հարցերից, հատկապես` քաղաքական հարցերի վերաբերյալ: Եթե ​​խոսնակն է սխալ թույլ տալիս, դրա հետեւանքն ավելի նվազ է, քան պատրիարքի թույլ տված սխալի: Խոսնակներին կարելի է հեռացնել աշխատանքից, իսկ պատրիարքի պաշտոնը ցմահ է։
Ի վերջո, պատրիարքի համար անընդունելի է մեղադրել թուրքական թերթին իր խոսքերի իբր սխալ մեկնաբանման համար։ Նախ եւ առաջ, մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ է ասել պատրիարքը թուրքական թերթին եւ արդյոք այն իսկապես սխալ է մեկնաբանվել: Օրինակ՝ իր վերոնշյալ «Լուսաբանության» մեջ, պատրիարքը պնդում է, որ թուրքական թերթին տված հարցազրույցում նա օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ինչն անհավանական է․․․
Երկրորդ, պատրիարքը մեկն է, որ ծնվել ու մեծացել է Ստամբուլում եւ լավ գիտի թուրքական լրատվամիջոցները։ Նա պետք է իմանար, որ թուրքական մամուլը հաճախ է խեղաթյուրում նրանց խոսքերը, ում հետ հարցազրույց է անցկացնում: Հետեւաբար, թուրքական մամուլին հարցազրույց տալը, այնուհետեւ դժգոհելը, որ նրա խոսքերը աղավաղվել են, անկեղծ չէ: Պատրիարքը դա պետք է նախապես իմանար: Թուրքական լրատվամիջոցների աղավաղումների մասին բողոքել հարցազրույցի հրապարակումից հետո՝ անխոհեմություն է:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր