Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

01 մայիս 2020 16:35

Փորձագետը չի բացառել Թուրքիայի իշխանությունների ճնշումը հայ համայնքի վրա` Արամ Ա կաթողիկոսի դատական ​​հայցի հետ կապված

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի պահանջը շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ եթե դատական ​​գործընթացները տրամաբանական ավարտի հանգեցնեն, սա կարող է խթան հանդիսանալ մեզ համար ոչ միայն պահանջների մասին խոսելու, այլեւ դրանք իրականություն դարձնելու համար: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:


«Ինչ վերաբերում է եկեղեցու եւ Թուրքիայի հայ համայնքի վրա ճնշման հնարավոր մեծացմանը, ապա այդ երկրում ընթացող գործընթացների օրինաչափությունը վկայում է, որ իշխանությունները բաց չեն թողնում որոշ իրադարձությունների մեղքը հայ համայնքի վրա դնելու հնարավորությունը: Ուստի դա չի կարելի բացառել նաեւ այս դեպքում` հաշվի առնելով նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առանձնահատկությունները եւ կառավարման մեթոդները վերջին շրջանում: Անցած 2 տարվա ընթացքում ընդդիմության եւ ազգային փոքրամասնությունների վրա ճնշումներն առավել սուր են արտահայտվում: Մենք տեսանք, թե ինչ ճնշումներ գործադրեցին երկրի իշխանությունները Կոստանդնապոլսի պատրիարքի ընտրություններում` իրենց հարմար թեկնածուի առաջ տանելու համար», - ասաց նա:


Պատասխանելով հարցին` կարո՞ղ է արդյոք այս պահանջը հետագայում քաղաքական նպատակներով օգտագործել ընդդիմադիր ուժերը կամ միջազգային խաղացողները, թուրքագետը շեշտեց, որ կարեւորը ոչ թե դա է, այլ քայլերի հաջորդականությունը մեր պահանջների իրագործման ճանապարհին եւ վերջնական արդյունքը:


Հիշեցնենք, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դատական հայց է ներկայացրել, որի շրջանակներում Անթիլիասը թուրքական իշխանություններից պահանջում է վերադարձնել պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Սիսի կաթողիկոսարանը:


Առաջին ատյանի դատարանի դատական նիստը, որը  նախատեսված էր ապրիլի 21-ին, հետաձգվեց կորոնավիրուսի տարածման պատճառով:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր