Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

03 հուն 2020 13:17

Ռուսաստանը COVID-19-ի բուժման համար կկիրառի Ավիֆավիր դեղամիջոցը. 4 օրվա ընթացքում մեծ մասամբ արդյունավետ բուժման ազդեցություն է ունեցել

Ռուսաստանի հիվանդանոցները ամենայն հավանականությամբ հունիսի 11-ից կսկսեն կորոնավիրուսի բուժման դեղը տրամադրել հիվանդներին. Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը, որը ֆինանսական աջակցություն է հատկացնում ճապոնական այս դեղամիջոցի ներդրման համար: Նա նշել է, որ այժմ կա մեկ ամսում 60 հազար հիվանդի բուժման համար բավարար դեղաչափ:


Այս խիստ վարակիչ հիվանդության համար դեռ որեւէ պատվաստանյութ չկա, եւ չկա դեղամիջոցների արդյունավետության առումով համաձայնություն համաշխարհային գիտական համայնքում:


Ռուսաստանում ներդրման պատրաստվող ճապոնական դեղամիջոցը գրանցված է «Ավիֆավիր» անվամբ, եւ սա կորոնավիրուսի հաղթահարմանն օգնող առաջին դեղամիջոցն է, որ հաստատել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը: Կլինիկական փորձարկումներ անցնելուց հետո այն շաբաթ օրը ներառվել է հաստատված դեղերի կառավարության ցանկում: Փորձարկմանը մասնակցել է 330 մարդ, եւ դեղը չորս օրվա ընթացքում մեծ մասամբ արդյունավետ բուժման ազդեցություն է ունեցել:


Լրացուցիչ թեստավորման համար պետք կլինի եւս մեկ շաբաթ: Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել դեղամիջոցի ներառման հատուկ արագացված ընթացակարգին. դրա արտադրությունը սկսվել է մարտ ամսից:


Սովորաբար նման փորձարկումները տեւում են ավելի երկար եւ ընդգրկում հազարավոր, ոչ թե հարյուրավոր մարդկանց: Այնուամենայնիվ, դրանք հաջողության երաշխիք չեն համարվում, նույնիսկ եթե նախնական արդյունքները լիովին դրական են:


Օրինակ՝ մայիսին հրապարակվեց արդյունքներ մի ծավալուն ուսումնասիրության, որով հակամալարիային դեղամիջոց Հիդրօքսիքլորոքուինն արդյունավետ համարվեց կորոնավիրուսակիր ծանր հիվանդների համար. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն էլ դա սկսեց ընդունել եւ կոչ արեց, որ ուրիշներն էլ հետեւեն իր օրինակին: (Հիմա այս դեղամիջոցից շատ ավելի քիչ է կիրառվում - ՀԺ):


Կիրիլ Դմիտրիեւն ասել է, որ Ռուսաստանը կարողացավ կրճատել «Ավիֆավիր»-ի՝ ներդրմանը պատրաստելու ժամանակը, քանի որ այն ակտիվ ֆարմացեֆտիկ բաղադրիչը, որի հիման վրա ստեղծվել է «Ավիֆավիր»-ը, գրանցվել էր դեռեւս 2014թ.-ին եւ նախքան ռուս մասնագետների կողմից այս փոփոխություններին ենթարկվելը, հասցրել էր անցնել բազմաթիվ փորձարկումներ:


«Մենք հավատում ենք, որ այս դեղը սկզբունքորեն կփոխի ամեն ինչ: Առողջապահության համակարգում ծանրաբեռնվածությունը կթեթեւանա, ավելի քիչ մարդիկ կլինեն ծանր վիճակում, մարդկանց 90%-ին այս դեղը բուժում է տասն օրում»,- ասել է РФПИ-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ այս դեղամիջոցը կլինի Ռուսաստանում տնտեսական գործունեության լիարժեք վերսկսման բանալին, սակայն կորոնավիրուսային խնդրի լիարժեք լուծման համար նաեւ անհրաժեշտ է, որ մարդիկ պահեն սոցիալական հեռավորություն մինչեւ արդյունավետ պատվաստանյութ գտնվի:


Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղում է կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշով Բրազիլիայից եւ ԱՄՆ-ից հետո. այստեղ հաստատվել է մոտ 415 հազար դեպք, սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մահացության մակարդակը Ռուսաստանում շատ ավելի ցածր է՝ 4855 մահվան դեպք, եւ դա կասկածելի է թվում փորձագետներին:


Դմիտրիեւն ասել է, որ նոր դեղամիջոցը, որը հասանելի է հաբերով, կկրճատի հիվանդանոցներում հիվանդների անցկացրած ժամանակը եւ կնվազեցնի այն ժամանակահատվածը, երբ նրանք վարակիչ կլինեն ուրիշների համար:


Նրա խոսքով՝ դեղը ունի մի շարք կողմնակի ազդեցություններ, այն նաեւ չպետք է ընդունեն հղիները. դեղը առավելապես արդյունավետ է մեղմ եւ չափավոր ախտանիշներով հիվանդների համար:


Նշենք, որ Ճապոնիան եւս փորձարկում է այս դեղամիջոցը: Այնտեղ դեղն անվանել են «Ավիգան»: Վարչապետ Շինձո Աբեն դրվատանքով է խոսել դրա արդյունավետության մասին: Իշխանությունները 128 միլիոն դոլար են հատկացրել դեղի ներդրումն ավարտին հասցնելու համար, սակայն այն պաշտոնական գրանցում դեռ չի ստացել:


Կիրիլ Դմիտրիեւի խոսքով՝ երբ դեղի պահանջարկը Ռուսաստանի ներսում բավարարված լինի, այն նաեւ կարտահանվի: Նա ասել է, որ Միջին Արեւելքի եւ Լատինական Ամերիկայի երկրներն արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել այն ձեռք բերելու առումով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր