Կիպրոսի ԱԳ նախարարը մտավախություն ունի՝Թուրքիան կղզու հյուսիսը կարող է բռնակցել մինչ 2023 թվականը

Ներկայացուցիչների պալատի ֆինանսների հարցերով կոմիտեում հանդիպման ժամանակ Խրիստոդուլիդիսը, վկայակոչելով միջազգային հանրության գնահատականները, «անձնական մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ գոյություն ունի Թուրքիայի կողմից [կիպրական] հյուսիսի բռնակցման վտանգ, եթե մինչ 2023 թվականը լուծում չգտնվի, երբ Անկարան նշելու է Թուրքական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը», հայտնում է պարբերականը։
«Ցավոք, [Կիպրոսի] օկուպացված շրջանները, Սիրիայի հյուսիսի շրջանները, Իրաքի հյուսիսի շրջանները պարոն Էրդողանի պոտենցիալ թիրախներն են, եւ սա մեզ պետք է մտահոգի, եւ մենք, իհարկե, մտահոգված ենք»,- ասել է նա՝ դիմելով խորհրդարանականներին։
Խրիստոդուլիդիսի խոսքով՝ Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան տարածաշրջանում, այդ թվում՝ Կիպրոսում շարունակվում են Թուրքիայի կողմից «աննախադեպ սադրանքները»։ Կրկին վկայակոչելով «միջազգային հանրության գնահատականները»՝ նա նշել է, որ դա տեղի է ունեցել միջազգային խնդիրները ժամանակակից թուրքական պետության հիմնադրման առաջիկա 100-ամյակի լույսի ներքո լուծելու «Էրդողանի նեոօսմանյան մոտեցման», մուսուլմանական աշխարհը գլխավորելու Անկարայի փրձերի պատճառով, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամից իր քաղաքացիների ուշադրությունը շեղելու պատճառով, որին բախվում է Թուրքիան։