Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

01 դեկ 2020 11:30

Մենք խնդրում էինք՝ զենք բերեք, աչքներիս դիմաց Քարին տակը թուրքերով է լցվում

Տարիներ առաջ Մոսկվայում «Ահաբեկչության դեմ պայքարի» օլիմպիադային մասնակցած ու իր տեսական գիտելիքների շնորհիվ ոսկե մեդալ նվաճած 27-ամյա Անդրանիկ Խաչատրյանը զոհվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում: Ճակատագրի թելադրանքով՝ ահաբեկիչների դեմ պայքարողն ընկավ հենց այդ նույն պայքարում:


2020 թվական, սեպտեմբերի 25՝ Անդրանիկը դիրքերից նոր էր իջել: 27-ի լուսաբաց, տագնապ՝ պատերազմ է:


Անդրանիկի կրտսեր եղբայրը՝ 25-ամյա Արսենը, 2015 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում դիվերսիոն գործողության հետևանքով վիրավորվել էր ու զորացրվել: Հենց լսեց պատերազմի մասին, անմիջապես շտապեց սահման՝ եղբորն ու հայրենիքին օգնության: Մայրը չէր սպասում, որ տղան նման որոշում կկայացնի, առավել ևս, որ նրան սահման կտանեն:


«Երբ Արսենն ասաց, որ Անդրանիկի մոտ է գնալու, չհավատացի: Դե, քանի որ լուրջ վիրավորում ունի, մտածեցի՝ կմերժեն: Բայց ինքն ավելի խորամանկ գտնվեց: Նույնիսկ զինկոմիսարիատ չէր դիմել՝ խուսափելով մերժումից, սեպտեմբերի 28-ին նստել էր իր մեքենան ու ուղևորվել Արցախ: Ինձ Ստեփանակերտից զանգեց ու ասաց՝ մամ, ես արդեն էստեղ եմ: Այդտեղից իր նախաձեռնությամբ բարձրացել էր Հադրութ, բայց պարզվել էր Անդրանիկս արդեն այդտեղ չի: Մի քանի դիրք է անցել, մինչև 3-4 օր հետո եղբորը գտել է: Երկու եղբայր մեկ ամսից ավելի բոլոր թեժ կետերում եղել են, մահվան դեմ պայքարել են՝ Հադրութ, Ջաբրայիլ, վերջում էլ՝ Շուշի»,-Aysor.am-ին պատմեց տղաների մայրը՝ Մարինե Խաչատրյանը:


Շուշիում եղբայրներն ու Անդրանիկի ղեկավարած զորքը տեղակայվել էին Քարին տակի դիմացի սարում: Նոյեմբերի 5-ին, թե 6-ին Անդրանիկը հեռախոսով հրաման է ստանում՝ վերևից իջեք: Իջնելուց հետո կրկին բարձրանալու հրաման է գալիս: Բայց այս անգամ վեր բարձրացող տղաներն իրենց դիրքերը թշնամու կողմից գրավված են գտնում:


«Ափսոս՝ չգիտենք, թե ո՞վ էր հրամայողը, եթե իմանայի՝ կգնայի իմ ձեռքերով կխեղդեի»,-արտասվախառն ասում է տիկին Մարինեն ու խոսքը զիջում կրտսեր որդուն:


«Թե պիտի տային, թող տային, գլխներիս ինչի՞ սարքեցին: Շուշիի վրա առաջին հարձակման ժամանակ մենք Քարին տակի դիմացի սարերում էինք, ատամներով պահում ու պահպանում էինք սարերն ու Շուշին: Խաբելով՝ իբր մերոնք այդտեղ ծանր զենք են կիրառելու, իջեցրեցին, հետո էլ նորից վեր բարձրանալու հրաման տվեցին, բայց զուր. թշնամին եկել ու մեր դիրքերում նստել էր: Լավ էր, մեր առջևով հետախուզական մեքենա էր բարձրանում, շրջափակման մեջ էին ընկել, բայց կարողացել էին փախնել ու մեզ զգուշացնել... Մենք արդեն ձորում էինք, թուրքը վերևից հանգիստ խփում էր: Փառք Աստծո, այդ պահին մառախուղն օգնեց, ձորից դուրս եկանք ու գնացինք ճանապարհի դիմացի սարերը: Մենք խնդրում էինք՝ մի հատ «Կորդ» կամ ԴՇԿ բերեք, չէին բերում, ասում էին՝ չկա... Երևի, պետք չէր, որ բերեին: Մեզանից հետո բերած զորքին «լցրել» էին «տռասի» վրա, տղերքը չգիտեին՝ ի՞նչ անեին: Վերադասը թողել փախել էր, զորքը նույնիսկ չգիտեր՝ ո՞ր կողմն է հայ, ո՞ր կողմը՝ թուրք»,-մանրամասնում է Արսենը:


Սա դավաճանությո՞ւն էր, թե՞ անփորձություն՝ դժվարանում է պատասխանել: Բայց մի բան հստակ էր՝ ամեն ինչ անկազմակերպ էր, բարձիթողի:


«Չգիտեմ՝ սարքա՞ծ էր, թե՞ որ փախնողները շատ էին, դրա համար էր անկազմակերպ վիճակ ստեղծվել: Նույնիսկ եղել է, որ մերոնք իրար վրա են կրակել, որովհետև մի կողմի «սաստավին» ասել են՝ մյուս կողմում թուրքեր են, նույն բանն էլ մյուսին են ասել: «Էշը ցեխից» միայն վերադասը կարող էր հանել, իրենք գիտեին՝ որին ուր են տարել, բայց դե դրանք էլ փախած էին: Ու մի բան հստակ է՝ մենք խնդրում էինք՝ զենք բերեք, աչքներիս դիմաց գյուղը (Քարին տակը, հեղ.) թուրքերով է լցվում, կամազներով բերում հրանոթ են տեղադրում: Բայց մեզ զենք բերող չեղավ: Պատճառը չգիտեմ՝ շրջափակման մեջ լինելն էր, թե այլ բան... Միակ փաստն այն էր, որ եթե միայն օդը փակեին ու մեր հրետանին աշխատեր, մենք կկարողանայինք Շուշին պահել, մեկտեղ՝ առաջ գնալ: Միայն ավտոմատով հնարավոր չէր կռվել: Բոլորը փախան, նույնիսկ ճանապարհը «չմաքրեցին», որ զորքը դուրս գա... Երևի տարիներ հետո իրականությունը կիմանանք, կամ՝ չենք իմանա, չգիտեմ»,-նշեց նա:


Նոյեմբերի 7-ին՝ Սմերչի հարվածի հետևանքով, Անդրանիկ և Արսեն Խաչատրյաններն ու ևս մեկ զինվոր վիրավորվեցին. զրուցակիցս՝ թևից, երկու տղաները՝ ոտքից: Արսենն առանց խառնվելու «ժգուտով» կապեց նրանց ոտքերը, տղաներին կանչեց՝ օգնեցին, ներքև իջացրեցին վիրավորներին:


«Ու այդտեղ իմացանք, որ արդեն 3 օր շրջափակված ենք, թշնամին ոչ միայն մեր դիմաց է, այլև չորս կողմը: Նույնիսկ նահանջի հրաման է եղել, բայց մեզ այդ հրամանը չի փոխանցվել: Ասֆալտի վրա վիրավորներ էին պառկած, բժիշկն էլ գլուխը բռնած չգիտեր՝ ինչ աներ, նույնիսկ ցավազրկող չուներ: Ով կարողացել՝ դիմացել էր, ով էլ չէ՝ այդպես էլ մահացել էր»,-վերրհիշում է հրամանատարի եղբայրը:


Ներքևում արդեն նահանջ էր սկսվում՝ թուրքը վերևից իջնում էր: Արսենը նկատել էր, որ շտապօգնության մեքենաները դատարկ հեռանում են մարտադաշտից: Բարկությամբ պատմում է՝ մեկին համոզելով, մյուսի վրա գոռալով, մեքենաներին հետ է բերել, որպեսզի վիրավորներին տեղափոխեն:


«Ապշելու էր, որ նույնիսկ «սպեցնազի» տղերքը վիրավորներին իջացնում էին «սկորիներից», իրենք լցվում մեջը, դռներից կախվում ու փախնում, խայտառակ վիճակ էր: Ու ասեմ, որ «սպեցնազի» դեպքում դա առաջին անգամը չի: Դեպք է եղել, որ երկու ամսվա ծառայողներին են թողել փախել, ես մնացել եմ էրեխեքի հետ... Մի կերպ կարողացանք առավել ծանր վիրավորներին, նաև՝ եղբորս ու ընկերոջը, դնել շտապօգնության մեքենան ու ուղարկել: Բայց ասեմ, որ մի քիչ այն կողմ «սկորիներին» խփում էին, գրեթե ոչ մի մեքենա չէր կարողանում հաղթահարի այդ ճանապարհը: Որն այդ 200 մետրն անցնում էր՝ փրկված էր, որը չէ... Երբ վիրավորներին դրեցինք մեքենան, ես իջա ու միացա զորքին: Նկատեցի, որ մի քիչ հեռու 2 խփված շտապօգնություն կա, վազեցի, մեկի մեջ նայեցի՝ եղբորս չգտա, երկրորդ մեքենայի մեջ չհասցրեցի նայել»,-հուզմունքով պատմեց Արսենը:


4 կողմից 30-40 մետր հեռավորության վրա թշնամին սկսեց կրակել: Մերօրյա հերոսը հիշում է՝ մերոնք այդտեղ 200-ից ավելի էին, բայց րոպեների ընթացքում մաղվեցին:


«4 կողմից մաղում էին, չհաշված՝ սնարյադները: Որ կողմ նայում էի, մեր զոհված տղերքն էին, մի մասն էլ վիրավոր գոռում էր: Մենք լրիվ շրջափակման մեջ էինք, փրկվելու որևէ հնարավորություն չունեինք: Կապիտան Գեղազնիկը հենց իմ կողքին զոհվեց, իմ աչքի առաջ: Չգիտեմ էլ՝ ո՞նց եղավ, որ ինձ գնդակ չկպավ. իմ մոտ այդ պահին որևէ զենք չկար, վերևիս հագուստն էլ տղերքը պատռել, ձեռքս էին վիրակապել: Զոհված կապիտանի վրայից գրանատները վերցրեցի ու շպրտեցի թշնամու կողմ, հրացանն էլ վերցնելով՝ թռա ձորը՝ մտածելով, որ կա՛մ կմեռնեմ, կա՛մ կապրեմ, բայց թշնամու ձեռը երբեք չեմ ընկնի»,-ընդգծեց նա:


Ի զարմանս Արսենի, ձոր թռնելուց հետո իրեն ոչինչ չպատահեց: Եվս 15 վիրավոր փրկվածների հետ ձորով հասան Ստեփանակերտ: Արսենին բուժում էր հարկավոր, 2015-ին վիրավորված ձեռքը կրկին թշնամու արկի թիրախում էր հայտնվել: Բերեցին Երևան՝ հոսպիտալ: Սակայն ինքն ավելի կարևոր գործ ուներ՝ հրամանատար եղբորը պիտի գտներ: Եղբոր համար սեպտեմբերի 28-ին Արցախ հասած տղան հիմա էլ հիվանդանոցից փախավ ու գնաց Ղարաբաղ՝ հիվանդանոցից-հիվանդանոց՝ Անդրանիկին գտնելու:


«Եղբորս Սևանում գտա, Սևանի մորգն էին տարել: Շտապօգնության մեքենային խփել էին, ոչ մի մեքենա չէր անցել»,-գրեթե արտասվելով ասում է Արսենն ու նկատում՝ իրենք զգում էին, որ մահը մոտ է, որ չեն ապրելու: Միշտ խնդրել է եղբորն՝ ամեն ինչում իրեն տեղյակ պահել, իրեն մենակ չթողնել:


«Վերջին անգամ իր վրա շատ էի ջղայնացել. 3 օր սնունդ ու պատրոն չունեինք, չէին կարողանում հասցնել: Ինքն ու կապիտան Գեղազնիկը թշնամու թիկունք էին անցել ու զինվորների համար սնունդ բերել: Արթնացա ու տեսա՝ «վեշերով» եկել են: Ջղայնացա, որ առանց ինձ են գնացել: Այդ 42 օրերի ընթացքում մենք միշտ մտածում էինք, որ «սաղ» չենք մնալու. չէինք արտահայտվում, ուղղակի նայում էինք իրար ու հասկանում՝ շանս չկա ողջ մնալու, անընդհատ էլ շրջափակման մեջ ենք: Անդոն տունը շատ էր կարոտել, իր զոհվելու օրը հեռախոսով լսում էր՝ «Թռչեի մտքով տուն»: Եկավ տուն, բայց ոչ այնպես, ինչպես մենք էինք սպասում»,-ցավով նկատում է Արսենն ու լռում...


«Ես գիտեի, թե ախպորս փրկեցի՝ ես մնացի, փաստորեն՝ ես փրկվեցի, ախպերս գնաց... Անդրանիկը ոչ թե սովորական հրամանատար էր, այլ իսկական հերոս, որը հարյուրավոր կյանքեր է փրկել»,-ընդգծում է հերոսի հերոս եղբայրն ու մանրամասնում.


«Ջաբրայիլի վերջին «բատալիոնը» մինչև վերջ կռվելով՝ հայտնվեց շրջափակման մեջ: Իրենց «պոլկավոյ ռազվետկեն» վախեցավ ու չպահեց վերջին ճանապարհը, որով պետք է հետ գային Հադրութ: Եղբորս գլխավորությամբ՝ մենք ենք 15 հոգով պահել այդ ճանապարհը, որտեղով վերջին 100 հոգին դուրս եկան ու փրկվեցին... Նման դեպքեր շատ են եղել»:


Մանրամասները՝ Aysor.am-ում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր