Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

02 ապր 2018 20:45

«Տանկով հայտնվել են չեզոք գոտում ու կռիվ տվել բաց տարածության մեջ». Վահե Զաքարյանը զոհվել է հենց առաջին օրը

Երկու տարի առաջ՝ 2016թ-ի ապրիլի 2-ին՝Քառօրյա պատերազմի հենց առաջին օրը, մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց հրազդանցի տանկիստ Վահե Զաքարյանը: «Նա հերոս էր, որովհետեւ թշնամու դեմ մարտնչեց մինչեւ վերջ ու ընկավ հերոսաբար»,- դեպքից երկու տարի անց այսպես են Վահեին բնութագրում հարազատներն ու ընկերները:
«Վահեն Հրազդանում է ծնվել: Մեր տան միակ արու զավակն էր, մեր միակ լույսը: Մենք երկու քույր ենք ու մեր եղբայրը: Էնպես էր ստացվել, որ ծնողներս արտագնա աշխատանքի էին մեկնել Ռուսաստան: Մենք էլ էինք ընտանիքով տեղափոխվել նրանց մոտ, բայց փափուկ կյանքը Վահեի համար չէր, նա չէր ուզում այնտեղ մնալ ու 13 տարեկանում վերադարձանք, ծնողներս մնացին: Մենք երեքով այստեղ ապրում էինք, սովորում»,-պատմում է քույրը՝ Երանուհի Զաքարյանը:
Վահեն 11 տարեկանից զբաղվել է սպորտով՝ կարատեով եւ արեւելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ եւ մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ ՀՀ երկակի չեմպիոն է, ունի երկու սեւ գոտի։ Աշխարհի մրցույթներին մասնակցելու հրավերք էր ստացել․ մասնակցել Լ Լեհաստանում կայացած մրցմանը, իսկ Չեխիայում կայանալիք մրցմանը չի հասցրել մասնակցել։ 2014 թվականին ընդունվել է Ֆիզկուլտ ինստիտուտ, սակայն 18 տարին լրանալուն պես զորակոչվել է բանակ:
Վահեն սկզբից մի քանի ամիս ծառայել է Արմավիրում՝ 6 ամսյա ուսումնական կուրս է անցել ու տեղափոխվել Արցախի Ջրականի՝ Ջաբրաիլի զորամաս, որպես տանկի նշանառու օպերատոր:
Նա երբեք չի խուսափել ծառայությունից, երբեք չի դժգոհել: Շատ ընկերասեր էր ու բարի: Քրոջ պատմելով՝ Վահեն դիրքապահ չէր, որովհետեւ տանկիստ էր, սակայն ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը հրամանատարությունից հրաման են ստանում բարձրանալ դիրքեր.
«Վերջին անգամ խոսել ենք Վահեի հետ ապրիլի 2-ին՝ ժամը 12-ի կողմերը, ինքը դիրքեր էր բարձրացել, բայց ինձ հաղորդագրություն էր գրել, որ լավ է, հետո զանգել էր մայրիկիս ու ասել, որ իրենց պոլիգոն են տարել: Նա մեզ խաբել է ու չի ասել, բայց մենք արդեն լսել էինք, որ պատերազմ է ու պարզ էր, որ Վահեն դիրքերում է: Վահես տանկի անձնակազմով հերոսի նման մինչեւ վերջ կռվել է, խոցել թշնամու զորքը, հասել հակառակորդի կողմը, հայտնվել չեզոք գոտում ու կռիվ տվել բաց տարածության մեջ: Չեն նահանջել, նա նշանառու էր, տանկի մեջ երեք հոգի էին, կռվել են մինչեւ վերջ ու խոցվել թշնամու կողմից: Վահեիս ընկերներից ու դիրքապահներից մեզ ասում էին, որ եթե տանկիստները չլինեին, այդ դիրքում ավելի շատ զոհեր կլինեին, տանկիստները մեծ դեր են ունեցել, ու իսկապես հերոսաբար զոհվել են»,-պատմեց Երանուհին:
Վահեի հարազատները հերոսի մարմինը չեն տեսել, այսօր էլ սպասում են նրան. «Նա չէր վախենում մահից, ընկերներին ասել էր, որ պատերազմ գնացող ամեն տղա չի, որ հետ չի դառնում, բայց ինքը չեկավ… 2 տարի է անցել, սուտ է, ժամանակը ոչինչ չի փոխում, ավելի է նորացնում ցավը հիմա ավելի շատ ենք սպասում Վահեի վերադարձին»:
Վահեի հարազատ դպրոցում փառքի անկյուն է բացվել, որտեղ խնամքով դրված են զինածառայողի լուսանկարները, իսկ տան բակում տեղադրվել է հուշաքար եւ ցայտաղբյուր:
Վահե Զաքարյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի եւ Արցախի նախագահների կողմից «Արիության» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր