Միակ երազանքս՝ համախմբել բոլոր հայերին. պատրաստվել ենք մեծ հավատով՝ առ հաղթանակ.շատ երեխաներ կան, որ կարիք ունեն մասնագիտացված մարզիչի. Արման Սարգսյան
Բռնցքամարտի մարզիչ Արման Սարգսյանն ընդամենը 5-6 տարեկան փոքրիկ էր, երբ մայրը նրան տարավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, իսկ այսօր Արմանի սան Պետրոս Անանյանն արդեն այնպիսի հաղթանակներ է գրանցում, որ պատիվ կբերեին ամենահայտնի բռնցքամարտիկներին:Հաղթանակները հեշտ չեն տրվում, յուրաքանչյուր հաղթանակի հետևում ահռելի աշխատանք կա, որը սպորտի պարագայում տարվում է ոչ միայն մարզիկի, այլև մարզիչի կողմից:
Հավանաբար մարզասերներից շատերը կհիշեն, որ ընդամենը ամիսներ առաջ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Նշենք, որ մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում Premier Boxing Champions-ի շրջանակում։ Մատիասը, ի դեպ, իր նախորդ 15 մենամարտերում հաղթել էր նոկաուտով, և ոչ բոլորն էին համաձայնվում մենամարտել նրա հետ, իսկ Անանյանն այսօր Մոսկվայի ԲԿՄԱ-ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ:
Մեզ հետ զրույցում նշեց նրա մարզիչ Արման Սարգսյանը նշեց՝ Մատիասի հետ մենամարտելու առաջարկն իրենք ընդունել են առանց վայրկյան իսկ վարանելու, քանի որ այն լայն հնարավորություններ կբացեր Պետրոս Անանյանի առջև, և, փաստորեն, այդպես էլ եղավ:
Մեզ հետ զրույցում Պետրոս Անանյանը նշեց, որ, անշուշտ, հաջողված է համարում իր և Արման Սարգսյանի համագործակցությունը: ՛՛Մեր գաղափարները շատ հարցերում են համընկնում, և ամենակարևորը՝ պարապում ենք հաղթանակի համար և լիովին հասկանում ենք միմյանց՛՛,-նշեց Պետրոսը:
Մարզիչն էլ հավելեց, որ հավատում է իր սանի հաջողություններին՝ այդպիսով մեծացնելով նրա վստահությունը դեպի հաղթանակ, իսկ Պետրոսն էլ, իր հերթին, ինքնավստահ քայլերով շարժվում է առաջ:
Ի դեպ՝ նշենք, որ իր կարիերայի ընթացքում ինքը՝ մարզիչ Սարգսյանը, ունեցել է ընդհանուր 14 մենամարտ, բոլորը` հաղթանակով, ընդ որում՝ 8-ը նոկաուտով։
2010-ին նա Լաս Վեգասում անցկացրել է իր վերջին մենամարտը՝ այդպիսով դադարեցնելով մարզիկի կարիերան և 2013-ից զբաղվելով բացառապես մարզչական գործունեությամբ:
Մենք փորձեցինք Արման Սարգսյանից պարզել, թե նա ինչպե՛ս է վերաբերվում հաղթանակներին, և արդյոք նրա համար մասնակցությու՞նն է կարևոր, թե՞, այնուամենայնիվ, հաղթանակը: ՛՛Ես համամիտ չեմ, որ կարևորը մասնակցությունն է: Միշտ մասնակցության դեպքում պետք է մտածել հաղթանակի մասին, հաղթանակը շատ կարևոր է, պետք է չմտածել պարտվելու մասին՛՛,-ասաց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է իր սանի՝ Պետրոս Անանյանի հաղթանակին, մարզիչն ասաց, որ պատրաստվել են մեծ հավատով՝ առ հաղթանակ. ՛՛Հպարտանում ենք, որ քրտնաջան աշխատանքից հետո զգալի արդյունք է լինում՛՛:
ԱՄՆ-ում ապրող ու գործող Սարգսյանը հավելեց. ՛՛Միակ երազանքս՝ համախմբել բոլոր հայերին, երեխաներին, երիտասարդներին, ԱՄՆ-ում շատ հայեր կան, շատ երեխաներ կան, որ կարիք ունեն լավ մասնագիտացված մարզիչի, որ իրենց ճիշտ ուղու վրա դնի, և ոչ բոլորը, բայց ոմանք ինչ-որ հաջողությունների անպայման կհասնեն, ու ամեն ինչ կանենք, որ համախմբենք բոլորին՛՛:
Նա նշեց նաև, որ թե՛ ինքը, թե՛ Պետրոս Անանյանն այժմ շարունակում են պարապել և պատրաստվում են նոր հաղթանակների:
Հովհաննես Գրիգորյան