ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

23 սեպ 2021 11:31

Տղերքը հանուն ինչի՞ զոհվեցին, ինչո՞ւ պայման չես դնում թշնամուդ դեմ,ի՞նչ լոլո ենք կարդում աշխարհին.ԱՍԱԼԱ-ի անդամ

«Փաստ» օրաթերթը գրում է


Պատերազմը ծայրից ծայր դավադրություն էր, ինչն ապացուցվեց այս մեկ տարվա ընթացքում: Մնում է մեղավորներին գտնել, իսկ առաջին մեղավորն ինձ համար վարչապետ հանդիսացող գերագույնն էր, նաև պաշտպանության նախարարը: Ավելի ներքև համարյա բոլորն իրենց չափով մեղք ունեն, ամենափոքր չափաբաժինը մերն է: Մենք այդքան երիտասարդներ կորցրեցինք, այդքան ճակատագիր խեղվեց: Դա ծանր հարված էր, բայց ես զարմանում եմ՝ ինչպե՞ս նա վերընտրվեց:


ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք պատերազմից մեկ տարի անց առկա իրավիճակի ու այն իրականության մասին, որում մեր երկիրն է: «Այսօր ինձ համար ցավալի մի քանի իրողություն կա: Նախ՝ այս իշխանություններն ուզում են ամբողջ հայ ժողովրդի դեմքը փոխել: Ուզում են ջնջել այն ամենը, ինչով հայ ժողովուրդը հազարավոր դարեր ապրել է, սնվել ու դիմացել է: Մեզանից ավելի քաղաքակիրթ մարդ աշխարհում թող չփնտրեն, արժեքներ թող չփնտրեն: Մենք մեր արժեքներով 10 հազար տարի ապրել ու գոյատևել ենք:


Մենք պետք է հասկանանք՝ տղերքը հանուն ինչի՞ զոհվեցին: Հանուն նրա, որ գան մարդիկ ու մեզ փորձեն փոխե՞լ: Չեմ կարծում: Խաղալիք չէին այդ երիտասարդները: Ուրիշ խնդիր էլ կա: Այս պատերազմն ապացույցն էր նրա, որ 30 տարի անկախություն նշեցինք, բայց պետություն չեղանք: Այսօր Գորիսից Կապան ոչ ոք չի կարողանում գնալ: Մի քանի կիլոմետրն Ադրբեջանը վերցրել է: Ինչո՞ւ պայման չես դնում, քո քաղաքացու ապահովությունը կարևո՞ր չէ քեզ համար, թե՞ հեշտ է ասել՝ «Սովետը սահման է գծել»: Մինչև ե՞րբ եք թուրքի ու ադրբեջանցու օգտին խոսելու: Հայի իրավունք ասված գոյություն չունի՞: Սյունիքի վիճակը այսպիսին է, ի՞նչ լոլո ենք կարդում աշխարհին: Լուրեր էի նայում, կորոնավիրուսի հարց են մեջտեղ հանում, որ կարևորները մոռացվեն: Ինձ համար սրանք իշխանություններ չեն, ինձ համար սրանք դեկորատիվ սրիկաներ են»,«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Սիսլյանը:


Նա շեշտեց, որ ոստիկանական իշխանություն ստեղծելու ցանկություն է տեսնում: «Աջուձախ ձերբակալություններ, կալանավորումներ, անգամ մամուլի նկատմամբ են սահմանափակումներ կիրառում: Ժողովրդավարության մասին խոսելով՝ զուգահեռ փորձում են բոլորին լռեցնել: Ով իրենցից չէ, ուրեմն, իրենց պիտակավորմամբ, «նախկին» է կամ իրավունք չունի խոսելու: Իրենք տանում են նաև մի քաղաքականություն, որ ընդդիմություն գոյություն չունենա:


«Պարոն վարչապետը» մոռացե՞լ է իր լաչառություններն Ազգային ժողովում: Այն «պարոն վարչապետը», որը իր խմբի հետ հայ ժողովրդին այսօր բարոյականության դասեր է տալիս: Հիմա մի քանի մետր ճանապարհ են ասֆալտում, մայթ են նորոգում: Այդ ամենն ինձ համար երկրորդական է, քանի որ այսօր մարդն արժեք չունի Հայաստանում: Իրենց քաղաքականությամբ ավելի են արժեզրկում մարդուն, ու փաստը մեր երիտասարդների կյանքերն էին: Մեկն ասում է՝ «զինվորը մեռնելու համար է», երեկ էլ պարոնն ասաց՝ «հաղթելու համար երբեմն պետք չէ ու պարտադիր չէ հաղթել ուրիշներին»: Այս ի՞նչ լոզունգներ են, ի՞նչ են նշանակում: Դուխով բառը խեղաթյուրեց, հաղթանակ բառը չենք կարողանում արտաբերել, ըստ իրեն՝ դարձել ենք «հպարտ քաղաքացի», ժողովուրդ, բայց ազգ չենք այլևս»,- նշեց մեր զրուցակիցը:


Նա ստեղծված իրավիճակից մի քանի ելք է տեսնում. «Առաջինը սրանց աթոռներից վռնդելն է: Ով կգա, ով չի գա նրանց փոխարեն, ինձ համար երկրորդական է: Իսկ սրանք հայ մարդու համար խորթ մարդիկ են: Իրավիճակից դուրս գալու մյուս տարբերակը վերաբերում է ժողովրդին: Իրականում չգիտեմ՝ մեր ժողովուրդն արդեն ինչ է ուզում: Չեմ ուզում ասել՝ հիասթափվել են, որովհետև դրա իրավունքը չունեն, բայց նաև պետք է պայքարենք: Այսօր հիասթափությունս միայն իշխանությունից չէ, ո՞ւր են մնացածը: Մենք ժողովո՞ւրդ ենք, թե ի՞նչ: Պատերազմի ժամանակ գոռացողներ կային: Ո՞ւր են այսօր: Մեկը չի խոսում, մեկը մատը վերքի վրա չի դնում, մինչդեռ երկիր ենք կորցնում: Ուզում են մեր դեմքը ջնջել, հայի նոր մոդել ստեղծել, որի մեջ փչացած ինչ սիստեմ ասես՝ պետք է լինի, ո՞նց ընդունեմ սա: Չգիտեմ՝ ինչի մեջ ենք ապրում: Միակ ելքը սրանց հեռանալն է, իսկ հեռանալու համար առողջ ուժեր են պետք:


Բավականին լավ երիտասարդներ կան, բայց մարդկանց ձերբակալում են, վախեցնում են… Աստված չանի՝ մի հատ էլ սահման բացի: Ժողովրդի անունից խոսելով՝ ինքը դրան է գնում: Ախր, ես էլ եմ ժողովրդի մաս, բայց չեմ ընտրել իրեն, ինչո՞ւ է իմ անունից խոսում: Ինքը թող միայն խոսի իր ընտրազանգվածի անունից, ամբողջ ժողովրդի անունից թող չխոսի»:


Ամփոփելով՝ Վազգեն Սիսլ յանը նշեց, որ, անկախ ամեն ինչից, չի կարելի երկրից նեղանալ. «Երկիրը մեղավոր չէ, երկիրը մերն է՝ իմն ու քոնը, երկիրը հայ մարդունն է: Երկիրը վարչապետինը չէ, որին ընտրել են ոչ թե երկիր ծախելու, այլ ղեկավարելու համար: Երկիրն ապրանք չէ, անշարժ գույք չէ իր համար: Կարծում եմ՝ այդքան երիտասարդների արյունը չպետք է չորանա…»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր