Տեսանյութ.Բոլորդ դատվելու եք, ստախոսը ինքդ եք, գնա փողոցում գործդ արա. պետք է բացահայտել, թե ովքեր են Ադրբեջանի հետ սինքրոն աշխատում, մեկին մեկ.լարված մթնոլորտ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը լարված մթնոլորտում է անցնում։
Օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, արձագանքելով Գեղամ Մանուկյանին, թե ՊՆ-ն սահմանային իրավիճակի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն չի տրամադրում և հանրությունը ստիպված այլ աղբյուրներից է տեղեկատվություն ստանում, ասաց.
«Դուք եք ապատեղեկատվության աղբյուր»։
«Արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաների, կեղծ տեղեկությունների միջոցով, պարոն Քոչարյան, Դուք և հանձնաժողովի մի շարք անդամներ...», - ասաց հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց նրան:
«Սուտը ինքներդ եք ասում, անձամբ Դուք։ Ստախոսը ինքդ եք», - բղավեց Քոչարյանը։
Մինասյանը հորդորեց, որ իրեն չընդհատեն։
«Մի ընդհատեք, երբ խոսում եմ։ Դուք պետք է դատվեք դեռ։ Հիմա հրապարակային ասում եմ, Դուք և Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային հայտարարում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, դուք պատասխան պետք է տաք։ Հենց հիմա Ձեզնից պատասխան եմ պահանջում և հրապարակային հայտարարում եմ՝ Դուք դատվելու եք, և ոչ միայն այս հայտարարության համար», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը։
«Գնա փողոցում քո գործը արա, էստեղ դուք ընդամենը շոու անող եք», - նրանց հետևից բղավեց Անդրանիկ Քոչարյանը։
Արծվիկ Մինասյանը դարձյալ վերադարձավ, հայտարարեց, թե դիմում է դատախազություն՝ անմիջապես հարուցել քրեական գործ, և բացահայտել, թե ովքեր են դավաճանները, ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին։
«Այո՛, անպայման, պետք է բացահայտել, թե ովքեր են Ադրբեջանի հետ սինքրոն աշխատում, սինքրոն, մեկին մեկ», - տեղից բղավեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։