Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

21 մայիս 2022 10:34

Թուրքական վտանգը.Թուրքիայի հավակնությունները զսպելու հարցում ՀՀ-ն ամենակարևոր դիրքում է, կարող ենք օգտագործել մեր հնարավորությունները. «Փաստ»

Ուկրաինական ճգնաժամը գործող աշխարհակարգը լուրջ փոփոխության առաջ է կանգնեցրել։ Ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում ուժերի հարաբերակցության ձևափոխումներն արդեն տեսանելի են։ Միևնույն ժամանակ, այնպիսի երևույթներ են առաջ եկել, ինչպես աննախադեպ գնաճը, մատակարարման շղթաների խափանումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Թե մինչև որտեղ կարող են իրադարձությունները հասցնել մարդկությանը, դժվար է ասել։ Սակայն արդեն իսկ բազմաթիվ փորձագետների կողմից կանխատեսումներ են հնչում, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը կարող է նույնիսկ տարիներով ձգվել։

Այսինքն, հակամարտության կողմերը երկարատև դիմակայության են պատրաստվում։ Իսկ այս ամենը նշանակում է, որ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը շարունակվելու է և ավելի լայն շրջանակ է ընդգրկելու։ Թերևս դրանով է պայմանավորված, որ, ի հակադրություն Ռուսաստանի, Ֆինլանդիան ու Շվեդիան հանկարծ ցանկություն են հայտնում ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին ակնհայտորեն ուժեղացել են Թուրքիայի դիրքերը, որը բոլոր ձևերով փորձում է ցույց տալ, որ վերածվել է տարածաշրջանային խոշոր դերակատարի։

Եվ պատահական չէ, որ Թուրքիան մի կողմից՝ բացահայտ աջակցում է Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի՝ մատակարարելով տարբեր սպառազինություններ, սակայն մյուս կողմից էլ՝ հրաժարվում է միանալ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, Թուրքիան փորձում է ինչպես միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, այնպես էլ առանցքային դերակատարում ստանձնել Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Ըստ այդմ, Անկարան, ցանկանալով բարձրացնել իր ռազմաքաղաքական կշիռը, հայտարարում է, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Եվ որպեսզի համաձայնի, Անկարան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջում է չաջակցել քրդերին՝ մասնավորապես Քրդական աշխատավորական կուսակցությանը, իսկ ԱՄՆ-ի առաջ պահանջ է դնում իրենց վաճառել F-16 կործանիչների նոր խմբաքանակ, վերացնել ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և Թուրքիային ընդգրկել F-35 կործանիչների ձեռքբերման ծրագրում։ Հետաքրքրական է, որ Չավուշօղլուն վերջերս հայտարարեց, թե F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում։

Իսկ Թուրքիայի կողմից արևմտյան նոր սպառազինությունների ձեռքբերումը նշանակում է, որ Անկարան տարբեր ուղղություններով ավելի սանձարձակ պահվածք է դրսևորելու, ինչը հատկապես նկատելի կդառնա Հարավային Կովկասում։ Եվ պատահական չէ, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ուղղակիորեն կամ էլ անուղղակի Ադրբեջանի միջոցով փորձում է տարբեր նախապայմաններ առաջ քաշել ու ճնշում բանեցնել Երևանի նկատմամբ։ Օրինակ՝ օրերս Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարեց, թե հետևողական են լինելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Միևնույն ժամանակ, թուրք պաշտոնյան փորձեց հավասար կարգավիճակների ներքո դիտարկել «Զանգեզուրի միջանցքը» և Լաչինի միջանցքը։ Թուրքական կողմի այսպիսի դիրքորոշումը վկայում է, որ Անկարան հետևողականորեն փորձելու է առաջ մղել պանթուրքական ծրագրերի իրականացման հարցը, ինչի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է «Զանգեզուրի միջանցքը»։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի չափազանց հզորացումը առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդ երկրի վերջնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն ու նրա տեղը զբաղեցնելն է, իսկ մյուս կողմից էլ՝ Արևմուտքը մտահոգություններ ունի, քանի որ Անկարան փորձում է դուրս գալ Արևմուտքի ազդեցությունից և ինքնուրույն պայմաններ թելադրել։ Ուստի, Թուրքիայի հավակնությունները զսպելու հարցում Հայաստանը ամենակարևոր դիրքում է։ Եվ մեր երկիրը կարող է օգտագործել իր ունեցած հնարավորությունները՝ հետևողականորեն աշխատանք տանելով իր տարբեր գործընկերների՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ։

Սակայն Հայաստանում Փաշինյանի իշխանությունն ինչքան շարունակում է մնալ երկրի ղեկին, այնքան Թուրքիան հաջողություններ է գրանցում և ՀՀ-ին պարտադրում իր կամքը։ Ժամանակը ցույց է տալիս, որ Անկարան ոչ թե շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, այլ ձգտում է կարգավորման գործընթացի անվան տակ անընդհատ բոնուսներ ստանալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր