ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 հուլ 2022 15:48

Թուրքիայի վտանգավոր և անվստահելի խաղացող լինելու իրողությունը.ուկրաինական ճգնաժամն իր աշխարհաքաղաքական հետևանքներով կարևոր հնարավորություններ է ստեղծում Թուրքիայի համար

Դեռևս 2021 թ. տարեվերջին, երբ արդեն իսկ կանխատեսելի էր մի կողմից Ռուսաստան-Ուկրաինա, մյուս կողմից Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների աննախադեպ սրացումը, Թուրքիան փորձեց դիրքավորվել նոր իրավիճակում` ակնկալվող զարգացումներում նվազագույնը կորցնելու ու առավելագույնը շահելու սկզբունքի համաձայն։

Բանն այն է, որ մի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Ուկրաինայի հետ բազմավեկտոր համագործակցությունը, մյուս կողմից Ռուսաստանի հետ բազմաշերտ հարաբերություններն Անկարային ընձեռում էին առնվազն սեփական քաղաքական կշիռն ամրապնդելու և ակտիվ դիվանագիտությամբ իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներում մանևրելու լայն հնարավորություններ։

Դիվանագիտական գործընթացին Թուրքիան լծվեց հնարավոր ամենաբարձր՝ նախագահ Ռ. Թ. Էրդողանի, ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի, նախագահի գլխավոր խորհրդական Ի. Քալընի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Ուկրաինական ճգնաժամը դարձավ Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների տարաբնույթ բանակցային օրակարգերի առանցքային թեմաներից մեկը։ 2021 թ. դեկտեմբերից 2022 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում թուրքական կողմի գործուն նախաձեռնողականությամբ գրանցվել են մի քանի տասնյակ հեռախոսազրույցներ, այցելություններ, քննարկումներ՝ միտված ճգնաժամի ռազմական փուլի կանխմանը, և այդ ամենը, անշուշտ, Անկարայի միջնորդական ջանքերի ընդգծման համատեքստում։
 
...Թուրքիայի շահերի գոտի հանդիսացող մեկ այլ տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, նկատվում է Անկարայի քաղաքականության ակնհայտ պասիվություն։ Մասնավորապես, ուկրաինական ճգնաժամի ակտիվ փուլի մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի առաջնահերթություններում հետին պլան են մղվել այս տարածաշրջանի խնդիրները: Վերոնշյալ տեսակետի օգտին է խոսում ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տեմպի դանդաղեցման իրողությունը, այնպես էլ մինչև ճգնաժամը նաև Թուրքիայի կողմից ակտիվորեն առաջ մղվող «3+3» ձևաչափի նախաձեռնման ուղղությամբ ակտիվ քայլերի բացակայությունը: Թուրքական հարավկովկասյան օրակարգի այս միջանկյալ մարտավարությունը, ամենայն հավանականությամբ, հաշվարկվում է ուկրաինական հակամարտության խորացման պայմաններում նաև այս տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման հնարավորությամբ, որը, ինչպես ապացուցված է պատմականորեն, ավելի կդյուրինացնի Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը և, որ ամենակարևորն է, առանց լուրջ զիջումների։ Հետևաբար թուրքական ներկայիս մարտավարությունը հիմնված է Ադրբեջանի դերակատարությանը համակողմանի աջակցության, ինչպես նաև ընդհանուր խնդիրների առաջմղման տրամաբանության վրա։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա ներկա փուլում Անկարայի հիմնական խնդիրը զուտ գործընթացի կենսունակության ապահովումն է՝ առանց շոշափելի արդյունքների արձանագրման։ Որպես վերոնշյալ տեսակետի փաստարկում կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործընթացում ադրբեջանա-թուրքական «Զանգեզուրի միջանցքի» նախագծի առաջմղումը առնվազն պաշտոնական հռետորաբանության և քարոզչական հարթություններում:

Ամփոփելով կարելի է նշել, որ ուկրաինական ճգնաժամն իր աշխարհաքաղաքական հետևանքներով ինչպես լրջագույն մարտահրավերներ, այնպես էլ կարևոր հնարավորություններ է ստեղծում նաև Թուրքիայի համար։ Զարգացումներին արձագանքելու Անկարայի քաղաքական ճկունությունը և ցայժմ արձանագրված իրավիճակային հաջողված դիրքավորումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն լուծելու տարաբնույթ խնդիրներ, մեծացնելու սեփական քաղաքական կշիռը, այլև երկիրը զերծ պահելու հնարավոր գլոբալ անկայունության հետևանքներից։ Միևնույն ժամանակ սեփական շահերի վրա գերկենտրոնացման թուրքական մանևրային հայտնի քաղաքականությունը հերթական անգամ հավաստում է այս պետության՝ վտանգավոր և անվստահելի խաղացող լինելու պատմականորեն փաստված իրողությունը։

Արմեն Պետրոսյան
Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ

«Դրօշակ» թիվ 7 (1668), 2022թ․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր