Վտանգավոր է Հայաստանի համար. եթե Բրյուսելն ու Մոսկվան շարունակեն մրցակցել, ապա կշահի Ադրբեջանը
Eadaily.com-ը գրում է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը շարունակվելու է ընթանալ երկու տարբեր ձևաչափերով: Առաջիկայում պետք է սպասել Անդրկովկասի հանրապետությունների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպմանը Մոսկվայում։ Այն, ինչպես և վերջերս Բրյուսելում կայացած բանակցությունները, եռակողմ է լինելու։ Սակայն, բնականաբար, այս դեպքում Ռուսաստանը հանդես կգա որպես միջնորդ։ Նման կանխատեսմամբ է կիսվել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը հաստատեց այն տպավորությունը, որ բանակցությունները «բովանդակալից են, և գործընթացն առաջ շարժվելու միտում է ցուցաբերում»։
«Այստեղ հիմնական խոչընդոտը՝ առաջընթաց ապահովելու առումով, գործընթացի երկու ձևաչափով շարունակությունն է. մի կողմից կարելի է ենթադրել, որ երկու ձևաչափով էլ խոսակցությունը նույն բանի մասին է։ Մյուս կողմից, տարբեր միջնորդների պատճառով լուրջ խոչընդոտներ են ստեղծվում, և կարծում եմ, որ խնդիրներ են առաջանում կոնկրետ Հայաստանի համար»,- նշում է Նավասարդյանը։
Պայմանագրերի ցանկացած տարբերակ, որը չի ներառում երկու միջնորդների՝ Ռուսաստանի և Եվրամիության համակարգումը, կհանգեցնի անցանկալի արդյունքների, առաջին հերթին, հայկական կողմի համար, պարզաբանել է նա։
«Օրինակ, եթե մոսկովյան ձևաչափը դառնա գերիշխող, դա կնշանակի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը կհետաձգվի, ինչը կհանգեցնի բանակցային օրակարգի թերարժեքության։ Եթե Բրյուսելը գերիշխող դառնա, դա կհանգեցնի Մոսկվայի «խանդին», որը տարածաշրջանում ուժեղ լծակներ ունի։ Եթե երկու ձևաչափերն էլ շարունակեն մրցակցել, ապա կշահի Ադրբեջանը, որը կսկսի առևտուր՝ նախապատվությունը տալով իր համար ավելի շահավետ տարբերակներ առաջարկող ձևաչափին»,- ասել է Նավասարդյանը։
Հայ փորձագետը չի կասկածում, որ «աճուրդը» կանցկացնի Բաքուն, ոչ թե Երևանը։ «Ադրբեջանը միջնորդներին ավելի շատ բան ունի առաջարկելու, քան Հայաստանը»,- բացատրել է նա։
Բանակցային գործընթացի առաջընթացի ապահովման տեսանկյունից Հայաստանի համար միակ ընդունելի տարբերակը երկու ձևաչափերի առավելագույն սերտաճումն է։ Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ Երևանը շահում է բանակցություններում առաջընթացի բացակայությունից, երկու ձևաչափով տեղի ունեցող գործընթացները կարող են հետագայում առաջացնել իսկ հետո խորացնել հակասությունները միջնորդների միջև։ Իսկ դա ի վերջո կազդի Հայաստանի հարաբերությունների վրա թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության հետ։ Ավելին, հավելել է Նավասարդյանը, հակասությունների ակնկալվող աճը հղի է սահմանին լարվածության աճով և, որպես հետևանք, հետպատերազմյան տարածաշրջանում Ադրբեջանի սողացող էքսպանսիայի շարունակությամբ։