ԱՀԿ-ն նույնասեռական տղամարդկանց խորհուրդ է տվել կրճատել սեռական զուգընկերների թիվը՝ կապիկի ծաղիկի տարածման պատճառով
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2013/10/nuynaserakan.jpg)
ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ մայիսին բռնկումների սկսվելուց ի վեր հայտնաբերված կապիկի ծաղիկով վարակման դեպքերի 98 տոկոսը նույնասեռական, բիսեքսուալ տղամարդկանց եւ «տղամարդկանց հետ սեքսով զբաղվող այլ տղամարդկանց» շրջանում էր: Նա ռիսկի խմբում գտնվողներին կոչ է արել պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել։
«Դա նշանակում է անվտանգ ընտրություն կատարել ձեր եւ ուրիշների համար, տղամարդկանց համար, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ,- ասել է Գեբրեյեսուսը:- Դա այս պահինսեռական զուգընկերների թվի կրճատում է ներառում»:
Վարակված մարդիկ պետք է մեկուսացվեն եւ խուսափեն հավաքույթներից, որոնք սերտ ֆիզիկական շփում են ներառում, իսկ մարդիկ, ընդհանուր առմամբ, պետք է ստանան բոլոր նոր սեռական գործընկերների կոնտակտային տվյալները, եթե նրանց հետագա դիտարկում անհրաժեշտ լինի, ասել է ԱՀԿ ղեկավարը:
Ընդ որում, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդկանց չի առաջարկել կրճատել իրենց սեռական զուգընկերների թիվը, այլ միայն խուսափել մաշկ առ մաշկ շփումից այն մարդկանց հետ, ում մոտ ցան կա, որը կարող է կապիկի ծաղիկի ախտանիշ լինել:
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ կապիկի ծաղիկով կարող է վարակվել յուրաքանչյուրը, ով սերտ կապ ունի հիվանդ մարդու կամ նրա վարակված հագուստի կամ անկողնային պարագաների հետ։ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը նախազգուշացրել է, որ հիվանդությունը կարող է ավելի ծանր լինել բնակչության խոցելի հատվածի շրջանում, ինչպիսիք են երեխաները կամ հղի կանայք:
Մինչ օրս ավելի քան 75 երկրում գրանցվել է ավելի քան 19.000 դեպք, մահվան դեպքեր գրանցվել են միայն Աֆրիկայում: