Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է       Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ    

29 հուլ 2022 12:24

Քիչ մնացածների օրակարգը. հարձակում հրեական գերեզմանատան վրա եւ «ծպտյալ հայ» լինելը Թուրքիայում

Տասներեքամյա երեխաների խումբն ինչպիսի՞ ատելությամբ պետք է դաստիարակված լինի, որ կարողանա վնաս հասցնել մի վայրի, որից սովորաբար այդ տարիքում կվախենար: Սա այն դեպքն է, որի մասին լրջորեն խորհել է պետք:


Մուրադ Մըհչը


«Վերջում մի տող գրեցի՝ «Մահն ավելի կարևոր էր, քան մեռնելը: Որովհետև մահը մշակույթ էր: Մարդ իր մահն էր փնտրում: Հրաժեշտ էր տալիս իր մահով, թաղում իր հանգուցյալին: Սգում էր իր հանգուցյալին: Հիշում էր իր հանգուցյալին: Հանգուցյալը, գերեզմանը, սգավորը հարգվում էին: Նույնիսկ վրեժի համար սուգ էր սպասվում։ Մարդիկ տառապելու իրավունք ունեին: Նախկինում մարդն ավելի շատ էր մարդ»։


Սելիմ Թեմո


Այս շաբաթ ստիպված եղա գրել մեր՝ քիչ մնացածներիս մասին։ Հաճախ եմ մոտ շրջանակներից քննադատություն ստանում, թե՝ «Մեր թեմաները մի՛ շոշափեք, շոշափեք ավելի ընդհանուր թեմաներ»: Սակայն ընկերներս, ովքեր մեր ինքնության կրողները չեն, ընդհակառակը, ասում են, որ դրանք կարևոր են, քանզի նմանատիպ հոդվածներ գրեթե չկան մեզ ճանաչելու և ազգային փոքրամասնությունների խնդիրներն իմանալու տեսանկյունից: Նրանք անդրադառնում են այլ թաղամասերի ընկերների համար իմ հոդվածների գործառույթին և պնդում, որ ես գրեմ այս հարցերի մասին։


Այս շաբաթ շատ տխուր լուր տեսա հրեական համայնքի թվիթերյան էջում։ Ստամբուլում գտնվող հրեական գերեզմանատան քարերը ոչնչացվել են: Այս ավերածությունից միայն երեք-հինգ չէ, այլ տասնյակ գերեզմաններ են վնասվել։ Գերեզմանների համար մտահոգվող ինձ պես մեկի համար դա շատ ցավալի նորություն էր: Իրականում դա համարում եմ ոչ թե անհարգալից վերաբերմունք հանգուցյալների նկատմամբ, այլ ուղերձ՝ ուղղված մնացած հասարակությանը։ Այս իրավիճակի վերաբերյալ ազատ մամուլում տարածված լուրերի արդյունքում երկրում առաջացել է էական հրամայական, թեև այն այնքան էլ մեծ չէ, որքան պետք էր։ Ինչ որ լսեցի հրեա ներկայացուցիչների հետ հանդիպմանը, կրում էր փոքրամասնությունների հոգեբանության հետքերը, որոնք հստակ գիտեի։ Հույս ունեի, թե սա առանձնահատուկ միջադեպ է։ Ի շնորհիվ առաջացած հրամայականի՝ ձերբակալվեցին երեխա համարվելու տարիքի երեք-հինգ հոգու: Լուրը, որ այս երեխաները շուրջ 13 տարեկան են, տարածել են հիմնական լրատվամիջոցները։ Տեսանք, որ իշխանությունն էլ է այս հարցում «զգայուն»։


Նախկինում քիչ մնացած ժողովուրդների վրա նման հարձակումները բացատրվում էին որպես կա՛մ հիվանդության պատճառով գազազած վարձու մարդասպանների, կա՛մ էլ գիտակցությունից զուրկ մարդկանց կողմից կատարված: Շատ հաճախ մեղավորներին չէր հաջողվում գտնել։ Առաջին անգամ եմ տեսնում, որ երեխաները հարձակվեն քիչ մնացածների գույքի վրա։ Այստեղ հայտնի չէ, թե ով է ծրագրել այդ հարձակումը։ Եթե իսկապես այս հարձակումը ծրագրված ձևով չի տեղի ունեցել, ապա ինչպիսի՞ ատելության խոսքով պետք է դաստիարակված լինի 13-ամյա երեխաների խումբը, որ ոչնչացնի այն վայրը, որից այդ տարիքում և նորմալ պայմաններում պետք է վախենային: Սա այն վիճակն է, որի մասին պետք է լրջորեն խորհել: Այս դեպքից հետո հարգելի Ռաքել Դինքի խոսքն է միտքս գալիս․ «Երեխայից մարդասպան ստեղծելը»: Նույնիսկ եթե այս թեման հրեաների ենթադրած տարբերակը լինի, անհրաժետ է հասնել հիմնական պատճառի բուն էությանը: Ինչու՞, ինչի՞ համար:


Ցավալի է ընդգծել, որ բացի երկրում քիչ մնացածների գերեզմաններից, կտրուկ աճել են հարձակումները հատկապես քրդական գերեզմանների վրա:


Հենց այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այս դեպքերը, պատահաբար հանդիպեցի երկրում փախստականների դեմ քարոզչության քաղաքականության առաջնորդ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Ումիթ Օզդաղի թվիթերյան գրառմանը։ Առաջին գրառման մեջ լեզուն Սեյիդ Ռըզայի դեմ էր երկարացել: Իմ սիրելի ընկեր, ԺԺԿ Ստամբուլի պատգամավոր Ալի Քենանօղլուն (Թոքաթլը), ով ալևի թուրքմեն է, նրան քննադատեց՝ կատարելով հրապարակում նույն Սեյիդ Ռըզայի պատմական խոսքերով. «Չխոնարհվեցի, սա էլ թող ձեզ հոգս լինի,- ասել է նա,- և ահա այդ հոգսը, ձեզ խժռում-վերջացնում է»: Ումիթ Օզդաղի պատասխանը սա էր. «Ալի՛ էֆենդի, հավատա՛, ոչ մի հոգս էլ չի եղել: Կոտրեցինք և կոտրում ենք իմպերիալիզմի շների, այսպես կոչված, չխոնարհվող վիզը։ ԺԺԿ-ն ավելի թշնամաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ, քան հունական կամ բուլղարական ռասիստական կուսակցությունները։ Նրա գլխավոր ղեկավարների մեծ մասը ծագումով հայ են։ Թշնամի են և պետք է վերաբերվել որպես թշնամու»։


Երբ այս գրառումը տեսա, թիկնեցի ու մտածեցի՝ Կարո Փայլանից զատ ո՞վ է դարձել գլխավոր ղեկավար։ Ինձնից բացի ուրիշ հայ ղեկավար դարձած չկա։ Ես երկու ժամկետ պաշտոնավարեցի ԺԺԿ-ի կենտրոնական գործադիր և կուսակցության խորհրդում: Հաղորդագրություն ուղարկեցի՝ մտածելով, որ եթե հարգելի Ումիթ Օզդաղն ինձ թշնամի է տեսնում, ստիպված է ասել, թե ինչու։ Գրեցի նրան՝ նշելով․ «Ինձնից բացի՝ հայ ղեկավար չի եղել, եթե խնդիրդ ինձ հետ է, և հարցը ես եմ, եկեք լուծենք»։ Անմիջապես այս հաղորդագրությունից հետո նա հրապարակում արեց, որն իր առաջին հաղորդագրության մեջ չէր նշել՝ շեշտելով, որ եղել են ծպտյալ հայեր, որոնց համակարգված ձևով հաշվեհարդար են տեսել: «Ազգությամբ հայ լինելն ամենևին էլ խնդիր չէ։ Մեր կուսակցության աջակիցների թվում կան հայրենասեր հայազգի քաղաքացիներ։ Խնդիրը ազգությունը քրդի կամ զազայի քողի տակ թաքցնելն է՝ չնայած հայ լինելուն»:


Այս վերջին հաղորդագրությունը անհավատալի փաստեր է պարունակում։ Ծագումով հայ լինելու հասկացությունն ըստ իս արդեն իսկ ճիշտ չէ։ Եթե մարդուն հայ ես ասում, նա հենց հայ է։ Եթե մարդու նախնիներն ունեցել են հայկական ինքնություն, հետո էլ անցել են քրդական կամ զազայական ինքնության, ապա գլխում պետք է այս անցման պատճառի վերաբերյալ հարց առաջանա: Պատասխանը շատ պարզ է: Հարգելի Օզդաղը իր կուսակցության անունից մեծ նախաձեռնությամբ հանդես գալով՝ ակամա փաստն արձանագրեց։


Մտքիս է գալիս 1948 թ․ ՄԱԿ-ի կողմից որպես իրավական հասկացությունը ընդունված Ցեղասպանության հասնակցության 5-րդ հոդվածը, որի ուսումնասիրությունները կատարել է Ռաֆայել Լեմկինը: Հիշենք հոդվածը:


(ՀՈԴՎԱԾ 5) Խմբից երեխաներին բռնի կերպով տեղափոխել այլ խումբ (ինքնության):


Եթե Ումիթ Օզդաղն օգտագործում է այս բառը և իսկապես ասում է, որ երկրում կան «ծպտյալ հայեր», նշանակում է, որ նա հստակեցրել է իր տեսակետը 1915-ի վերաբերյալ: Հարգելի՛ Ումիթ Օզդաղ, իսկապես, ի՞նչ հարց կլիներ, եթե ոչ միայն ԺԺՀ-ն, այլ մյուս կուսակցությունները ամբողջովին հայկական լինեին: Տոհմածառներում որևէ երաշխիք կա՞, թե ովքեր են հայտնվելու այս տարածաշրջանում։ Եթե նայենք գաղթի ձեր քաղաքականությանը, թե ձեզ թուրք եք համարում, ապա ձեր նախնիները որտեղի՞ց են այս տարածաշրջան եկել։ Ի՞նչ կզգային ձեր նախնիները, եթե այստեղի բնիկ ժողովուրդները նույն վերաբերմունքը ցուցաբերեին այն ժամանակ եկածներին։


Որ նայես՝ հիմնական խնդիրն այն է, որ հասարակության մեջ ատելության լեզուն տեղավորվել է քաղաքականության, կրթության և հետևաբար մեր առօրյա կյանքում, որը մեզ բևեռացնելով՝ դարձնում է անպտուղ։ Մեզանից քանի՞սը կընդունեին մեր ներկայիս ինքնությունը, եթե նրանց ծնվելու պահին հարցնեին:


Հենց այս ատելության խոսքն ու երիտասարդներին մատուցված կրթությունն են, ինչպես որ փորձեցի բացատրել հոդվածիս սկզբում, պատճառ դարձել, որ 13-ամյա երեխաները ատելությամբ շարժվելով՝ վնաս հասցնեն հրեական գերեզմանատանը: Ինչպիսի՞ն կլինի մեր՝ քիչ մնացածներիս նկատմամբ այս երեխաների՝ հարկադրված ատելությամբ լեցուն տեսակետը, երբ նրանք մեծանան: Ինչպիսի՞ անհատներ կդառնան այս մարդկանց դաստիարակած երեխաները։


Ցավն այն է, որ այս մթնոլորտը ատելություն է հարուցում նաև ոչ միայն քիչ մնացած ժողովուրդներից, այլև մյուս հանրույթների նկատմամբ:


Քիչ-մնացած ընկերներս այս հոդվածս կարդալուց հետո ինձ ասացին․ «Ա՜խ, Մուրա՛դ, գրելիս զգույշ եղիր»։ Իրականում նրանց նախազգուշացումը մի գործոն է, որը մեզ խանգարում է երկրում ավելի լավ օրերի ժամանակաշրջան սկզբնավորել։


Մեր բոլոր հրեա բարեկամներին մարդկության անունից գերեզմանների վրա հարձակման դեպքի առթիվ շուտափույթ մխիթարություն ցանկանալով, հարգելի Ումիթ Օզդաղին եմ վերադարձնում իմ հանրության և ինքնության հանդեպ նրա հնչեցրած յուրաքանչյուր ատելության խոսք։


Հոդվածի վերջում հարգանքով հիշում եմ մեր 33 ընկերներին, ովքեր 2015 թ. ԴԱԻՇ-ի կողմից սպանվեցին Սուրուչում: Իրական մարդասպանները դեռևս բացահայտված չեն։ Անգամ նրանց հիշատակումն արգելափակված է կառավարության կողմից։


[1] Հեղինակը, քիչ մնացած ասելով, նկատի ունի տարբեր ցեղասպանություններ, ձուլում և այլ բռնություններ վերապրած Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին-Ակունքի խմբ․:




Թարգմանեց Տիգրան Չանդոյանը


Akunq.net


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր