Տեղի է ունեցել պետական մասշտաբի հանցագործություն, որը շարունակվում է առ այսօր
Սեպտեմբերի 29-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն էր Քաղաքացու իրավունքների պաշտպան կազմակերպության նախագահ Կարեն Հեքիմյանը:
Քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հեքիմյանը նշեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, ըստ լրագրողական հետաքննությունների, Վանաձոր քաղաքը ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում տեղի է ունեցել քաղաքական պատվերով իրականացված պետական մասշտաբի հանցագործություն, որը շարունակվում է առ այսօր. «Ի թիվս այլոց, 2012 թվականի ընթացքում, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ներկայացրել է փաստաթուղթ այն մասին, որ ինքը մինչև 2012 թվականը հինգ տարի անընդմեջ բնակվել է Հայաստանում: Մինչդեռ բազմաթիվ հրապարակումներում փաստեր են ներկայացրել, համաձայն որոնց՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը՝ այսինքն՝ 1 տարի 17 օր Մարուքյանը, մշտապես գտնվելով ԱՄՆ-ում, ստացիոնար հիմունքներով սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, որից հետո նրան տրվել է 5 տարի Հայաստանում մշտապես բնակվելու մասին փաստաթուղթ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Դրանից հետո Էդմոն Մարուքյանը հանրությանն է ներկայացրել իր կենսագրությունը, որտեղ հենց ինքը նշել է մի հանգամանք, որ 2009-2010 թվականներին սովորել է Մինեսսոտայի համալսարանում: Այսինքն՝ հենց պատգամավորության թեկնածուն ի սկզբանե հայտարարել է, որ ինքը վերջին հինգ տարիներին չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Դրան հաջորդեց թվով հինգ լրագրողական հետաքննություն, ինչպես նաև մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ Էդմոն Մարուքյանը առնվազն 1 տարի 17 օր մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Այս փաստերը հաստատել է նաև Ազգային անվտանգության ծառայությունը՝
տրամադրելով Քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի և ելքի մասին ինֆորմացիոն
տեղեկանքը»:
Կարեն Հեքիմյանի խոսքերով՝ չնայած, որ մամուլի հրապարակումներում առկա էին հանցագործության մասին հաղորդագրություններ, սակայն իրավապահ մարմինները դրանց անուշադրության մատնեցին. «Ստացվում է, որ մինչև հիմա Ազգային ժողովի նիստերին մասնակցում է մի պատգամավոր, որի լեգիտիմությունը, մեղմ ասած, կասկածի տակ է: Ավելին՝ լեգիտիմության խնդիր ունեն նաև այն բոլոր իրավական ակտերը, որոնք այս ընթացքում ընդունել է Ազգային ժողովը, քանի որ այդ մարդը քվեարկել է տարբեր օրինագծերի, ինչպես նաև իրավական ակտերի օգտին, դեմ կամ ձեռնպահ»:
Կարեն Հեքիմյանը նշեց, որ մի շարք լրագրողներ տեսնելով, որ իրավապահները իրենց հրապարակումները անուշադրության են մատնում, դիմել են Քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությանը, որպեսզի համատեղ ուժերով ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումները: Նա ընդգծեց, որ պատրաստվում են դիմել դատախազություն՝ պարզելու համար, թե շուրջ չորս տարի հրապարակումներից հետո ինչու քրեական գործ չի հարուցվել: Հեքիմյանը
հայտարարեց, որ խնդրին իրավական լուծում տալու պահանջով իրենք պատրաստվում են դիմել
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին՝
այս հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու համար: Քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունը առաջարկում է նաև ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի խնդիրը:
Այն
հարցին, թե ինչո՞ւ Մարուքյանի անվան շուրջ սկանդալը հատկապես այս ընտրական պրոցեսների ժամանակ գլուխ բարձրացավ,Կարեն Հեքիմյանն ասաց. «Այս հարցը պարբերաբար եղել է մեր ուշադրության կենտրոնում: Այն միշտ եղել է օրակարգում ու ավելին ասեմ, որ Վանաձորի ընտրություններից հետո էլ կմնա օրակարգում: Սա ընդհանրապես կապ չունի նախընտրական այս թոհ ու բոհի հետ: Մարդիկ քվեարկում են մի մարդու համար, որն անարժանահավատ տեղեկանքներ է ներկայացնում և հետագայում ոչ լեգիտիմ պատգամավորի կարգավիճակում հանդես է գալիս: Մարդիկ պետք է իմանան»: