Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 սեպ 2022 10:19

Ռուսաստանն այսօր Ադրբեջանի վրա միայն ռազմական լծակներով կարող է հակազդել, իսկ ԱՄՆ-ը կարող է խնդիր լուծել նաև առանց ռազմական ուժին դիմելու․ Արման Մելիքյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից հայկական կողմին հինգ հայ ռազմագերիների փոխանցումը միջազգային հանրության խիղճն ու գործունակությունը ժամանակավոր դադարի տալու միջոց է ընդամենը՝ ասում է արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։


«Իրենք ագրեսիվ գործողություններ են ձեռնարկում, ապա ինչ-որ այսպիսի մարդասիրական քայլով իրենց գործած վայրագությունների հետքերը փորձում են ջնջել միջազգային հանրության հիշողությունից։ Միջազգային հանրության առանձին ներկայացուցիչներ էլ շտապում են իրենց վերագրել այդ բարի կամքի չակերտավոր քայլերը, որ անում է Ալիեւը։ Սա քաղաքական, մանիպուլյատիվ խաղ է, որի կանոններին մենք պետք է վաղուց արդեն վարժված լինեինք եւ ոչ միայն դա ընկալեինք որպես խաղ, այլեւ դրան հակադրվելու միջոցներ ձեռնարկենք՝ մի բան, որ առայժմ չի հաջողվում անել»,- ասում է Մելիքյանը։


Նա նշում է, որ աշխարհում մեծ փոփոխություններ են ընթանում, եւ դրանց ալիքը հասել է Հարավային Կովկաս ու առաջին հերթին հարվածել մեզ։ Եվ հակառակ բոլոր նախազգուշացումներին, որ արվել են տարիներ շարունակ, ո՛չ նախորդ վարչակազմերը, ո՛չ ներկայիս իշխանությունը մատն անգամ չեն շարժել, որպեսզի այդ արհավիրքներին դիմակայելու համար անհրաժեշտ դիմադրության պաշար ձեւավորեն։


«Չի արվել եւ այսօր էլ դա չի արվում, իշխանության գործողություններն ուղղված են այս պահին ծնվող խնդիրները լուծելուն, բայց դա անարդյունավետ գործելակերպ է, որովհետեւ իր մեջ ապագայի տեսլական չի պարունակում»։ Մելիքյանի կարծիքով, իրավիճակային էր նաեւ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի մասին հայտարարությունը։


Արցախի նախկին արտգործնախարարը նշում է, որ Հայաստանում մի արատավոր ավանդույթ է ներդրվել, որ քաղաքականությունը կա՛մ ի լուր աշխարհի արվող հայտարարություններն են, կա՛մ պատերազմելը։ Այնինչ երկուսն էլ իրական քաղաքականության լուսանցքային միջոցներն են։ Մեր հարցին, թե Ալիեւին ուղղված հայտարարությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Արման Մելիքյանն ասաց՝ ոչ, դա նշանակում է, որ ինքն ուզում է, որ Ադրբեջանը Հայաստանը ճանաչի այդ սահմաններում։


«Արցախի Հանրապետության ճանաչումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ծիրից առանձին է դիտարկվում, դիտարկվում է, մեծ հաշվով, որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր, եւ առաջնայինն այստեղ Հայաստանի կողմից համենայնդեպս դիտարկվում է արցախահայության գոյության, անվտանգության ապահովումն այս փուլում։ Ինքնավարության խնդիր չի էլ դրվում՝ ինքնորոշման խնդիր է դրվում։ Ընդ որում՝ խնդիրը,  ըստ էության, թողնված է առայժմ Ադրբեջանի հայեցողությանը»,- ասում է Մելիքյանը։


Նա նկատում է՝ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, եւ փոխադարձ ճանաչման դեպքում գնան խաղաղության պայմանագրի ստորագրման։ Արցախի նախկին արտգործնախարարը շեշտում է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելն Ադրբեջանի կամքից դուրս է՝ գլոբալ ծրագրի իրականացման շրջանակներում է այդ խնդիրը լուծվելու։


«Կա Եվրասիայի քաղաքական դիմագիծը փոխելու գլոբալ դիմագիծ, այդ ծրագրի նախաձեռնողներից են, իհարկե, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, դրան մասնակցում է Իսրայելը, ֆիզիկապես մասնակցում է Թուրքիան, եւ այդ ծրագրի իրականացման հայաստանյան, հարավկովկասյան եւ իրանյան փուլն է, որը ծնում է կոնֆլիկտներ։ Այդ կոնֆլիկտները հարատեւ չեն՝ դրանք կանգ են առնելու, եւ դրա առաջին նշաններից մեկն էր Նենսի Փելոսիի այցը Հայաստան»,- ասում է մեր զրուցակիցը։


Նա նշում է, որ Միացյալ Նահանգները պարզից մինչեւ բարդ գործիքներ ունեն՝ Ադրբեջանին ստիպելու, որ ենթարկվի իրենց կամքին, օրինակ՝ արտասահմանում ունեցած անշարժ գույքի եւ դրամական միջոցների առգրավմամբ։


«ԱՄՆ-ն այստեղ հարցեր լուծելով՝ երկու խնդիր կարող է լուծել միաժամանակ՝ մի կողմից կարող է ավելի ծանրացնել Իրանի ներքին եւ արտաքին կացությունը, եւ քանի որ նախ Իսրայելի համար կարեւորագույն հարց է՝ կղերապետությունը վերացնել Իրանում եւ աշխարհիկ վարչակազմ այնտեղ բերել, Իսրայելն էլ ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է, ուստի սա կարեւոր խնդիր է։ Երկրորդ խնդիրը ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում ժամանակի ընթացքում դադարեցնելն է, իսկ սա դրա համար նախադրյալներ ստեղծելու լուրջ հնարավորություն է։ Ամեն դեպքում, Միացյալ Նահանգները բանակցային գործընթացի մեջ չէին մտնի ու չէին սկսի այն հովանավորել, եթե վստահ չլինեին, որ իրենց ուզած արդյունքը չեն կարող ստանալ»,- ասում է Մելիքյանը։


Ինչ վերաբերում է քննարկումներին, թե Հայաստանն ո՞ւմ պետք է ընտրի՝ ԱՄՆ-ի՞ն, թե՞ ՀԱՊԿ-ին, Մելիքյանն ասում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունն իրական ինքնիշխանությունը կորցրած գոյացություն է, եւ այս խնդիրը մեր որոշելիքը չէ, քանի որ այդ կամքը, գիտելիքը, կարողականությունն այս իշխանությունը չունի, չունի նաեւ ակտիվ ընդդիմությունը։ «Այս տարածաշրջանում մրցակցող գերուժերը, ուժային կենտրոնները թող հարաբերությունները պարզեն՝ շահեն մեր ժողովրդի համակրանքն ու հավատը։ Տեւական ժամանակ այդ հավատը կենտրոնացած էր Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի վրա, բայց Ռուսաստանի պասիվությունը, ՀԱՊԿ-ի անտարբերությունը Հայաստանում լուրջ հիասթափություն ծնեցին թե՛ Ռուսաստանի հանդեպ, թե՛ ՀԱՊԿ-ի։ Սա չի նշանակում, թե մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից կամ մեր կապերը խզենք Ռուսաստանի հետ, բայց մենք պետք է տեսնենք, որ սկսվել է զուգահեռ մի գործընթաց, որը, այսպես թե այնպես, առաջ է տարվելու։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը կամ Ադրբեջանն իրենց բարոյական իրավունք կվերապահեն՝ Միացյալ Նահանգների՝ բանակցելու վերաբերյալ հրավերից հրաժարվել կամ այն մերժել։ Հիմա տեսնենք՝ այդ բանակցային կոնտակտները կվերածվե՞ն գործընթացի, թե՞ ոչ։ Տեսնենք, թե պաշտոնական Վաշինգտոնը կողմերին ինչպիսի աշխատանքային օրակարգ կառաջարկի, դրանից ելնելով էլ հնարավորություն կստանանք դատելու՝ արդյոք ամերիկյան մոտեցումնե՞րն են ավելի արդյունավետ, թե՞ ռուսական»։


Ըստ Մելիքյանի՝ Ռուսաստանն այսօր Ադրբեջանի վրա միայն ռազմական լծակներով կարող է հակազդել, այնինչ դրա ցանկությունը չունի, իսկ Միացյալ Նահանգները կարող է խնդիր լուծել նաեւ առանց ռազմական ուժին դիմելու։


Նա հավելեց, որ եթե ԱՄՆ-ն որոշի զենք մատակարարել Հայաստանին, ապա ո՛չ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության փաստը, ո՛չ էլ որեւէ մեկի դժգոհ ժպիտը ո՛չ մեզ, ո՛չ էլ ԱՄՆ-ին հետ չի կանգնեցնի»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր