Հրապարակվող ինֆորմացիան խանգարում է,թուրքերն արդարանում են՝ նույնիսկ Հայաստանում են ասում՝ ինչ լավ պայմաններում են պահվել գերիները, դուք ի՞նչ եք ուզում մեզանից

Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները հիմա ամեն ինչ անում են՝ այդ դատավարությունները որևէ կերպ օրինականացնելու համար, և այդ առումով մենք էլ պետք է զգույշ լինենք, որպեսզի հնարավորություն չտանք նրանց դա անելու:
«Ես անցած շաբաթ Ստրասբուրգում էի: Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինների հետ գերիների վերադարձի հետ կապված բավականին բարձրաստիճան քննարկումներ եղան այնտեղ: Հայաստանն ու Արցախը մարդասիրական հարցերը միշտ են կարևորել, բայց չպետք է թույլ տանք, որ միջազգային հանրության մոտ ձևավորվի մոտեցում, որ գործընթացը ընթանում է, և այն, որ այն մաս-մաս է ընթանում, խնդիր չէ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Վերջինս նշեց, որ ինքը միջազգային գործընկերներին էլ մշտապես ասում է, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը գերիների հետ կապված հարցերը կապի այլ հարցերի հետ, որովհետև նրանց վերադարձի հարցերը, եթե անգամ ամրագրված չլինեին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, միևնույն է, միջազգային իրավունքով լուծվող հարցեր էին. գերիները պետք է վերադարձվեին:
«Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր անգամ դատավարության մասնակից գերիների նկարների ցուցադրումը, հատկապես, որ իրենց ԶԼՄ-ներում վերնագրերը հատուկ են ընտրվում, լրացուցիչ ատելության ալիք են բորբոքում ադրբեջանական հասարակության մեջ»,- ասաց Արման Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ը պնդում է՝ մեր կառավարությունը չպետք է անտեսի գերիների հարցով միջազգային այլ կազմակերպությունների հետ աշխատանքը:
«Ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ու ՄԱԿ-ի բարձրագույն այլ մարմիններին նամակ է գրել և նորից էլի դատավարությունները փորձելու է օգտագործել՝ դրանք դարձնելով քաղաքական սակարկությունների առարկա»,- ասաց Պաշտպանը:
Արման Թաթոյանի կարծիքով՝ գերիների հետ կապված մեր գործողությունները չպետք է միայն լինեն այնպիսին, որ մեր տղաներին ինքնանպատակ վերադարձնենք ու դրանով ամեն բան ավարտենք, այլ պետք է ստեղծել ինստիտուցիոնալ այնպիսի հիմքեր, որոնք կանխարգելիչ լինեն հետագայի համար:
«Գերիների վերադարձի հետ կապված՝ մեր կառավարությունը նաև ներսում պետք է վարի համակարգված քաղաքականություն, որովհետև պետք է միշտ նկատի ունենանք, որ ադրբեջանական իշխանությունները շատ մանրամասն մոնիտորինգ են անում և մանրադիտակով ուշադրության ներքո են պահում այն, ինչ կատարվում է մեր հասարակությունում՝ բնականաբար, իրենց համար քաղելով առավելագույնը ու դրանք որպես ապացույց՝ օգտագործելով դրսում»,- ասաց Արման Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ը վստահ է՝ գերիների վերադարձի հետ կապված քաղաքականությունը պետք է լինի այն, որ ողջ ստացվող տեղեկատվությունը օգտագործենք՝ ի նպաստը բերելու մեր մյուս տղաների վերադարձին, այլ ոչ թե եկածներին ավելի խոցելի վիճակի մեջ դնելով:
«Լրացուցիչ հրապարակվող ավելորդ ինֆորմացիան խանգարում է: Օրինակ՝ անձնական տվյալների հրապարակումը: Իմ կարծիքով՝ նույնիսկ, եթե ընտանիքների համաձայնությունը կա, մեծ հարց է՝ արդյո՞ք մենք կարող ենք դրանք հրապարակել, թե՞ ոչ: Մենք նրանց դնում ենք խոցելի վիճակում, հետո՝ տարբեր հարցազրույցներ, ինֆորմացիայի հրապարակումներ… Մենք հասկանում ենք, չէ՞, ինչ պայմաններում են այնտեղ մեր գերիներին պահել, վերաբերմունքն ինչպիսին է եղել: Մենք արձանագրել ենք նաև հանրային գործիչների, պաշտոնյաների կողմից հայտարարություններ: Միգուցե չհասկանալով կամ լավ նպատակով, սակայն արդյունքում դրանք վատ ծառայություն են մատուցել: Ես ստացել եմ այնտեղից եկած մի քանի զեկույցներ, որտեղ ամբողջությամբ հերքվում են հայկական կողմի դիրքորոշումները, և ասում են՝ նույնիսկ Հայաստանում են ասում՝ ինչ լավ պայմաններում են պահվել գերիները, դուք ի՞նչ եք ուզում մեզանից»,- զգուշացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Ըստ նրա՝ պետք է ունենալ համակարգված պետական քաղաքականություն, որպեսզի ներքին հարցերը չխոչընդոտեն արտաքին աշխարհում մեր պայքարի հաղթանակին: