Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

27 սեպ 2022 15:16

Առանց կռվի պետք է թողնեինք ու դուրս գայինք,, ասացին՝ եթե դուրս չգաք, վատ կլինի, այդ հողերը հանձնվել են արդեն ինչ-որ փաստաթղթով

Լևոն Պետրոսյանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը. Ժամը 7։10 տղաները նախաճաշելու էին գնում, երբ թշնամին սկսեց ռզմբակոծել Մարտունու բնակելի թաղամասերն ու զորամասը։ Ճաշարանի փոխարեն թաքստոց մտնելը տևել է մի քանի րոպե։ Պատերազմ էր ու դիրքեր բարձրանալու հրաման էին ստացել նաև նորակոչիկները։

«Զենք-զինամթերք ստացանք ու բարձրացանք դիրքեր՝ առաջնագիծ։ Սկզբում շփոթված էինք, չէինք հասկանում՝ ինչ է կատարվում. մի քանի օր անց հարմարվեցինք, սովորական դարձավ էդ ամեն ինչը։ Զարմանալիորեն բոլորիս մոտ կար գիտակցում, որ կա՛մ առաջ պետք է գնանք, կա՛մ գոնե մեր տեղում մնանք։ Դուխներս տեղն էր, միմյանց էինք ոգևորում, Աստված էր ուժ տալիս»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է 44-օրյայի մասնակիցը։

Տղաները մինչև նոյեմբերի 3-ն իրենց դիրքում են եղել։ Այդ օրը երեկոյան, երբ Մարտունի 2-րդ զորամասն արդեն թշնամին վերցրել էր, նրանց տեղափոխել են Մարտունու շրջանի Կարմիր գյուղից վերև ընկած հատված։ Հինգ օր մարտ վարելուց հետո, երբ զինամթերքն ու սնունդը սպառվել էին, տղաներին հաջողվում է մի կերպ դուրս գալ շրջափակումից։

«Երբ Մարտունի 2-րդ զորամասը վերցրեցին, մեր առաջին դասակը տարան դեպի Գյադուկ կոչվող տեղամաս, որպեսզի կասեցնեն թշնամու առաջխաղացումը դեպի Մարտունի քաղաք։ 2-3 ժամ մարտ վարելուց հետո, երբ դասակի կեսն արդեն զոհվել էր՝ այդ թվում դասակի հրամանատարը, մեր դասակը ևս տարան այդ կողմ։ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը մոտ 80 հոգով գրոհեցին 19 հոգանոց մեր դասակի վրա։ Գրոհը հաջողությամբ հետ մղեցինք, բայց հաջորդ գրոհն արդեն՝ ամսի 7-ի լույս 8-ի գիշերը, ահավոր էր. քանի որ ամսի 5-ից շրջափակման մեջ էինք, և անգամ տեղյակ էլ չէինք, որ շրջափակման մեջ ենք, զինամթերքն ու սնունդը համարյա սպառվել էին։ Չեմ կարող բացատրել, թե ինչպես ստացվեց դուրս գալ շրջափակումից՝ այն էլ՝ առանց զոհերի։ Դա, ուղղակի անհնար էր թվում»,-պատմում է Լևոնը։

Նոյեմբերի 9-ին Լևոնն ու ջոկի մյուս տղաները նորից տեղափոխվել են Ակնայում գտնվող այն դիրքերը, որոնք պահել էին մինչև նոյեմբերի 3-ը։ Ջոկի հրամանատարը՝ կրտսեր սերժանտ Կամո Թադևոսյանը, ով Լևոնի պատմելով, այդ ամբողջ ընթացքում իրենց հետ՝ խրամատում է եղել, ամսի 9-ի առավոտյան արդեն այլ՝ ավելի վտանգավոր դիրք է բարձրացել։

Լևոնենց ջոկն Ակնայի դիրքերում մնացել է մինչև նոյեմբերի 19-ը։ Այդ օրը տղաներին ամենացավալի հարվածն էր սպասվում։ 44 օր այդ դիրքերը համառորեն պահելուց հետո առանց կռվի, առանց մեկ կրակոցի պետք է թողնեին ու դուրս գային. հրաման էր։ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով հայկական կողմը պարտավորվել էր թշնամուն հանձնել նաև Ակնան։

«Դա ամենացավալի օրն էր։ Առանց կռվի պետք է թողնեինք ուդ դուրս գայինք։ Չէինք ուզում դուրս գալ, բայց ասացին՝ եթե դուրս չգաք, վատ կլինի, այդ հողերը հանձնվել են արդեն ինչ-որ փաստաթղթով... Մենք մեր ձեռքով քանդեցինք մեր դիրքերն ու հետ եկանք մինչև Վազգենաշեն՝ փաստացի թշնամուն նվիրելով Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ձեռք բերված ու մինչև 2020թ. նոյեմբերի 9-ի պահած հողը...»,-ցավով պատմում է 44-օրյայի մասնակիցը։

Լևոնը շեշտում է՝ Արցախի ազատագրված տարածքների ամեն մի կտորը կարևոր էր Հայաստան-Արցախի համար ու եթե ճիշտ քաղաքականություն ու դիվանագիտություն վարվեր պատերազմին զուգահեռ, ապա այսօր սահմանը Ջերմուկի, Գորիսի ու Վարդենիսի մոտով չէր անցնի...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր